Երբ ասում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը պարենային ապահովության մասին մտածելուց զատ ի վիճակի է նաեւ բարձրարժեք գյուղատնտեսությամբ զբաղվել, նկատի ենք ունենում յուղատու մշակաբույսերի պարագան։ Կարող է հարց ծագել, թե մեր փոքրատարածք երկրում ինչպես ենք ե՛ւ պարենային ապահովվածության հարցը լուծելու, ե՛ւ արժեքավոր մշակաբույսեր ցանելու։ Մի կողմ թողնենք այն, որ շատ հողատարածքներ շրջանառության մեջ չեն, ընդամենը հավելենք, որ արժեքավորի համար կարող ենք դիմել հիդրոպոնիկ եղանակին։ Պարենային ապահովության խնդրի լուծումը մեր երկրին անհրաժեշտ է միջազգային ռիսկերից հնարավորինս քիչ ազդվելու համար, իսկ արժեքավոր մշակաբույսերի մշակումը՝ միջազգային ագրարային գործընթացներից հետ չմնալու, գյուղոլորտում ավելի մեծ արժեք գեներացնելու համար։
Յուղատուի մասով կխոսենք կտավատի օրինակից, դարձյալ հաջողված փորձից եւ կանգի պատճառներից։ Կանգ ասելով նկատի չունենք առանձին փոքրիկ օրինակները, այլ՝ ծավալ ու շուկայում ապրանքանիշ չունենալը։ Այն պարագայում, երբ ընդամենը մի քանի տարի առաջ, 2017 թ. սեպտեմբերի 15-ին Երեւանում նույնիսկ կտավատի համտես-ցուցահանդես արեցինք։
Մենք կտավատն օգտագործել ենք նաեւ իբրեւ դեղատու մշակաբույս՝ հազի, փորացավի, մրսածության ժամանակ, կրծքի նորագոյացություններից խուսափելու համար։ Կտավատի սերմերը հարուստ են կալիումով, վիտամին A, B, E-ով, անփոխարինելի ամինաթթուներով, հանքանյութերով: Կտավատի սերմերի մեջ պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաեւ` օմեգա-3 ու ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը եւ նպաստում մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը: Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը՝ ներծծելով աղիների վնասակար նյութերը եւ ուժեղացնելով գալարակծկանքը: Բացի այդ, բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից, նպաստում քաշի նվազեցմանը: Կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի եւ ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը, պաշտպանում տրոմբոզից, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Սերմերն օժտված են նաեւ երիտասարդացնող եւ հակամանրէային հատկությամբ…
Մասնագիտական գրականությունը վկայում է նաեւ, որ կտավատի յուղը իր օգտակար հատկություններով գերազանցում է նաեւ ձկան յուղին: Բայց կտավատը միայն հիվանդությունների դեմ պայքարի միջոց չէ: Այն սննդի ու բժշկության մեջ օգտագործելուց զատ գործածում են օլիֆ, տարատեսակ լաքեր, տպագրական, վիմագրական ու այլ գեղարվեստական ներկեր, մոմլաթ, չթրջվող հագուստներ պատրաստելու համար, նաեւ կաշվի ու կրկնակոշիկի արտադրության մեջ:
Կտավատ մշակող երկրների ու ծավալների թվերը տարբեր աղբյուրներում տարբեր են՝ պայմանավորված նաեւ կտավատի տեսակներով, վերջնական արտադրանքով (սերմ, յուղ, թել եւն): Բայց առաջին տասնյակում են Կանադան, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Արգենտինան… Հայաստանի մասին եթե խոսենք, հակիրճ պատկերը կարող ենք այսպես նկարագրել՝ մոռացված հինն է, որ կարող է նորարարական ուղղություն դառնալ, հաջողել է երբեմն, բայց պետության ոչ գործուն ջանքերի պատճառով ճանապարհը ոչ մի տեղ չի տարել։
Երբ փորձեցինք թեման ուսումնասիրել, 19-րդ դարից շատ տվյալներ գտանք։ 1830-ական թթ. Հայկական մարզում եղել է 285 ձիթհանք, որից գործել են 35-ը։ Դրանք տարեկան արտադրել են 15000 փութ յուղ (սա Ի. Շոպենի տվյալն է, որ մեջբերված է «Բուսական յուղերի արտադրությունն Արեւելյան Հայաստանում. 19-րդ դարի երկրորդ կես (Գոհար Առաքելյան)» ): Այլ աղբյուրների համաձայն էլ, որ կրկին մեջբերում ենք նշված աշխատությունից, չորս բաթման սերմնահատիկից քամում էին 1 բաթման յուղ՝ 1 ռ. 60 կոպեկից մինչեւ 2 ռ. 40 կոպեկ արժողությամբ (բաթմանը հավասար է 18 ֆունտի, իսկ մեկ ֆունտը՝ մոտ 410 գրամի)։ 1860-ական թթ. բուսական յուղի արտադրությունն աշխուժացավ: 1864 թ. տվյալներով Երեւանի նահանգում գործում էր 227 ձիթհանք, որոնցից 220-ը գյուղերում էին, իսկ 7-ը՝ քաղաքներում։ Այս ձեռնարկություններում աշխատում էր 700 բանվոր (մշակ), իսկ արտադրանքի տարեկան արժեքը կազմում էր 90000 ռ: Բուսական յուղի ստացման համար օգտագործում էին քունջութի, վուշի կամ կտավատի, գերչակի կամ տզկանեփի, կանեփի, բամբակի, ծխախոտի, սորուկի եւ այլ բույսերի սերմնահատիկներ: … Քունջութի ու կտավատի յուղատեսակները մեծ պահանջարկ ունեին տեղի եւ հարեւան նահանգների բնակչության շրջանում։ Կտավատի մշակմամբ զբաղվում էին երկրի լեռնային վայրերում: Հետաքրքիրն այն է, որ բացի ձիթայուղի ստացումից, Ալեքսանդրապոլի եւ Նոր Բայազետի գավառների բնակիչները կտավատից ստանում էին մանրաթել, որից գործում էին կոպիտ կտավ։ Յուղատեսակներից զատ սերմնահատիկների արտահանման խնդիր էլ չենք ունեցել: Երեւանի նահանգում աճեցրած քունջութի եւ կտավատի սերմնահատիկները մեծ պահանջարկ ունեին Անդրկովկասում, Ռուսաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում։ Ամեն տարի բավականաչափ քունջութ էր առաքվում Օդեսա։ Այն օգտագործում էին հալվայի արտադրության մեջ: 1886 թ. Բաթումի նավահանգստով արտահանվել է 66 720, իսկ 1888 թ.՝ 24220 փութ կտավատի սերմ:
Հայկական ԽՍՀ-ում մի շարք պետական տնտեսություններում կտավատ մշակել են: Հեռահար ծրագրեր կային (խորդենու օրինակով), բայց եկան այլ ժամանակներ: Հետանկախական Հայաստանում 2017 թ. համտես-ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել կտավատ արտադրողների խմբի արտադրանքը, դուրս բերել լայն շուկա եւ նպաստել Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացմանը (Լճափ համայնքի մասին էր խոսվում, թեեւ մարզի այլ գյուղեր էլ ավանդաբար զբաղվում են կտավատի մշակմամբ): Կտավատի յուղ արտադրողները կարեւոր խնդրից էին խոսում. ՌԴ-ից ներմուծումն ավելի մատչելի է։ Հաջողության հասնելու համար մենք պետք է ամբողջ արժեշղթան աշխատեցնենք՝ սկսած թելի արտադրությունից մինչեւ ձեթ ու անասնակեր: Սա նշանակում է, որ շղթայում պետք է ներառվի նաեւ վերամշակման փուլը: Գեղարքունիքում ավանդաբար այլ գյուղեր էլ էին կտավատ մշակում, օրինակ՝ Ծովինարը, Արծվանիստը, Վարդենիկը, բայց ծավալ չկար, հիմնականում սեփական կարիքների համար։ Մշակողներից մեկը պատմում էր, որ գումար չունի՝ սարքավորումները նորացնելու համար։ Իսկ հին սարքավորումներով վնասը շատ է՝ 4 կգ-ից 1 լ ձեթ, նորի պարագայում այդ 1 լ-ն 2.5 կգ-ից կստանա։ Բայց բանկերը չեն օգնում։ Դարձյալ գալիս ենք մի կետի՝ շրջանառու միջոցների պակաս:
Հաջողված օրինակ ունեցել ենք Լոռու մարզի Հարթագյուղում։ Երբ գյուղնախարարը այստեղ կտավատի ձիթայուղի արտադրամասում էր (2012 թ.), ֆերմերային խմբի ղեկավարը նրան ներկայացրեց սառը մամլման տեխնոլոգիայով (սա արհեստականորեն ավելացնում է ինքնարժեքը, բայց պահպանում է կտավատի ձեթի բուժական հատկությունները) ձիթայուղի ստացման գործընթացը՝ նշելով, թե 7 հա-ի վրա կատարված ցանքից ստացվել է ավելի քան 7 տոննա կտավատի սերմ, որից կորզված շուրջ 1550 լիտր բարձրորակ եւ էկոլոգիապես մաքուր յուղն իրացվել է Երեւանում, Վանաձորում եւ Սպիտակում:
Հայաստանից կտավատի ձեթ արտահանելու փորձեր եղել են, բայց արտադրության փոքր ծավալներով պայմանավորված ընթացքը չի կայունացել։ Խնդիրը հասկանալի է, լուծման ուղիները պարզ են։ Պետք է արձանագրենք մի բան. երբ պետությունը խոսում է այն մասին, որ բազմաթիվ հողտարածքներ չեն մշակվում, պետք է հասկանա, որ հողը հորդորելով չեն մշակում, որ մշակի գործը եկամտաբեր թե եղավ, նա անմշակ հողերն էլ է ներառելու: Իսկ եկամտաբերության համար պետությունը պետք է ձեռնտու գործիքակազմով կանգնի գյուղացու կողքին։