Համավարակի ընթացքում շատ երկրների փորձագետներ ու մասնագետներ գյուղատնտեսությանը նորովի մոտեցան՝ ի՞նչ անել, որպեսզի հնարավոր այսպիսի վարակների ժամանակահատվածում երկիրը սովի չմատնվի։ Երբ շուրջ երկու տարի ուսումնասիրում էի մասնագիտական էլհարթակների տեղեկատվությունը, ուշագրավ մի բան նկատեցի. պարենային ապահովվածության հարցերից զատ քննարկվում էր նաեւ գյուղոլորտում բարձրարժեք մշակաբույսերի մշակման ծավալների ընդլայնման անհրաժեշտությունը։ Վերջինս կարեւորվում է իբրեւ գյուղոլորտի եկամտաբեր ճյուղ, որ կթեթեւացնի պետության սուբսիդիաների բեռը՝ այդպիսով պետությանն իսկ հնարավորություն տալով ավելի շատ աջակցել գյուղոլորտի այն ճյուղերին, որոնք պարենի խնդիր են լուծում։ Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խորհրդային տարիներին նույնպես կարեւորվել են բարձրարժեք մշակաբույսերը, եւ այս առումով հաջողություններ է գրանցել նաեւ Հայաստանը։
Խոսքը մի բույսի մասին է, որ եթերայուղատու է, որի հետ կապված ունենք անցյալ, հեռանկարում էլ կարող ենք արդյունքներ ունենալ, հետանկախական Հայաստանում էլ այդ մասին խոսել են ոլորտի մասնագետները, 2000-ականներին նույնիսկ այդ մշակաբույսի ցանքատարածությունները վերականգնելու փորձ եղել է: Մինչդեռ հիմա այս մասին չի խոսվում եւ՝ զուր։ Որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասեմ, որ դեղատներում, այո, կարող ենք հանդիպել հայկական արտադրության յուղերի, բայց խոսքը ծավալի, միջազգային շուկա մտնելու, ապրանքանիշ ճանաչեցնելու մասին է։ Որոշ փակագծեր բացենք՝ ասելիքն ավելի պատկերավոր երեւակելու համար։
Խորհրդային Հայաստանում ունեցել ենք եթերայուղի արտադրություն։ Մշակել ենք վարդագույն խորդենի, որ հիմա էլ աշխարհում բարձրարժեք ու եկամտաբեր բույս է համարվում։ Որպես եթերա-ձիթատու մշակաբույս՝ մշակվել է 1938-ից Հոկտեմբերյանի եւ Էջմիածնի շրջաններում: ՀԽՍՀ-ում անգամ խորդենու մշակման գործարան ենք ունեցել: Երբ խորհրդային Հայաստանում խնդիր է դրվել լուծելու լեռնային եւ նախալեռնային շրջանների գյուղերում աշխատանքային ռեսուրսների լրիվ օգտագործման հարցը, որոշվել է զարկ տալ տեխնիկական բույսերի՝ ծխախոտի, շաքարի ճակնդեղի եւ խորդենու մշակությանը: Տեխնիկական մշակաբույսերի մշակումը նպաստել է նաեւ արդյունաբերական նոր ճյուղեր ստեղծելուն ու գործարաններ կառուցելուն՝ օճառի գործարանը, շաքարի ճակնդեղի արտադրության բազայի վրա՝ Սպիտակի շաքարի գործարանը, ծխախոտի արտադրության հիմքով՝ Երեւանի ծխախոտի ֆաբրիկան եւ խորդենու վերամշակմամբ եթերայուղ ստանալու գործարանը Հոկտեմբերյանում:
Արխիվային փաստաթղթերի համաձայն՝ 1976-79 թթ. տարեկան արտադրվել է միջին հաշվով 30 տ եթերայուղ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարգի ծավալ է այս 30 տ-ն, տեղեկացնենք, որ խորդենու կանաչ զանգվածի 1 տոննայից ընդամենը 765 գ եթերայուղ է թորվել: Բայց այդ 30 տոննան վերին նիշ չի ընդունվել. մտադիր են եղել ցուցանիշը 75 տ-ի հասցնել։ Տարիների ընթացքում, երբ ժողտնտեսության մոդելն իր գործն արեց, այլ կերպ՝ խորդենու նկատմամբ պահանջարկն ավելացավ, եւ ազատ ցանքատարածություններ էլ չկային, օգնության եկավ ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմիայի եւ հիդրոպոնիկայի ինստիտուտի՝ խորդենու անհող արտադրության տարբերակը։ Խորդենու մշակումն այնքան կարեւորվեց, որ ՍՄԿԿ համագումարների օրակարգ մտավ՝ «պարֆյումերային արդյունաբերության» եւ կաշվի արդյունաբերության մեջ անհրաժեշտ լինելով: Որովհետեւ, օրինակ, խորդենու արմատներում պարունակվող բնական դաբաղանյութով կարող էին բավարարել կաշվի արդյունաբերության բնական դաբաղանյութերի պահանջարկի 55-60 տոկոսը: Խորդենուց կորզվող դաբաղանյութի 1 տոննայի ինքնարժեքը 500 ռուբլով ցածր էր լինում այլ խոտաբույսերից կորզվող դաբաղանյութի ինքնարժեքից: Հետո պլանային տնտեսությունը դրեց խորդենու անթափոն մշակման հարցը, գիտական ինստիտուտներ են գործի անցել, պետությունը այդ նպատակի համար միլիոնավոր ռուբլիների հաշվարկներ է հաստատել: Միայն եթերայուղի թորման նոր կարողություններ ստեղծելու համար պատրաստ է եղել մինչեւ անգամ 10 մլն ռուբլի կապիտալ ներդրում անել: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ թիվ էր 10 մլն ռուբլին, ասենք, որ 1978 թ. «Խորդենի» մասնագիտացված սովխոզ-գործարանում 1 տոննա եթերայուղի միջին ինքնարժեքը 247.3 հազ. ռուբլի է կազմել: 1980 եւ 1982 թթ. ցրտահարությունների պատճառով խորդենու հետ կապված ծրագրերը մասամբ դանդաղեցին։ Մինչ ցանքատարածությունները կվերականգնվեին, 90-ականները մոտեցան։
Արդի աշխարհում բուսաբույժներն ասում են, որ խորդենին նաեւ դեղաբույս է։ Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռեւմատիզմի ու բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում: Ժողովրդական բժիշկները խորդենու եփուկն օգտագործում են անքնության, լուծի, արյունահոսությունների, էկզեմաների եւ այլ տարբեր հիվանդությունների դեպքում: Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն էլ օգտագործում են թունավոր օձերի խայթոցների դեպքում: Խորդենուն վերագրում են նաեւ ստի ալեփոխարկիչի (դետեկտոր ասվածի) դեր՝ խորդենին զգայուն է եւ ստերի հորդալուց թոշնում է։
Ինչեւէ, հետանկախական Հայաստանում այս հարցին 1999-ից անդրադարձան։ Ճիշտ է՝ մշակությունը չկար արդեն, բայց վերամշակման հոսքագիծը կար, լաբորատորիան, որոշակի քանակությամբ նաեւ խորդենու յուղ կար, մասնագետներ կային, փորձ՝ նույնպես (Էջմիածին, Զարթոնք համայնք): Ֆրանսիական մի ընկերություն նույնիսկ շատ հետաքրքրված էր այդ հարցով: Ներկայացուցիչ եկավ մեր երկիր, բանակցություններ եղան, յուղի որակը գոհացնող էր եղել։ Բոլոր նախադրյալները կային հաջող բիզնես սկսելու. ի տարբերություն այլ մշակաբույսերի՝ խորդենու ցանքատարածությունների պահպանման հարց չկա, դե, ասենք, անասուններն այստեղ չեն մտնում՝ բույրի պատճառով, գողությունն էլ անիմաստ է, քանզի առանց մշակման գործածումը պիտանի չէ։ Բայց Հայաստանում խորդենու մշակումը վերականգնելու գործընթացը հանկարծ դադարեցվեց, որովհետեւ Չինաստանն այդ ընթացքում շուկան հեղեղեց էժան խորդենու յուղով։ Մեր գյուղոլոտի մասնագետներն ասացին, որ այդ յուղը, իհարկե, ցածրորակ է մեր յուղի համեմատ, բայց չինականի էժանությունն իր գործն արեց։
Թեեւ պետք է հասկանանք կարեւոր մի բան. միջազգային շուկան դեմ չէ որակյալ թանկին։ Դեղձի կորիզի յուղի, խաղողի կորիզի յուղի գները նայենք, որոնց արտադրությունը, ի դեպ, Հայաստանում այսօր ունենք։ Իսկ եթերայուղերի թանկությունը չի վախեցնում օծանելիք արտադրող խոշորագույն ընկերություններին, որոնց համար առաջնահերթը նախ ապրանքանիշը բարձր պահելն է։ Այսինքն՝ շուկա կա, մշակման փորձ՝ նույնպես, բայց անհրաժեշտ են ներդրումներ։ Կրկին գալիս ենք մեր մշտական խնդրին՝ բիզնես հատվածին. պետք է գտնել գործարարի, որ կորոշի արագ փողերի՝ սննդի, առեւտրի, խաղատների դաշտից գալ հետաքրքիր ու մտավոր դաշտ, որ նույնպես եկամտաբեր է։ Եվ այստեղ գործ ունի անելու պետությունը։ Նա պետք է շուկաներն ուսումնասիրելուց սկսի ու գտնի ճիշտ շուկան, մանրամասն հաշվարկներ անի՝ շուկայահանման մեխանիզմից սկսած մինչեւ շուկաներում եթերայուղի որակի երաշխավորում (այնպես, ինչպես գինու աշխարհում պետություններն ակամա երաշխավոր են դառնում)։ Բացի այդ, խորդենու մշակման արդյունքը միայն մեկ ոլորտով չի սահմանափակվում՝ շղթայական հետեւանք լինելու է։ Ընդամենը մի օրինակ՝ եթերայուղերից գազավորված խմիչքի բնական օշարակ կարելի է ստանալ, ֆիտոթերապիայի ոլորտում են գործածում եթերայուղերը եւն։ Մի խոսքով՝ հետաքրքիր բիզնես, բայց որին անպայման պետք է աջակցեն պետությունն ու մասնագիտական հատվածը։ Յուրաքանչյուր ոլորտային լուրջ խնդրի լուծումից խոսելիս հանգում ենք գյուղնախարարության վերաբացման անհրաժեշտությանը։ Ի վերջո, եթե գործարարի հայեցողությանն է թողնվում եկամուտ աշխատելու ձեւը, նա ընտրում է դյուրին եւ արագ տարբերակը։ Բայց երբ պետությունը փորձում է գրագետ ներկայանալ, աշխարհին ապրանք ցույց տալ, որակի երաշխավոր լինել, գործարարին ուղղորդում է, մասնագիտական, գիտական հատվածին էլ դրդում աջակցության եւ վերջնական հայտարարում, ասում ուրույն խոսքը։ Մնացյալ տարբերակները ձախողում են։