Եթե դատենք արտակարգ իրավիճակների հանրագիտարանային տվյալներից, ապա սողանքը, ոչ մասնագիտական լեզվով ասած, ըստ էության բնության պատիժն է մարդուն այն բանի համար, որ վերջինս մի ժամանակ իր լեզուն չի հասկացել ու վատ է վարվել իր հետ: Սողանքի առաջացման պատճառներն են ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։
Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժի hետեւանքով Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները։
Այս աղետը մեր երկրին մշտապես է պատուհասել: Եթե ասենք, որ ունենք ավելի քան 3 հազար օջախ, որն ընդգրկում է 65 հազ. հա տարածք, ապա պատկերն ավելի ակնհայտ կդառնա: Զուր չէ, որ սողանքները նաեւ լոկալ երկրաշարժեր են համարվում: Բայց, ի տարբերություն երկրաշարժերի, սողանքը կանխատեսել կարելի է:
Ավելին՝ կանխել կարելի է: Ցավալին այն է, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ Սա, ի դեպ, ժամանակին պնդել են մասնագետները: Հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ, շենք ու շինություն։ Հողի լեզուն չհասկանալով՝ նրա թուլացած ու սորուն «մարմնին» շարունակում ենք նոր «վերքեր» հասցնել՝ զրկելով հողը հավասարակշռությունից։ Մինչդեռ հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ փախչում։ Սա է սողանքի իրական նկարագրությունը։ Փաստենք. երբ պետությունը գումարներ չի գտնում աղետը կանխարգելելու, հետո շատ ավելի մեծ գումար է ստիպված լինում հատկացնել այդ աղետի հետեւանքները՝ այն էլ մասամբ, վերացնելու համար:
2005 թ. մի հաշվետվություն էր կազմվել՝ «Սողանքներ Հայաստանում», որտեղ նշվում էր, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009 թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքների» հաշվետվության մեջ ՀՀ տարածքում փաստագրվել էր 387 սողանք, եւ կազմվել էին նշված սողանքների ամփոփագրային (կադաստրային) տվյալները:
Սողանքների հասցրած սոցիալ-տնտեսական վնասների մասին խոսելիս դարձյալ տվյալներ մեջբերենք հիշյալ հաշվետվությունից։ Սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 122 հազար քառ. կմ, սողանքային երեւույթներ են գրանցվել 233 համայնքներում, 280 սողանքային երեւույթների հետեւանքով, ընդհանուր առմամբ, վնասվել են 240 կմ երկարությամբ ճանապարհներ, 10 սողանքների հետեւանքով վնասվել է մոտավորապես 5 կմ երկարությամբ երկաթգիծ, ըստ սողանքային տեղամասերի ուսումնասիրությունների արդյունքներում ստացված տվյալների՝ սողանքային երեւույթներից ուղղակի վնասը կազմել է մոտ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը՝ շուրջ 54 մլն դոլար:
Միայն 2003 թ. ՀՀ տարածքում գրանցվել է 18 սողանքային մարմինների ակտիվացում: Համաշխարհային բանկի «Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույցում Հայաստանը դասվել է բազմաթիվ աղետների ենթակա առաջին 60 երկրների շարքին։ Սողանքային երեւույթներից մեր երկրի սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի 2004 թ. գույքագրման տվյալների, 43 մլն դոլար է կազմել։ Ժամանակին Հայաստան Ճապոնիայից մասնագետներ էին եկել՝ սողանքներն ուսումնասիրելու։ Նրանք ասել էին, որ մեր երկրում սողանքների առաջացման պատճառ է նաեւ անտառահատումների մեծ ծավալը։ Հիշենք էներգետիկ ճգնաժամի տարիները, բայց եւ հավելենք, որ դրանից հետո էլ կանգ չառանք։ Արտերկրի մասնագետները մարդու ներգործության այլ օրինակներ էլ էին բերել։ Տասնամյակներ առաջ հսկայական գումարներ են ծախսվել Հայաստանի սողանքավտանգ տարածքներն ուսումնասիրելու համար, սակայն արդեն համարյա պատրաստի լուծումները երբեւէ համալիր կիրառում չեն գտել։ Հետանկախական շրջանում երկար ժամանակ միջոցներ չենք տրամադրել այս ոլորտին։ Այո, օբյեկտիվ պատճառ կար՝ ի վիճակի չենք եղել։ Բայց դա հետո ավելի թանկ արժեցավ. մարդկանց տեղափոխեցին, գյուղի մի մասի դատարկվելու օրինակ է եղել նույնիսկ։
Լավ, ի վերջո, ո՞րն է լուծումը, ինչպե՞ս կառավարել սողանքի խնդիրը։ Մասնագետները տարբեր լուծումներ էին առաջարկում, բայց համակարծիք էին մի հարցում. մեր երկրի բոլոր սողանքների համար ընդհանուր «դեղատոմս» հնարավոր չէ առաջարկել, յուրաքանչյուրն առանձին պետք է դիտարկվի:
Ժամանակին հայ գիտնականները սողանքային խնդրի լուծման արդյունավետ ձեւեր տվել էին։ Մեր խոշոր սողանքներից մեկը՝ Դիլիջանի սողանքը, 1990-ականների դրությամբ ամբողջ Խորհրդային Միությունում ամենաուսումնասիրվածն էր։ Ավելին` մեր ուսումնասիրությունների մեթոդը, ծրագրերն ընդունվեցին ԽՍՀՄ կառավարությունում որպես օրինակ բարդ տարածքներում ուսումնասիրություններ կազմակերպելու համար։ Տեխնիկայի, գործիքների տեսակետից շատ էինք հետ մնացել, բայց փոխարենը մեր մտավոր ներուժն էր այդ տարիներին հզոր: Անկախացած Հայաստանում արդեն մերոնք հայտնաբերեցին պոլիմերային-հանքային մի բաղադրանյութ, որին «Հույսիտ» անունը տվեցին։ Գիտնականները պնդում էին, որ եթե դա կիրառվի, ապա առնվազն 25 տոկոսով կմեծանա գյուղատնտեսական մշակաբույսերի (բանջարանոցային, պտղատու՝ շուրջ 30 տեսակի) բերքատվությունը, տնկիների կպչողականությունը կհասնի 95 տոկոսի։ Այս բաղադրանյութի որոշ տեսակներ անհրաժեշտ էին ոչ միայն սողանքների, այլեւ տարատեսակ փլուզումների, ջրողողումների եւ այլ՝ այդ բնույթի երեւույթների դեմ պայքարելիս, ինչպես նաեւ ջրապահպան պատնեշներ կառուցելու ժամանակ։ Առաջարկվող բաղադրանյութը, ջրամբարներում, ջրահավաքներում, ջրատարներում եւ ջրատեխնիկական այլ կառույցներում տարածված ջրակորուստն էապես կանխելուց զատ, մեծապես կիրառելի է ստորգետնյա ավտոճանապարհներում, ջրատարներում ջրաթափանցման վտանգավոր երեւույթների դեմ։ Դրանով, սակայն, մեր պետությունը չհետաքրքրվեց… Փոխարենը դիմեցինք կրկին սողանքի դեմ պայքարի՝ բնակիչների տեղահանման եղանակը։ Ինչը մեզնից ոչ միայն բյուջեից միջոցներ խլեց (Ողջաբերդի օրինակը), այլեւ սողանքը տարածվեց՝ ներառելով նորանոր տարածքներ:
Դեռ 2010 թ. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված՝ քաղաքաշինության նախարարության ծրագրում ասված էր, որ «վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներից իրենց տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք անընդհատ զարգացող եւ «իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր» են: Փաստաթղթում ընդգծվում էր, որ «հանրապետությունում սողանքային աղետի դեմ համակարգված, հետեւողական քաղաքականության եւ համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել է մեծ տարածում ունեցող սողանքային պրոցեսների ակտիվացմանը, դրանց մեջ նորանոր տարածքների ընդգրկմանը եւ սպառնում է ազգային անվտանգությանը»: Ասվում էր նաեւ, որ «սողանքային աղետի դեմ պայքարը, որպես քաղաքաշինական անվտանգության ռազմավարական ուղղություն, անհրաժեշտ է մշտապես ընդգրկել պետական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում եւ համակարգված մոտեցմամբ հետեւողական լուծումներ տալով` աստիճանաբար կանխել վտանգներն ու նվազեցնել ռիսկերը, մշտական հսկողություն իրականացնելով` ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ժամանակին արձագանքել եւ հակազդել սպասվող վտանգներին»:
Կարեւորվեցին կանխարգելիչ (պասիվ) միջոցառումները։ Դրանց նպատակն էր սահմանափակել սողանք առաջացնող պատճառները, բացառել մթնոլորտային եւ վերգետնյա ջրերի մուտքը, տարածքում ծանր ու արագընթաց տրանսպորտի երթեւեկությունը: Ակտիվ միջոցառումները, որ ավելի աշխատատար են, ավելի որոշակի են նաեւ. օրինակ՝ հեռացնել ստորերկրյա ջրերը ցամաքուրդային համակարգերով: Պետք է հենապատ կառուցել, բայց այդ հենապատի հիմքը պետք է իջեցնել սահքի մակերեսից ավելի խորը, իսկ պատի մեջ թողնել ցամաքուրդային անցքեր: Կամ՝ կարելի է նաեւ սողանքների ապարների ամրությունը, ավելի ստույգ՝ դիմադրողականությունը բարձրացնել ու դրա համար գործածել կապակցող նյութեր։ Այս մեթոդներն այսօր էլ կան։ Աշխարհում պայքարի այլ եղանակներ էլ են կիրառում։ ԱՄՆ-ը, օրինակ, կիրառում է բնակավայրը տարաբնակեցնելու ձեւը։ Շռայլություն, որ մենք մեզ թույլ տալ չենք կարող. նախ՝ ԱՄՆ-ի պես տարածք չունենք եւ հետո՝ մեր յուրաքանչյուր բնակավայր պետության համար ռազմավարական նշանակություն ունի, մանավանդ, եթե սահմանամերձ է։ Ուստի՝ եթե ընտրենք թանկ եղանակը՝ սողանքի դեմ պայքարը, մենք կշահենք վերջնահաշվարկում՝ եւ խնդիրը լուծած կլինենք, եւ չենք տարհանի բնակիչներին, եւ միջոցներն իզուր չենք վատնի։ Միջոցների սղությունը պատճառ չէ։ Որովհետեւ երբ պետությունը նպատակ է իր առջեւ դնում, այդ սղությունը պայմանական է դառնում։