«ՀՀ»-ի հարցազրույցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Ատոմ Մարգարյանի հետ
-Այս տարվա փետրվարից եվրոն կտրուկ էժանանում է։ Եվրոն ու դոլարը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հավասարվեցին, հիմա եվրոն նույնիսկ էժան է դոլարից։ Դոլարի մենիշխանությո՞ւնն է թուլանում, եվրոպական տնտեսությանը ռեցեսիա՞ է սպառնում։ Հայաստանի տնտեսությա՞նն ինչ է սպասում։ Ինչպե՞ս դիրքավորվել։ Հասկանալի է, որ զուտ տնտեսագիտական տիրույթում չենք կարող այս հարցը քննարկել։
-Իհարկե չենք կարող։ Իրավիճակը շատ խորքային եւ աշխարհաքաղաքական պատճառներ ունի։ Եվ պետք է հստակ հասկանալ՝ ինչ է կատարվում աշխարհում կամ ինչի հետեւանք է այս ամենը։ Դոլարը համաշխարհային վճարամիջոց է։ Ավելի քան 70 տարի դոլարը դարձել էր տիրապետության գործիք։ Այդ տիրապետության շրջանակից դուրս խորհրդային ռուբլին էր։ Խորհրդային Միությունը փակ էր: Բանկի քաղաքականությունն ավելի անկախ էր, սոցճամբարի երկրների Կենտրոնական բանկերը ռուբլու վերահսկողության գոտում էին։ Խորհրդային Միության փլուզումից հետո դոլարի ազդեցությունն ընդլայնվեց, եւ ոչինչ չի փոխվել, դոլարի հավակնությունները չեն փոխվել, ձգտում է համաշխարհային տիրապետության։ Ներկայիս իրավիճակը գնահատելու համար, եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա դա ուղղակի պատերազմ է յուանի եւ դոլարի, ռուբլու եւ դոլարի միջեւ։ Եվ պետք չէ այս ու այն կողմ ընկնել։ Այն ինստիտուտները, որոնք ներկայացված են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ այլ շրջանակ ներկայացնող Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, ըստ էության, տիրապետությունը ինստիտուցոնալացնող գործիքներ են եղել։ Ու, ինչպես տեսնում ենք, հիմա խաթարվել է այս ամբողջը։ Որովհետեւ նախ՝ վերջին չորս տասնամյակներին սրընթաց զարգացում է ունեցել Չինաստանը, եւ այս տեմպերով շարունակվելու դեպքում, այո, նա կարող է դուրս գալ համաշխարհային տնտեսության առաջնորդության բնագիծ։ Մյուս մասը եվրոն է, որ դոլարից ածանցյալ արժույթ է, որովհետեւ նույն քաղաքական մշակույթի ու կոնֆիգուրացիայի դաշտում է։ Հասկանանք, որ հիմա աշխարհում բոլորովին այլ իրավիճակ է։ Մի ժամանակ եւ՛ Չինաստանն էր անուղղակի հակախորհրդային կոնտեքստի մեջ, եւ՛ արաբական աշխարհի նավթային շեյխերն էին Միացյալ Նահանգների խաղը տանում, որի հետեւանքով հաջողել էին կտրուկ իջեցնել նավթի գինը, ինչը Սովետմիության խոցելիության հիմնական ֆակտորն էր։ Հիմա տեսնում ենք ինչքան է փոխվել իրադրությունը։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը իր էներգակիրների դիմաց ռուբլով վճարում է պահանջում։ Ներկայիս ճգնաժամը բավական խորքային է, որ բերել է նաեւ պարենային ու հումքային, նաեւ ֆինանսական ճգնաժամերի, բյուջետային լուրջ դեֆիցիտների։ Աշնան կեսերից, երբ պարզ կդառնա, որ եվրոպական երկրներն իրենց էներգաբալանսում խնդիրներ ունեն, նաեւ պարենային ապահովության խնդիրներ ունեն, ավելի ակնառու կդառնա պատկերը։
-Փաստորեն, այն, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայի շուրջ, լոկալ բախում չէ սոսկ, հիբրիդային պատերազմ է։
-Այո, կարելի է ասել՝ համաշխարհային պատերազմ է, որի մի կողմում ԱՄՆ գլխավորությամբ իր արբանյակներն են, նաեւ ասիական եւ լատինամերիկյան որոշ երկրներ, մյուս կողմում Ռուսաստանն է՝ իր դաշնակիցներով։ Չինաստանը երկակի խաղ է խաղում, մի կողմից իրեն ձեռնտու է այդ կոնֆլիկտը, Ռուսաստանի թուլացումը, որովհետեւ կարող է իր համար ռեսուրսների, հումքի ձեռքբերման աղբյուրների նոր, անսպառ շտեմարաններ բացվեն եւ այլն։ Դրա համար եմ ասում՝ դոլար-դրամ, դոլար-ռուբլի, դոլար-եվրո, դոլար-յուան հարաբերությունները ավելի խորքային խնդիրներ ունեն։ Հետահայաց եթե նայենք 70-ականների գաղտանազերծված փաստաթղթերին, խոսքը վերաբերում է Կենտրոնական հետախուզական վարչության եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկուցագրերին (մի շարք հայտնի ֆոնդերի (մասնավորապես Ռոքֆելլերների ֆոնդի, Հռոմի ակումբի եւն) հիմնարար փաստաթղթեր եւ զեկույցներ), կտեսնենք, որ նրանց կողմից մշակված բազմաշերտ, իրավիճակը վերահսկելի պահելու գործիքներ են եղել։ Որոնցից մեկը կենսաբանական միջոցներն են, տվյալ դեպքում՝ վիրուսները։ Դրանց միջոցով արգելափակել տնտեսությունները, սնանկացնել, խզել շղթաները լոքդաունների համակարգերով եւ պարտք տալ։ Պատահական չէ, որ համավարակի պայմաններում ընդհանուր գլոբալ պարտքն ավելացավ 50-60 տոկոսով։ Հայտնի ճշմարտություն է՝ ուզում ես երկիրը կառավարել դրսից եւ քանդել ներսից, պարտք տուր։ Դա արեւմտյան ինստիտուտների գլխավոր գաղափարական հիմնավորումն է։ Նաեւ՝ ոչ միայն պարտք տուր, այլ քանդիր երկրի մշակույթը, բարոյական հիմքերը, ընտանիքի գաղափարը… Ինչին ականատես ենք տասնամյակներ։
-Ժամանակին երբ մեր երկրում այս մասին խոսվում էր, խոսողները համարվում էին դավադրության տեսության սիրահարներ։
-Այո, որովհետեւ նրանք, ովքեր այս իրավիճակը ստեղծում են, այդ նույն իրավիճակը ադեկվատ գնահատողներին ու հասկացողներին մեդիայով պիտակում են։ Իսկ համաշխարհային մեդիայի ֆինանսավորողները ԱՄՆ-ից են, Բրիտանիայից եւ ունեն ազդելու բոլոր ռեսուրսները։
-Ինչեւէ, գանք մեզ։ Ինչպե՞ս հնարավորինս քիչ ազդվել։
-Չազդվել չենք կարող։ Սերտաճած ենք։ Մեր աշխատուժի մեկ երրորդը դրսում է զբաղված։ Մեր էներգետիկ բալանսի մեծ մասը լրացնում ենք դրսի ռեսուրսների հաշվին, չենք կարող կախված չլինել, չազդվել։ Ահռելի պարտք ունենք։ Հայաստանը կախվածություն ունի տարբեր աղբյուրներից։ Այս եւ մյուս փաստերը չտեսնելը, խորքը չըմբռնելը անհեթեթություն են, զավեշտ։
-Բայցեւ՝ անընդունելի է ասել, որ մենք այս իրավիճակը շտկելու ուղի գտնել չենք կարող։
-Ճիշտ եք, բազմաթիվ այլընտրանքային ուղիներ ու հնարավորություններ կան։ Բայցեւ՝ ներկայիս քաղաքականությամբ իրավիճակը շտկել չենք կարող։
-Խնդրեմ Ձեր առաջարկը՝ ի՞նչ անել։ Մենք այս վիճակից դուրս չգալու «շռայլությունը» մեզ թույլ տալու իրավունք չունենք։
-Առաջարկները ունեմ, լուծումները կան, բայց կարվե՞ն։ Մի բան հաստատ է, այս ձեւով առաջ գնալ չենք կարող։ Վերջին երեսուն տարիներին հազարավոր առաջարկներ եմ արել։ Հազարմեկերորդը կփոխի՞ դրությունը՝ չգիտեմ, բայց կրկին հստակեցնեմ։ Օրինակ՝ պետությունը պետք է միանշանակ հայտարարի, որ հրաժարվում է որեւէ արտաքին աղբյուրներից ֆինանսական ռեսուրսներ ներգրավել բյուջետային հարցերի լուծման համար։
-Այլընտրա՞նքը։
-Այլընտրանքը մեր երկրի բոլոր մետաղական եւ ոչ մետաղական հանքավայրերի շահագործողների գործերի աուդիտի անցկացումն է, օֆշորային շրջանառությունների բացահայտումը՝ տույժ-տուգանքներով հանդերձ, ակտիվների վերածումը դրամական արտահայտության եւ բռնագրավումը՝ ոչ միայն բիզնեսների, այլեւ՝ թաքցրած եկամուտների։ Այստեղ միլիոնավոր չէ, տասնյակ միլիարդավոր դոլարների միջոցներ է հնարավոր բերել եւ լուծել մեր երկրի պաշտպանության հարցերը։ Քաղաքականության գործիքակա՞զմ եք ուզում, սա՝ առաջին։ Երկրորդը՝ հարկային քաղաքականությունը հարկավոր է ծայրահեղորեն դիֆերենցել։ Առեւտրի ոլորտի համար 3 տոկոս շահութաբերության առավելագույն սահման սահմանել։ Հատկապես ցանցային սուպերմարկետների համար։ Դրանց ծախսերը խստագույնս վերահսկել։ 3 տոկոսից ավելին բռնագանձել բյուջե։ Այլապես մեզ մոտ առեւտրա-վաշխառուական համակարգ է՝ տասնամյակներով։ Երրորդը՝ ջրային ռեսուրսներն են։ Հայաստանում ավելի քան 150 փոքր ՀԷԿ-եր են կառուցվել։ Դրանք վաղուց հետ են բերել իրենց ներդրումները։ Հապա ինչո՞ւ են թանկ վաճառում իրենց արտադրանքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի տեսնո՞ւմ դա։ Տերերը պետք է շարունակեն գերշահույթնե՞ր ստանալ։
-Փոփոխություն անող քաղաքատնտեսական ուժը չկա՞։
-Փոփոխություն անող ուժը հասարակությունն է՝ իբրեւ դիմակայության ռեսուրս։ Առանձին դեմքեր, մտավորականներ ու անհատներ չեն կարող դա անել։ Այնպես որ ճանապարհներ կան, ելքերը կան, բայց հասարակությունը դա պետք է հասկանա եւ ցանկանա փոխել։