Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հատիս լեռն ու ամրոցը

Հուլիսի 13, 2022
Հանրապետություն
Հատիս լեռն ու ամրոցը
25
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց երկրում շատ են լեռնագագաթներն ու բարձունքները, որոնք տարբեր ժամանակներում ծառայել են որպես ամրոցատեղի ու բնակատեղի: Տարածքի բնիկներն ստիպված են եղել բարձրանալ լեռները՝ պաշտպանվելու անընդհատ ասպատակող թշնամիներից:

Կոտայքի մարզում՝ Կոտայքի սարավանդի հյուսիս-արեւելքում է 2528 մ բարձրությամբ Հատիս լեռնագագաթը՝ Կապուտան գյուղից մոտ 2.5 կմ հարավ-արեւելք: Ամբողջ սարավանդում հեռվից երեւում է կոնաձեւ լեռը, որի լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Մայիսի կեսին, երբ բարձրանում էինք, նույն ձորակներում դեռ ձյուն կար, լանջերին՝ գեղեցիկ զանգակներ ու դրանց նման ծաղիկներ, որոնց Մարտունու շրջանում «Ուլի ականջ» ենք անվանում։ Լեռան արեւելյան հատվածում հատկապես կան ժայռոտ ելուստներ, իսկ հարավային ստորոտից սկիզբ են առնում, ինչպես կոչում են, «Քառասունակն» աղբյուրները։ Լեռան գագաթին շատ վաղուց մեր նախնիները հզոր ամրոց են հիմնել, որի ավերակներն ու պարիսպները պահպանվել են եւ պատմում են մեր քաջակորով ու ուժեղ պապերի մասին: Հատիսի գագաթ բարձրացել էի մոտ 30 տարի առաջ, այն ժամանակ շուտ ցած իջանք, եւ չհասցրեցի ուսումնասիրել տարածքը: Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու եւ Լեւոն Մկրտչյանի հետ հասանք լեռան գագաթ: Հմայվեցի մեր աշխարհի հերթական հրաշալիքով: Մինչ այդ եղել էինք նաեւ Իլկասարում, որի գագաթին նույնպես ժամանակին հզոր ամրոց է եղել, Թղիթ ամրոցում, որի հզոր պարիսպները մինչ օրս էլ են անառիկ: Նույն հնագետների հետ շատ ամրոցներ ենք հայտնաբերել եւ ուսումնասիրել նաեւ Արցախում՝ Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Մարտակերտի շրջաններում: Այս տարածքներում նույնպես սարերի գագաթներին կան ամրոցներ՝ Սարիկի ամրոցը՝ Հադրութում, Հանդաբերդն ու Ծարի ամրոցները Քարվաճառում, Կաչաղակաբերդը Մարտակերտում, Միրիկի ու Եզնագոմերի, Որոտանի առափնյա բարձունքների ամրոցները, Խոժոռաբերդն ու այլ բերդեր Քաշաթաղում: Ամենուր նույն պատկերն է՝ մեր նախնիները հզոր են եղել, որ կարողացել են 1-2-3 հազար մետր բարձրություն ունեցող լեռնագագաթներին 3-5 մ հաստությամբ, մինչեւ 10 մ եւ ավելի բարձրությամբ պարիսպներով ամրոցներ հիմնել:

Հատիսի ամրոցը տեղացիներն անվանում են նաեւ Քյոռօղլու ամրոց, Շամիրամի բերդ, պարզապես՝ Բերդ: Թե ինչո՞ւ են կապել Քյոռօղլու հետ, չգիտեմ։ Այդ կիսահեքիաթային, կիսաիրական կերպարը, ըստ պատումների, ապրել է 17-րդ դարում։ Իսկ մեր նշած ամրոցը հազարամյակների պատմություն ունի։ Ընդհանրապես՝ Կոտայքի մարզում շատ տեղանուններ կապված են Հայոց մեռնող ու հարություն առնող թագավոր Արայի հետ: Օրինակները շատ են՝  Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ, Էլար, Արամուս եւ այլն։ Արա Գեղեցիկի եւ Շամիրամի առասպելը հենց այս տարածքում տեղի ունեցած պատմական դեպքերի հետ է կապված, եւ մեր ժողովուրդը Հատիս լեռան գլխի ամրոցը նաեւ Շամիրամի բերդ է անվանում: Կա կարծիք նաեւ, որ Հատիս լեռը խորհրդանշում է Արա գեղեցիկի անդրշիրիմյան կայանքը, որ արքան ողջ է: Միգուցե հենց այս լեռան գլխի ամրոցի աշտարակներից մեկի վրա է Շամիրամը դրել Արային, որ Արալեզները կենդանացնեն նրան։ Քանի որ ավանդույթը՝ Արայի ու Շամիրամի մասին, գալիս է շատ վաղուց։ Այդ մասին մեզ տեղեկացնում է նաեւ Քերթողահայրը՝ Մովսես Խորենացին, ուրեմն դրանք իրապատումներ են՝ նկարագրելով հայ-ասորական հակամարտությունները: Երբ Շամիրամը պատերազմ է հայտարարել Արային ու արշավել Հայաստանի վրա, հնարավոր է՝ սկզբում գրավել է Հատիսի ամրոցը եւ շարունակել արշավը դեպի Արա լեռ՝ Հրազդանի աջափնյակ, որտեղ Արան էր իր բանակով:

Հատիս լեռան վրա գտնվող ամրոցի պարիսպների կիկլոպյան շարվածքները նույնպես հուշում են, որ այն կառուցվել է Ք. ա. առաջին հազարամյակում: Ամրոցի պարիսպները ձգվում են լեռան գագաթով մեկ: Իսկ պարիսպների ներսում եղել են շինություններ, որոնց ավերակները նույնպես պահպանվել են: Հարավարեւմտյան կողմում ամրոցն ունի եռաշերտ պարիսպներ՝ կառուցված մեծամեծ քարերով, առանց շաղախի: Նույն կողմում պարսպի մի հատված իջնում է լեռան լանջով մոտ 200 մետր: Բավական լայն է այն, ունի նաեւ խցեր: Հարավարեւելյան կողմում պարիսպն ավելի ցածում է կառուցված: Հյուսիսային պարսպի սկզբնամասում կա քարանձավ, որի մուտքը վերեւից է: Երբ բարձրանում էինք լեռը, լանջին մոտակա գյուղերից կանայք բանջար էին հավաքում: Հպարտացան իրենց Հատիս սարով, որի վրա հզոր ամրոց է գործել, եւ կապված է Հայոց նվիրյալ արքա Արայի հետ: Սարի գլխից երեւում է Արարատյան դաշտը՝ Մասիսներով, Արագածոտնի մարզը՝ Արագած լեռով, Գեղամա լեռնաշղթան՝ Աժդահակով, Գութանասարը, այսինքն՝ ՀՀ մի հատվածը: Լեռան ստորոտում էլ գարնանային ցանքատարածքներ էին՝ հիացնելով իրենց գեղեցկությամբ: Լեռան գագաթին ուսումնասիրում ենք ամրոցը, լուսանկարում, կատարում դրոնային նկարահանումներ։ Գագաթին շատ էին նաեւ զբոսաշրջիկները։ Վերջացնելով մեր առաքելությունը՝ ցած ենք իջնում եւ շարունակում ճանապարհը դեպի Հատիս լեռան հարավային հատված։ Զառ-Ծար գյուղի մոտակայքում՝ ծովի մակերեւույթից մոտ 1700 մ բարձրության վրա պահպանվել են Բրոնզ-երկաթեդարյան սրբազան լանդշաֆտներ, այսպես ասած՝ մեգալիթյան աշտարակներ, որոնք կրոնածիսական նպատակով են կառուցվել։

Լեռան հարավային կողմում մի ոչ խոր ձորակի արեւելյան ափին բլրակի վրա պահպանվել է նման աշտարակ։ Բուն աշտարակն ունի մոտ 10 մ տրամագիծ եւ կառուցված է բավականին մեծ քարերով։ Բլրի ներքին հատվածում նույնպես պարիսպ է շարված։ Մինչ Լ. Մկրտչյանը դրոնային նկարահանումներ էր կատարում, Ա. Գնունու հետ շրջեցինք տարածքում։ Պարզվեց՝ հնադարյան բնակատեղի է, որտեղ շատ են նաեւ դամբարանները։ Դրանցից մեկի մոտ պահպանվել է նաեւ կուռքի քարե արձան՝ որոշակի քանդակով։ Առավել հետաքրքիր էր ձորակի ժայռոտ ափը։ Այս հատվածում հեռվից էլ նշմարվում էր, որ շրջանաձեւ շարված քարեր կան։ Փարախնե՞ր են, թե՞ այլ նպատակով… Իսկ ձորակի ժայռերից մեկին աստիճաններ էին քանդակել։ Ըստ հնագետների՝ հնարավոր է՝ որպես զոհասեղան է ծառայել։ Ավարտելով նկարահանումները՝ այցելեցինք Զառ-Ծար գյուղի Սուրբ Կարապետ եւ նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ։ Հաջորդ կանգառը Գեղաշեն գյուղում էր, որտեղ կանգուն է 10-րդ դարի Կանաչ խաչ մատուռը։ Սրբատան ներսում կան 2 միջնադարյան խաչքարեր, որոնցից մեկը կիսված է։ Մատուռի բակում՝ ձախ կողմում, 12-13-րդ դարերի ամբողջական խաչքար կա՝ պատվանդանի վրա։ Գյուղից մոտ 3 կմ հարավ՝ բարձր դիրքում, որտեղից երեւում է ողջ բնակավայրը՝ Հատիսի թիկունքում, գտնվում է 17-րդ դարի սրբատուն՝ Սուրբ Սարգիսը, որի ներսում իր չափերով (մոտ 3, 5 մ բարձրությամբ) բավական մեծ խաչքար կա՝ բաժանված կտորների։ Հայտնի հնագետ ու հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը գրում է. «13-րդ դարի ուշագրավ եւ հսկա խաչքարերից մեկն է: Հեծյալի քանդակը, ամենայն հավանականությամբ, ներկայացնում է Պռոշյան իշխաններից մեկին, այլ ոչ թե Սուրբ Սարգսին, ինչպես ժողովուրդն այսօր կոչում է այս խաչքարը: Մի քանի անգամ գնացել եմ, բայց միշտ դժգոհ եմ եղել նկարներից, այսօր ոնց որ թե ստացվել է: Խաչքարը երեք մասի է բաժանված` քիվի երկու բեկորները, որոնք ներկայացնում են Աստվածածնին քառակերպ գահին՝ մանուկ Հիսուսի հետ, ներդրված են 19-րդ դարում կառուցված եւ մեր օրերում վերանորոգված մատուռի արեւելյան պատի մեջ: Խաչքարն, անշուշտ, ժամանակին բացօթյա է եղել: Գեղաշենն իմ մեջ տարօրինակ ապրումներ է առաջացնում, բայց այդ մասին՝ մի ուրիշ առիթով: Շնորհակալություն Տատյանա Վարդանեսովային` ուղեկցելու եւ օգնելու համար»: Գեղաքանդակ խաչքարի ներքին հատվածը, որտեղ ձիավորի քանդակն է, տեղադրված է Սուրբ խորանում։ Ներքին մասն ագուցված է մատուռի արեւելյան պատի մեջ՝ ներսի կողմից։ Հարեւանությամբ նույն խաչքարի այլ քանդակ է՝ Սուրբ Աստվածածինը՝ Հիսուսը գրկում։

Գեղաշենի 2 մատուռները հիմնանորոգվել են վերջին տարիներին՝ պահպանված սրբությունների վրա։ Օրերս հայտարարվեց, որ Հատիսի գագաթին պետք է կանգնեցվի Հիսուսի արձանը։ Համացանցում արդեն լուսանկարներ կան, որոնցում երեւում է՝ արձանի հիմքերի փորման աշխատանքներ են կատարվում։ Բազում մեքենաներ են բարձրացել լեռան գագաթ։ Պարզ է՝ սա մեծ վնաս կհասցնի հատկապես պատմական ամրոցին։ Հնարավոր է՝ բացասական ազդեցություն կունենա նաեւ «Քառասունակն» աղբյուրների վրա։

Թեգեր: ամրոցԿոտայքի մարզՀատիս լեռ
Կիսվել10Tweet6Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հարուստները նույնպես վախենում են

Հարուստները նույնպես վախենում են

Ամենածանրն ու աններելին…

Ամենածանրն ու աններելին…

Ամենաընթերցվածը

  • Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    Վերարժեւորելով Մայիսի 9-ի խորհուրդը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    297 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 74

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist