Աշխարհասփյուռ հայությունն ու առաջադեմ մարդկությունը վաղը ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 107-րդ տարելիցին ընդառաջ հիշատակի միջոցառումներ եւ գիտաժողովներ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Մարդկությունը չի կարող եւ իրավունք չունի մոռանալու կամ շրջելու Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը, որի հետեւանքով 1915-1923 թթ. սպանվեցին ավելի քան 1.5 միլիոն հայեր, հարյուր հազարավորները տեղահանվեցին, եւ արմատապես փոխվեց Արեւմտյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը։ Արմին Վեգների վկայությամբ՝ «հայերը մեռնում էին աշխարհում եղած բոլոր մահերով…»:
Հայ ազգին իր բնօրրանում բնաջնջելու թուրքական պետական քաղաքականությունը լայն իմաստով ներառում է 1894-1923 թթ., երբ տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել, այնուհետեւ շարունակաբար իրականացվել են ցեղասպանական գործողություններ, էթնիկ զտումներ, տեղահանություններ, գույքի եւ ունեցվածքի բռնազավթում եւ այլն։ 1915 թ. սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում այսպիսի հրաման էր տվել ոճրագործ Թալեաթ Փաշան. «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։ Իսկ սեպտեմբերի 29-ին Հալեպի վիլայեթ ուղարկած հեռագրերից մեկում էլ գրել է. «Թուրքիայում գտնվող բոլոր հայերին ջախջախելու եւ ոչնչացնելու պետական հրամանի մասին ավելի վաղ տեղեկացվել էր… Առանց կին, երեխա, հաշմանդամ հաշվի առնելու, ոչնչացնելու ընթացքն ինչքան էլ որ զարհուրելի լինի, առանց խղճի զգացման ոչնչացվելու են»։
Այս հեռագրերը ներառված են Դեյր էլ Զորի անապատում մահվան ճիրաններից փրկված գրող-հրապարակախոս Արամ Անտոնյանի (1887-1952) «Մեծ ոճիրը» փաստավավերագրական աշխատության մեջ։ Գրքում ամփոփված են Մեծ եղեռնի վերաբերյալ արժեքավոր վավերագրեր, վկայություններ, հրամանագրեր, ծածկագրեր, հեռագրեր, նամակներ ու գրություններ, որոնք լրացված են հեղինակի մեկնաբանություններով։ Այս փաստաթղթերը երիտթուրքական կառավարության նախապատրաստած եւ իրականացրած Հայոց ցեղասպանության ամենահամոզիչ վկայություններն են, որոնք օգտագործվել են ինչպես երիտթուրքերի (1919 թ.), այնպես էլ Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ։
Հայերին բնաջնջելու եւ Օսմանյան կայսրությունից վտարելու ծրագիրն այնքան կազմակերպված եւ համակարգված էր, որ այն «դասագրքային» դարձավ 20-րդ դարի այլ ցեղասպանական գործողությունների իրականացման համար։ Հայերիս նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ներառում էր բոլոր ուղղությունները՝ հայրենազրկում, մարդկանց բնաջնջում, մշակութային եւ տնտեսական ցեղասպանություն, բռնի կրոնափոխություն եւ այլն։ Եթե մարդկային կորուստների, մշակութային ցեղասպանության մասին ավելի հաճախ է հիշատակվում, ապա դեռեւս ամբողջական եւ լիարժեք գնատահական տրված չէ ցեղասպանության տարիներին մեր կրած նյութական կորուստներին։ Այդ մասին առաջին հիշատակումը հանդիպում ենք 1919 թ. Փարիզի Խաղաղության վեհաժողովին Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Արեւմտահայերի ազգային պատվիրակության ներկայացրած հուշագրում, որի համաձայն՝ 1915-1919 թթ. հայերի ունեցած նյութական կորուստները հաշվվում էր 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ, որից 14.598.460.000-ը բաժին էր ընկնում արեւմտահայությանը, իսկ 4.532.472.000-ը՝ Հայաստանի Հանրապետությանը: Պատմաբան Արմեն Մարուքյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հատուցման պահանջով առաջին անգամ միջազգային վեհաժողովին ներկայացված այդ փաստաթղթի նշանակությունը կարեւորելով հանդերձ պետք է նշել, որ դրանում նշված հաշվարկները որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով չեն կարող համարվել վերջնական եւ ենթակա են ճշգրտման: Միաժամանակ հավելենք, որ առանցքայինն այստեղ նյութական կորուստների արձանագրումն է, ինչը ցույց է տալիս, որ այսօրվա Թուրքիան շարունակում է օգտվել հայերից բռնագրաված հարստություններից։
Ոճրագործությունից անցել է ավելի քան հարյուր տարի, սակայն այն շարունակվում է՝ ստանալով նոր դրսեւորումներ։ Դրանք են՝ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափումը, կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները լռության մատնելու կամ արդարացնելու փորձերը։ Այս ամենը նույնպես հանցագործության շարունակությունն են, ինչպես նաեւ նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։ Որպես հետեւանք Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց Արցախում հայ ժողովուրդը բախվեց ցեղասպանական հերթական գործողության, այս անգամ Ադրբեջանի կողմից, որին ամեն կերպ աջակցում էր Թուրքիան։
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան, ով Հայոց ցեղասպանության կրթական ակտի համահեղինակ է, թվիթերյան իր միկրոբլոգում գրառում էր կատարել, նշելով, որ «թեեւ Հայոց ցեղասպանության սարսափները երբեք չեն կարող վերացվել, մենք կարող ենք ապահովել, որ ապագա սերունդները երբեք չմոռանան: Ես հպարտ եմ, որ միանում եմ իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության կրթական ակտի համահեղինակ»։ Անդրադառնալով նախագծին՝ կոնգրեսական Մալոնին ընդգծել է. «Եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական օրենքը՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ եւ արդյունավետ ուսուցանելու համար»: Կոնգրեսական Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է. «Մարդկային ցեղի մեր ամենամութ պահերը եկան այն ժամանակ, երբ նրանք, ովքեր լավագույնս տեղյակ էին եղելությունից, լուռ կանգնած էին՝ արդարացնելով իրենց պասիվությունը եւ թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի հուսանք, որ ապագայում դրանք կկանխենք: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկումն է, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության կրթական օրենքը»: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը տեղեկացրել է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձեւավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակը՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական եւ այլ կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աջակցում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության դասավանդման համար ֆինանսական հատկացման նախագծին։