«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի հյուրն է իրավապաշտպան, արդարադատության պաշտոնաթող նախարար Արտակ Զեյնալյանը
-Պարո՛ն Զեյնալյան, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների մասով իրավական դաշտում ո՞ր կետում ենք այս պահին։
-Սիրանուշ Սահակյանի հետ միասնական թիմով պատերազմի հենց սկզբից զբաղվել ենք Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Արձանագրվել են Ադրբեջանի գործակալների կողմից իրավունքի խախտումների բազմաթիվ դեպքեր՝ սեփականության, ազատ կամքի իրավունքի եւ այլն։ Պետք է ասեմ, որ մեր գործունեությունը բավականին դրական արգասիքներ ունի իրավունքների պաշտպանության ու կյանքերի փրկության տեսակետից։ Հետագայում, երբ այս գործերն ավարտվեն, կայացվեն դատական ակտեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, դրանք դառնալու են անվիճարկելի փաստեր։ Մեր ունեցած տվյալներով, բացի այդ 38 հոգին, որ այս պահի դրությամբ Ադրբեջանը ճանաչում է, որ իր իրավազորության ներքո են, մի քանի տասնյակ անձինք եւս ողջ վիճակում հայտնվել են ադրբեջանական տարածքում։ Սակայն նրանց գտնվելու վայրի վերաբերյալ Ադրբեջանը որեւէ ողջամիտ պատասխան չի տալիս, ինչն սպասելի էր։ Հիմա այս փուլում ենք. բազմաթիվ գործերով նամակագրության մեջ ենք Ադրբեջանի հետ` Եվրոպական դատարանի միջնորդավորվածությամբ։ Այլ կերպ ասած, մեզ համար պատերազմը շարունակվում է, որը սկսվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին եւ դեռ չի ավարտվել։
-Դուք նշեցիք, որ պատերազմն ակնհայտորեն դեռ չի ավարտվել. պայքարում եք իրավական դաշտում: Հաղթանակի համար ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ տեսլական ունեք:
-Մեր նպատակն է, որ միջազգային դատական ատյաններն արձանագրեն իրավունքի խախտման փաստերը, որոնք պատերազմի ընթացքում եւ դրանից հետո որոշ անձանց նկատմամբ տեղի են ունեցել: Արձանագրումների հանգուցալուծումը կլինի արդարացի փոխհատուցումը: Դա անմիջապես դատական ակտում արձանագրումն է դատարանի կողմից: Սակայն եւս մեկ անգամ պետք է հանրությանը ներկայացնեմ, թե ինչ է նշանակում Եվրոպական դատարանի վճիռը, որով ճանաչվում է անձի իրավունքի խախտման փաստը: Համաձայն այդ վճռի` պետությունը, որը պատասխանատու է տվյալ խախտման համար, պարտավոր է իրականացնել քննական վարույթ, բացահայտել մեղավորներին` անկախ նրանց զբաղեցրած պաշտոնների հնչեղություններից: Այդ գործընթացում պետք է ներգրավված լինի զոհը կամ նրա իրավահաջորդը` բոլոր իրավունքներով: Պետք է իրականացվի արդար դատաքննություն, որի արդյունքում պետք է նշանակվի համարժեք պատիժ:
Մեղավորը պետք է պատիժը կրի ամբողջությամբ:
Այս ողջ ընթացակարգում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի էությունից, նախադեպերից որեւէ մի դետալի շեղումը նշանակում է կրկնակի խախտում: Այնուհետեւ կրկին իրավունքի խախտման փաստի ճանաչում, արդարացի փոխհատուցում եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնում: Այսինքն` պետք է վերականգնվի իրավիճակը, որը կլիներ, եթե տեղի ունեցած չլիներ խախտումը:
Սա է Եվրոպական դատարանի վճռի նշանակությունը, եւ այս ամբողջ գործընթացը պետք է կառավարենք: Գիտակցում ենք, որ սա տեւելու է տարիներ, քանի որ պահանջում է ջանք, եռանդ, ճիշտ կազմակերպված աշխատանք, ստեղծագործ միտք ու հետեւողականություն:
2020 թ. հունվարի 30-ին մենք Ադրբեջանի դեմ գործ շահեցինք` Սարիբեկյանի ընտանիքի անդամների անունից: Մի փոքր ներկայացնեմ դրվագը. Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ հետախուզական դիվերսիոն մարմիններն առեւանգել էին Տավուշի մարզի բնակչին` Սարիբեկյանին, եւ տարել էին Ադրբեջան: Նրան հանրությանը ներկայացրել էին որպես դիվերսանտ, ով, իբրեւ թե, փորձում էր դիվերսիոն գործողություններ իրականացնել սահմանամերձ գյուղերից մեկում: Կարճ ժամանակ անց հայտարարեցին, որ նա ինքնասպանություն է գործել հենց իր բանտախցում:
Ահա՛, այս գործը շահեցինք Եվրոպական դատարանում:
2021 թ. նոյեմբերի 4-ին եւս երկու գործ շահեցինք. Կարեն Պետրոսյանի գործն էր, ով հայտնվել էր ադրբեջանցիների մոտ, որից հետո հայտնեցին, թե մահացել է սրտի անբավարարությունից։ Մյուսը Մամիկոն Խոջոյանի գործն էր, ով դարձյալ Տավուշի մարզից էր։ Մեր համոզմամբ նրան եւս առեւանգել էին Հայաստանի տարածքից, խոշտանգել էին ու տանջել։ Նա հայրենիք վերադարձվեց անգիտակից վիճակով եւ, ցավոք, այդպես էլ մահացավ։
Սրանք 2011-2012 թթ. գործեր են, եւ մենք նոր ենք շահել դրանք Եվրոպական դատարանում։ Ներկա փուլում դրանց կատարման վարույթն է ընթանում։
Ավարտված են նաեւ 2016 թ. քառօրյա պատերազմի զոհերի՝ գլխատվածների, խոշտանգվածների իրավունքի խախտումների գործերը։ Սպասում ենք դատական ակտերին։ Սրանք, ըստ էության, կարելի է ասել, որ մի ամբողջ կյանք ձգվող գործեր են լինելու։ Մենք պարտավոր ենք դրանք հասցնել ավարտին։
-ԱՄՆ օրենսդիր մարմինը վերջերս մոտ 200 հայ ռազմագերիների մասին արձանագրեց։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ, ի՞նչ կտա մեզ այդ արձանագրումը։
-Դրանք մեր կողմից տրամադրված նյութերն են եղել, որոնց հիման վրա արձանագրվել են իրավունքի խախտումները։ Մեր ձեռքի տակ կան բավարար ապացույցներ, որոնք թույլ են տալիս հանգելու այն ողջամիտ եզրակացության, որ այդ անձինք ողջ վիճակով հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների ներքո։ Այդ ապացույցների մեջ ներառված են տեսանյութեր, փաստարկված վկայություններ, եզրահանգումներ եւ այլ նյութեր։
-Պարո՛ն Զեյնալյան, իսկ հնարավո՞ր է, որ մեր ռազմագերիներն այնքան շատ լինեին, որ անգամ Ադրբեջանի իշխանություններն սկզբնական շրջանում չիմանային հստակ թիվ։
-Հնարավոր է, որ նրանք չիմանային ռազմագերիների հստակ թիվը, քանի որ իրենց անունից հանդես եկող գործակալները կամ պաշտոնական անձինք են զինվորներին գերեվարել կամ ձերբակալել։ Սակայն Ադրբեջանը պատասխանատու է յուրաքանչյուր գերիի համար, եւ պետք է տեղյակ լինեին, որ իրենց անունից հանդես եկող մարմինները գերիներ են վերցնում: Մենք ունենք փաստ, որ 6 ամիս անհետ կորածը պատահմամբ հայտնաբերվել է գերիների մեջ Կարմիր խաչի կողմից։ Մենք պնդում էինք, որ տվյալ մարդը գերի է, սակայն Ադրբեջանը չէր ընդունում։ Եղել են դեպքեր, որ տեսանյութերի առկայության պայմաններում, որտեղ գերեվարվածները տեսախցիկի առջեւ ներկայանում են, ամիսներ շարունակ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել այդ գերիների այնտեղ լինելու հանգամանքը։ Որքան էլ որ ցավալի է եւ տառապանք է պատճառում դա, հույս ունենք, որ կբացահայտվեն Ադրբեջանի ազատազրկման վայրերում պահվող հայ ռազմագերիներ։ Քիչ հավանական է, բայց հուսանք։
-Դուք խոսեցիք պատերազմի զոհերի իրավունքների խախտումների մասին, իսկ ռազմագերիների մասով ի՞նչ գործունեություն եք իրականացնում, որպեսզի Ձեր նշած փաստարկները հասանելի լինեն միջազգային հանրությանը, եւ արդար վճիռ կայացվի Եվրոպական դատարանի կողմից։
-Այս պարագայում երբ օգտագործում ենք «զոհ» տերմինը, նկատի ունենք իրավունքի խախտման զոհ՝ անկախ նրանից, թե այդ իրավունքը ինչ ձեւով է խախտվել։ Իրավունքի խախտման զոհ են նաեւ նրանք, որոնք գերության մեջ են։ Եվրոպական դատարանում ու միջազգային ատյաններում մենք զբաղվում ենք զոհվածների, գերիների, անհետ կորածների կամ բռնի անհետացածների, սեփականության կամ կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհերի, խոշտանգվածների, այսինքն՝ բոլորի իրավունքների պաշտպանությամբ։
Ներկայիս դրությամբ Եվրոպական դատարանի միջոցով Ադրբեջանից պահանջում ենք, որ այդ անձանց ազատ արձակի եւ վերադարձնի հայրենիք։ Այդ պահանջն առարկայական է ու արդար։ Դա պարտավոր է իրականացնել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
-Համաձայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ երկուստեք պետք է ազատ արձակվեին անխտիր բոլոր գերիները։ Մեր կողմից դա արվեց, Ադրբեջանի կողմից՝ ոչ։ Ստացվում է, որ հեղինակազրկվեց երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունների կշիռը՝ դրված այդ փաստաթղթի տակ։ Մենք արդյոք պե՞տք է ազատ արձակեինք մեզ մոտ պահվող գերիներին, քանի դեռ նրանք չէին ազատել։ Սրանից բխող երկրորդ հարցը նաեւ հնչեցնեմ՝ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ադրբեջանական կողմը ձգտում էր որքան հնարավոր է շատ ռազմագերի վերցնել։ Մեր կողմից նույնը չարվեց անգամ այն պահին, երբ դրա հնարավորությունը կար։ Արդյոք դա ճի՞շտ մոտեցում էր։
-Ես կարող եմ իրավական պատասխան տալ այս հարցին։ Ռազմագերիներին վերադարձնելը միայն եռակողմ համաձայնության դրույթ չէ։ Դա նաեւ Ժնեւի կոնվենցիայով ստանձնած պարտավորություն է միջազգային հանրության առջեւ։ Հայաստանը կատարել է իր ստանձնած պարտականությունները։ Մարդկությունն այս իրավակարգավորումներին հասնելու դիմաց շատ թանկ է վճարել, օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմը` զոհերով հանդերձ: Զինվորը չպետք է ունենա ատելություն: Ուստի, գերեվարված զինվորի հանդեպ չպետք է սերմանվի ատելություն: Զինվորն ընդամենն իր առաջադրանքն է կատարում: Ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ մնացած գերիները պետք է վերադարձվեն իրենց հայրենիք: Չպետք է լինեն համակենտրոնացման ճամբարներ, գերիների համար նախատեսված բանտեր եւ այլն:
Հայաստանը կատարել է իր պարտականությունները մարդկության առջեւ: Ադրբեջանն էլ է պարտավոր դրանք կատարել, առավել եւս, որ Եվրոպական դատարանն իր որոշումներում հղում է կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Իրավաբանական լեզվից թարգմանաբար սա նշանակում է` կատարե΄ք հայտարարության այդ կետը եւ բոլոր գերիներին անխտիր վերադարձրե΄ք հայրենիք:
-Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը չի էլ պատրաստվում Եվրոպական դատարանի որեւէ վճիռ կատարել կամ իր ստանձնած պարտավորություններն իրականացնել: Ավելին, անգամ հայտարարում է, որ Արցախի հարցն իր համար այլեւս լուծված է, ցանկանում է չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այս ամենից դուրս գալու ելքը ո՞րն է:
-Ես արդեն պետք է դուրս գամ իրավապաշտպանի դերից եւ այլ տեսանկյունից խոսեմ: Մարդը, ինչպես եւ ցանկացած կենդանի արարած, ունի ինքնապաշտպանվելու բնական իրավունք: Հայաստանը` որպես պետական միավոր, պետք է օգտվի ինքնապաշտպանվելու իրավունքից: Եթե չկան իրավական պաշտպանության միջոցներ, պետությունը կամ անձն իրավունք ունի դիմելու արդեն ֆիզիկական ինքնապաշտպանության: Այս հարաբերություններում իրավական արդարացի պահանջները պետք է ապահովված լինեն այլ ռեսուրսներով: Սա լեգիտիմ է: Հայաստանն այդ առումով պետք է ներկայացնի տնտեսական հետաքրքրություն, որ այլ երկրները շահ ունենան Հայաստանից: Այդ շահը պետք է ապահովված լինի հարստությամբ, նյութական հնարավորություններով ու ռեսուրսներով: Դրանց մեջ ներառված են նաեւ տեխնոլոգիական, ռազմական ռեսուրսները, կառավարչական հմտությունները եւ այլն:
-Պարո՛ն Զեյնալյան, մեր օրենսդրական դաշտում կա՞ իրավական որեւէ բացթողում, կամ անելիքներ ունե՞նք, որ հետագայում շատ ավելի դյուրին լինի նման հարցերի կարգավորումը թե΄ միջազգային ատյաններում, թե΄ երկրի ներսում:
-Իհարկե, հնարավոր չէ հասնել լիարժեք բավարարվածության: Ցանկացած պարագայում ինչի էլ, որ հասնում ես, միշտ ավելի հեռուն ես տեսնում: Գիտակցում ես, որ ավելին կարող ես անել: Պետությունը պետք է օրենսդրական դաշտում ռեսուրսներ ներդնի, ավելի կազմակերպված գործի: Ցանկալի է` փորձաքննություններ իրականացվեն, ինչի համար եւ΄ մարդկային, եւ΄ տեխնիկական ռեսուրսներ են անհրաժեշտ: Այս ամենին զուգահեռ` նաեւ դիվանագիտական ջանքեր պետք է գործադրվեն: Բավական մեծ աջակցության կարիք կա: 2020 թ. ունենք արդեն ընդունված վճիռ, որից հետո կայացվել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը: Դրանով ստանձնած պարտավորություններն ու քայլերն Ադրբեջանը չի կատարում: Չի փոխանցել անգամ արդարացի հատուցման գումարը: Այնինչ, պետք է նաեւ ներկայացվի գործողությունների պլան, հարուցվի քրեական գործ, եւ, ի վերջո, պետք է կատարվեն այդ վճիռները: Այստեղ շատ մեծ անելիք ունի Հայաստանի դիվանագիտությունը:
-Շատ լավ: Իսկ միջազգային օրենսդրության շրջանակներում կա՞ն վճիռը պարտադրելու լծակներ:
-Եվրոպական դատարանը, գուցե, ամենահեղինակավոր ու ամենաարդյունավետ միջազգային ատյանն է: Պատճառն այն է, որ դատարանի վճիռները կատարվում են: Կատարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) արտաքին գործերի նախարարների կոմիտեի կողմից: Գործերը քննվում են կոմիտեի կողմից, մշակվել են ու կատարելագործվել վերահսկման մեխանիզմները, եւ ցանկացած պահի կոմիտեն կարող է դիմել ԵԽ-ին, որպ կրկին քննվի գործն այդ իրողությունների, այդ պահի դրությամբ: Դրա արդյունքում կրկին արձանագրվում է տվյալ խախտումը: Նկարագրածս մեխանիզմը մի անգամ կիրառվել է Ադրբեջանի նկատմամբ, որից հետո անմիջապես կատարել է Եվրոպական դատարանի վճիռը: Արտաքին գործերի նախարարությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունն այս ուղղությամբ լրջագույն անելիքներ ունեն: Իհարկե, մենք էլ` որպես իրավապաշտպաններ, բավական շատ անելիքներ ունենք եւ անում ենք, բայց անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, եթե պետությունը լրացուցիչ ջանքեր գործադրի ու աջակցի մեզ:
-Դուք նշեցիք դիվանագիտության դերն ու այլ պետական կառույցների մասնակցության անհրաժեշտությունն այս գործում: Իսկ արդյոք կա՞ սերտ համագործակցություն պետական մարմինների ու ձեր` իրավապաշտպանների միջեւ:
-Ինչ-որ կետում մեր շահերը տարբերվում են պետական շահերից զոհերի իրավունքների պաշտպանության գործում: Դրա պատճառն այն է, որ պետությունը չէ, որ գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարանում ընդդեմ Ադրբեջանի: Պետությունը պարտավոր է աջակցել այն հարցերում, որոնք վերաբերում են մեր վստահորդների իրավունքների պաշտպանությանը: Սակայն այդ ներդաշնակությունը երբեմն դժվար է պահել: