Աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթության խաչմերուկներում գտնվող Հայաստանի համար միշտ էլ կենսական կարեւորության հարց է եղել հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելը: Պատմությունը փաստում է, որ առարկայական կամ ենթակայական պատճառներով արտաքին հավասարակշռված գործողությունների խախտումների ժամանակահատվածներում մեր հազարամյա պատմության էջերը հագեցել են ճակատագրական իրադարձություններով: Այսօր էլ ուկրաինական ճգնաժամի ֆոնին միջազգային գերլարված իրավիճակում շատ կարեւոր է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի ազդեցության համադրումն այնպես, որ առջին հերթին ՀՀ պետական շահերը չտուժեն, եւ հնարավորության դեպքում էլ շահեկան արդյունքներ գրանցենք:
Վերոշարադրյալի կարեւորությունը թելադրված է առաջին հերթին նրանով, որ խոսքն այստեղ ոչ միայն ՀՀ պետական շահերի, այլեւ Արցախի Հանրապետության կենսական խնդիրների մասին է: Հայաստանի Հանրապետությունը տարածքային կամ տարածաշրջանային գերակայության հավակնություններ չունի, ընդամենն իր պատմական բնօրրանում սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրների լուծման քաղաքականություն է վարում: Վերջինը Անդրկովկասում իրավիճակի կարգավորման բանալին է, ինչի հետեւանքով էլ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ Արցախը հայտնվել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության եւ գործողությունների դաշտում: Այս իրավիճակը դիդակտիկ կերպով ցույց է տալիս հունիսին Հայաստան այցելած կազմակերպությունների եւ պաշտոնական անձանց ցուցակը:
Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում են ՀԱՊԿ ներքո գործող կառույցների ներկայացուցիչները, որոնք իրականացնում են աշխատանքային համաժողովներ: Հունիսի 8-ին նրանց միացավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա այցին զուգահեռ, հունիսի 8-9-ը Երեւանում էր ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Կառա ՄաքԴոնալդը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ պաշտոնատար անձանց եւ ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ, իակ հունիսի 16-17-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։
Վերոնշյալ բոլոր այցերը հարավկովկասյան կայունության հաստատման շրջանակներում են: Լավրով-Միրզոյան երկկողմ քննարկումից հետո տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, Արցախի Հանրապետության հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման բանաձեւը, որն համընկնում է միջազգային կառույցների եւ հակամարտության կարգավորման մեջ ընդգրկված բոլոր դերակատար երկրների կարծիքի հետ, ըստ որի՝ առաջնայինն Արցախի ժողովրդի անվտանգությունն է, նրա բոլոր իրավունքների ապահովումը եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերջնական որոշումը։
Դրա համատեքստում հայկական կողմը վերահաստատել է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ընդունված ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի վերջնական կարգավորման գործընթացին իր պատրաստակամության մասին: «Եվ մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձեւաչափի գործունեությունը։ Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարները իրենց վերջին համատեղ հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի ու փորձի կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համաձայն»,- ասել է Միրզոյանը։
Ըստ էության, Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում են նաեւ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի եւ ԵԽ նախագահի պաշտոնական այցերը Հայաստան, իսկ դրանց ժամանակ քննարկվելիք հիմնական հարցը կրկին պետք է լինի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատումը, որն անհնար է առանց Արցախի հիմնահարցի լուծման: Միջազգային պրակտիկայում դարերով ձեւավորված իրավանորմատիվային փորձը եւ նրանց դիրքորոշումը միանշանակ այն է, որ տարածաշրջանում հնարավոր չէ կայունություն եւ համագործակցություն, եթե այնտեղի բնիկ ժողովուրդների իրավունքները չեն հարգվում:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արդյունավետության գրավականն էլ ուկրաինական հակամարտութան ֆոնին արդեն՝ իրար հետ ոչ նույն աշխարհաքաղաքական վեկտորներում գտնվող պետությունների հետ վարվող քաղաքականության հավասարակշռմամբ տարածաշրջանում հայկական պետությունների քաղաքացիների իրավունքների գերակայության ճանաչմանը հասնելն է: