Այսօր գյուղոլորտում ունենք եւ դեռ կունենանք խնդիրներ, որոնք նաեւ պայմանավորված են պարարտանյութերի գների բարձրացմամբ։ Ընդհանրապես՝ պարարտանյութերը լինում են հանքային եւ օրգանական։ Մենք համեմատաբար շատ օգտվում ենք առաջինից (ազոտական, ֆոսֆորական, կալիումական բարդ եւ համակցված), որ ստացվում է գործարաններում՝ հումքի վերամշակման միջոցով։ Երկրորդ խմբից էլ ենք օգտվում (գոմաղբ, թռչնաղբ), բայց մասամբ՝ այդ պարարտանյութն ունեցող տնտեսությունների կողմից։
Ըստ մասնագիտական հարթակների տեղեկությունների՝ օրգանական պարարտանյութերը բուսական եւ կենդանական ծագում ունեցող նյութերն են։ Օրգանական պարարտանյութերը բազմակողմանի ներգործող պարարտանյութեր են, քանի որ դրանց հետ հող են մտնում բույսին անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր եւ հողի հատկությունները բարելավող օրգանական նյութեր: Այս պարարտանյութերը բարելավում են հողի թե՛ քիմիական եւ թե՛ ֆիզիկական հատկությունները։ Կավային հողերը դառնում են փխրուն, իսկ կավաավազային հողերը՝ ավելի կապակցված, ջրի եւ օդի թափանցելիությունը հողում բարձրանում է։ Գոմաղբը, գոմաղբահեղուկը, տորֆը, թռչնաղբը, կոմպոստները, կանաչ պարարտացումը, բակտերիալ պարարտանյութերը, կենսահումուսն օրգանական պարարտանյութերից են։ Որոշ երկրներում թռչնաղբ ասելով նկատի ունեն ծովային թռչունների կղանքը, որոշներում՝ չղջիկներինը, մեր պարագայում խոսքը հավի թռչնաղբի մասին է: Իմա՝ ով ինչ ունի։
Ժամանակին երբ այս թեմայով ուսումնասիրություններ էի անում, պարզ դարձավ մի բան՝ մենք թռչնաղբ ունենք, ճիշտ է՝ գործածման հետ կապված մոտեցումները տարբեր են, սակայն նպատակահարմարության անհրաժեշտությունը ոչ ոք չէր ժխտում: Մասնագիտական ձեւակերպմամբ՝ թռչնաղբը, այո, բարձրարժեք արագ ներգործող եւ լավ լուծվող օրգանական պարարտանյութ է, այստեղ սննդատարրերի պարունակությունն ավելի շատ Է, քան գոմաղբի մեջ: Թռչնաղբը պարունակում է ազոտ, ֆոսֆոր եւ կալիում: Թռչնաղբը լավ է, սակայն, օգտագործել բույսերի լրացուցիչ սնուցման համար, չոր վիճակում (30-50 գր` 1 քմ համար) կամ հեղուկ վիճակում նոսրացրած (1:10 հարաբերակցությամբ):
Կենսաբան Սերգեյ Ավագյանը, ով, ի դեպ, տասնյակ աշխատություններ ունի գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող եւ նաեւ մեծ ներդրում խորհրդային Հայաստանի թռչնաբուծական տնտեսությունների կայացման գործում, նշում է, որ քիմիական պարարտանյութով սնված բույսը շատ կամ քիչ չափով վնաս է մարդու օրգանիզմին: Դեռ չի տրված այս կամ այն բույսին հավելվող քիմիական պարարտանյութի այն քանակը, որը բույսին սնելով՝ ընդհանրապե՛ս չի վնասի մարդուն: Ասել կուզի՝ բույսը պետք է սնել օրգանական պարարտանյութերով, որը մի կողմից կապահովի բույսի բնական աճն ու բերքատվությունը եւ մյուս կողմից՝ անվնաս կլինի մարդու օրգանիզմի համար: Ըստ մասնագետի՝ հենց այդպիսի օրգանական պարարտանյութերի շարքին է պատկանում մեր երկրում տոննաների հասնող թռչնաղբը, որ օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբին: Տարիներ առաջ, երբ կենսաբանը արծարծել է այս հարցը, նկատել է, որ մեր հանրապետությունում զարգացած են արդյունաբերական հիմունքներով գործող թռչնաբուծական ֆաբրիկաները: Յուրաքանչյուր նման ֆաբրիկայում տարեկան գոյանում է տոննաներով թռչնաղբ: Սակայն դրա արդյունավետ օգտագործման ժամանակակից եղանակները մեր հանրապետությունում չեն կիրառվում: Ինչի հետեւանքով այդքան թանկարժեք օրգանական պարարտանյութը փչանում է կամ օգտագործվում է դրա մի չնչին մասը միայն, այն էլ այն վիճակով, ինչպիսին ստացվում է թռչունից: Մինչդեռ այդպիսի թռչնաղբի գործածումը վնաս է բնակչությանը, քանզի պարունակում է տարբեր հիվանդաբեր մանրէներ: Բացի դա, ունի տհաճ հոտ եւ լի է բազմաթիվ մոլախոտերի սերմերով: Չհաշված, որ տեղափոխումն ու դաշտում այն օգտագործելը եւս դժվարությունների հետ են կապված։
Մասնագիտական տարբեր փաստաթղթերում նշվում է, որ գյուղական տնտեսություններում տարեկան 1 հավից միջին հաշվով կարելի է հավաքել 5-6, բադից՝ 8-9, սագից՝ 10-11 կգ թռչնաղբ: Հատիկով կերակրվող թռչունների՝ հավ, աղավնի, հնդկահավ, թռչնաղբն ավելի շատ ազոտ եւ ֆոսֆոր է պարունակում, քան առավելապես խոտով սնվող թռչուններինը: Թռչնաղբը, որպես ազատ քայքայվող եւ ուժեղ ներգործող պարարտանյութ, լավ է օգտագործել բույսերի լրացուցիչ սնուցման համար. չոր վիճակում: Թռչնաղբի մեջ ազոտի, ֆոսֆորի եւ կալիումի պարունակությունը կախված է թռչնի ստացած կերի որակից եւ քանակությունից: Մեր մասնագետը բացատրում է, որ թռչնաղբը պարունակում է 6 տոկոս կալիում, 7 տոկոս ֆոսֆոր, 3 տոկոս ազոտ: Իսկ մագնեզիում քիմիական տարրի պարունակությունը թռչնաղբում 5 անգամ ավելի է, քան` ձիերի եւ խոզերի աղբում: Թռչնաղբը գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբի համեմատ պարունակում է նաեւ մի քանի անգամ ավելի օրգանական տարբեր նյութեր: Այսպես՝ վանդակներում եւ խորը, երկար ժամանակ չփոխվող ցամքարի վրա խնամվող հավերի աղբը պարունակում է համապատասխանաբար 33 եւ 25 տոկոս հում պրոտեին, 13 եւ 20 տոկոս հում թաղանթանյութ, 4 եւ 12 տոկոս ճարպ, 14 եւ 16 տոկոս մոխիր: Բայց թռչնաղբի այս օգտակար առավելություններն օգտագործելու նպատակով անհրաժեշտ է այն չորացնել, որպեսզի ոչնչանան հիվանդաբեր տարբեր մանրէներ, բազմաթիվ մոլախոտերի սերմեր, վերանա տհաճ հոտը:
Հարց է ծագում՝ այսքան հատկություններով հանդերձ՝ ինչո՞ւ մեզ մոտ թռչնաղբի գործածումը չի ընդլայնվում։ Բանն այն է, որ, ինչպես տեւական ժամանակ մասնագետների հետ հանդիպումներս են փաստում, հենց այդ ծավալի առումով էլ ձեւավորվել են այսպես ասած «կողմ» եւ «դեմ» թիմերը։ «Կողմը» վստահ է, որ թռչնաղբից պարարտանյութի արտադրությամբ Հայաստանը կարող է որոշակիորեն լուծել պարարտանյութի պակասուրդի խնդիրը։ Որոշակի ասվածն էլ 30-35 տոկոս է։ «Դեմն» էլ ծավալի խնդիր է դնում, որովհետեւ 1 մլն գլուխ թռչնի առկայության դեպքում տեղական թռչնաբուծական գործարաններում հնարավոր է ստանալ ընդամենը 12 հազար տոննա պարարտանյութ։ Այսինքն՝ խնդիրն այն է, թե կարո՞ղ ենք ծավալ ապահովել զանգվածային գործածման (մշակված պարարտանյութի) համար։
Իսկ այս հարցի պատասխանը ստանալու համար էլ պետք է նայել նաեւ, թե շուկայում թռչնաղբ մշակող ինչ սարքեր կան, եւ նորովի հաշվարկներ անել։ Համացանցում փնտրտուքս ցույց տվեց, որ միջազգային շուկայում կան պարզ եւ մատչելի սարքեր, թռնաբուծական տնտեսությունները կարողանում են դրանք ձեռք բերել, օգտագործել սեփական նպատակներով եւ նաեւ արդեն պատրաստի պարարտանյութ վաճառել հարակից տարածքների ֆերմերներին։
Հայաստանում 2011-2012 թթ. կառավարությունը նույնիսկ որոշ արտոնություններ տվեց այն թռչնաֆաբրիկաներին, որոնք սեփական նպատակներով գործածում էին թռչնաղբը։ Ինչպես ասացինք, կան պարզագույն սարքեր, որոնք կարելի է մեզ մոտ էլ պատրաստել կամ արտադրել։ Ընդհանրապես՝ օրգանական պարարտանյութերի գործածմանը պետք է նորովի մոտենանք, դրանից եւ գյուղացիները կշահեն, եւ մեր ձեռներեցներն ու բնությունը։ Բայց այս ամբողջը համակարգելու համար վերստին պետք է խոսենք մասնագիտական պատկան պետական մարմնի՝ գյուղնախարարության վերաբացման անհրաժեշտության մասին։ Իսկ առայժմ, քանի դեռ չենք որոշել օրգանական պարարտանյութերի գործածման ծավալներն ընդլայնել, կմնանք ներկրվող ու ոչ օրգանական պարարտանյութերի հույսին՝ ռիսկերով հանդերձ։