«ՀՀ»-ն օրերս տեղեկացրել էր, որ չնայած այս գարնան տեղումնառատությանը, ջրամբարները ամբողջությամբ լցված չեն, եւ դարձյալ մնում ենք Սեւանի հույսին, որ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկել է կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սեւանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը եւ համաձայնություն տվել լճից մինչեւ 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին, ինչն էլ հաստատվեց։
Հնարավո՞ր է, որ այս տարի էլ ծաղկման վտանգ լինի։ Մենք ամեն տարի «ծաղկման» փաստն արձանագրում ենք ու անցնում առաջ՝ մոռանալով, որ յուրաքանչյուր տարվա ծաղկում հաջորդ տարվա՝ է՛լ ավելի մեծ ծավալներով ծաղկման վտանգ է ստեղծում։
2019 թ. Սեւանա լճում Անաբենա (լատ.՝ anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ էր արձանագրվել։ Այս ջրիմուռները 2019 թ. չէ, որ լճում «ծնվել» էին: Դրանք առաջին անգամ նկատվել էին նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել էր 1964 թ. եւ տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաեւ այլ տարիների։ Լայնածավալ ծաղկում էր դիտարկվել 2018 թ.։ Ի՞նչ տեսակի ջրիմուռներ են սրանք, որ վտանգում են Սեւանա լիճը։ Համացանցային՝ մասնագիտական հարթակի տեղեկությունները հուշում են՝ այս ջրիմուռները տարածված են ամենուրեք։ Բնակվում են քաղցրահամ եւ աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Մարմինը թելանման է, ուղիղ կամ ոլորված։ Ազատ լողում է ջրում։ Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» եւ արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների ու ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը։ Հայտնի է 100, եւ միայն ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Հայաստանի բնաշխարհի հանրագիտարանային տվյալների համաձայն՝ այս ջրիմուռներին երբեմն անվանում են նաեւ ցիանոբակտերիաներ։ Սրանից հայտնի է մոտ 2000, ՀՀ-ում՝ 160 տեսակ։ Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ եւ այլն). երեւույթն անվանում են ջրի «ծաղկում»։ Որոշ տեսակներ ուտելի են, որոշները՝ անասնակեր, պարարտանյութ, դեղահումք եւ այլն։ Բայց, ինչպես ասացինք, Սեւանա լճում ջրի «ծաղկում» են առաջացնում անաբենա ցեղի տեսակները։
Վերջին տարիներին հաճախ է քննարկվում այն հարցը, թե արդյոք սրանք թունավո՞ր են, իմա՝ այն տեսակը, որ մեր լճում է։ Ուշագրավն այն է, որ, մասնագիտական տեղեկատվության համաձայն, դրանք եւ թունավոր են, եւ ոչ։ Մասնագիտական տեսակետից մեկ այլ հարցի էլ պետք է անդրադառնանք, այն է՝ երբ լճի կապտականաչ գույնն անցնում է, արդյոք դա ենթադրում է, որ ջրիմուռները մահացե՞լ են։ Մասնագիտական տեղեկատվությունը դարձյալ հուշում է՝ ջրիմուռները մահանում են, բայց չեն վերանում, իջնում են լճի հատակը՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութ: Սա նշանակում է՝ ինչքան տվյալ տարում այս նյութը շատ լինի, այնքան հաջորդ տարում ծաղկման համար ավելի շատ բարենպաստ պայմաններ կստեղծվեն։ Ինչ ասել է «բարենպաստ պայման»։ Դա կլիմայական տաքացումն է, լճի մակարդակի նվազումը, լիճ կենսածին տարրերի մուտքը, ձկնաշխարհի չավելացող պաշարը։ Այսինքն՝ այս պայմանների պարագայում Սեւանն ավելի շատ կծաղկի։ Պայմաններից երկուսը առնվազն ունենք՝ եւ՛ մակարդակն է նվազել, ե՛ւ այդպես էլ ձկնաշխարհի ռազմավարական պաշարի խնդիրը լուծել չենք կարողանում։
Մեկ այլ հարց էլ կա. արդյոք վտանգավոր չէ՞ Սեւանի ձուկը, որով սնվում ենք։ Պարզվում է՝ մեր ձուկը այդ ջրիմուռներով չի սնվում, բայց… կա՛ այդ բայցը։ Ձուկը սնվում է այն կերով, որը սնվում է այդ օրգանական նյութով։ Տարիներ առաջ, երբ զբաղվում էի այս թեմայով, ռուսաստանյան մասնագիտական ամենատարբեր կայքերի հարցումներ ուղարկեցի։ Պատասխանների համաձայն՝ այդ կապտականաչ ջրիմուռ ասվածն իրականում ջրիմուռներ էլ չեն, բակտերիաներ են: Լինում են տոքսիկ ու ոչ տոքսիկ: Այդ նույն ջրիմուռ ասվածը որոշ պայմաններում կարող է տոքսիկ նյութեր արտադրել, որոշ պայմաններում՝ ոչ: Իսկ ջրիմուռներ ենք ասում, որովհետեւ այդ բակտերիաները կպնում են իրար, կալոնաներ են առաջացնում, ջրիմուռի նման են։ Այս ջրիմուռից ազատվելու տարբեր եղանակներ կան՝ որոշակի խնդիրներով պայմանավորված։ Բայց ընդհանուր ամբողջական շղթան պետք է աշխատի՝ ջրի մակարդակի բարձրացում, ջրի որակի լավացում, կեղտաջրերի մուտքի անթույլատրելիություն, լճի մոնիթորինգի համակարգի վերազինում եւ կարողությունների բարելավում, լճի էկոհամակարգի վերականգնմանը միտված միջոցառումներ, լճի անմիջական ազդեցության գոտում գտնվող ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների ծրագրային փաթեթների մշակում եւ այլն։
Եթե հակիրճ, ապա՝ լիճը բնատարածքային մի ամբողջական համալիր է, որի խնդիրներին էլ պետք է համալիր լուծում տրվի։ Զուր չէ, որ Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության տարածք է («Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիա): Եթե այս լուծումը չտանք, ամեն տարի շարունակելու ենք լճի հետ կապված բացասական ցուցանիշներ արձանագրել։ Ի վերջո պետք է փոխենք Սեւանի հանդեպ մեր վերաբերմունքը՝ լճին իբրեւ զուտ ոռոգման ջրի ավազանի վերաբերվելով։ Այն խմելու ջրի շտեմարան է եւ մեր կյանքի աղբյուրը։