Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության աճը 11.8 տոկոս է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 5.8, իսկ 2021 թ. հունիսի համեմատ՝ 19 տոկոսով: Շինարարության ոլորտում հունվար-հունիսին արձանագրված աճը 12.7 տոկոս է, առեւտրի շրջանառությունն աճել է 10,7, ծառայությունների ծավալը՝ 26,9 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 44 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է 36,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48,7 տոկոսով: Սրանք վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Որպեսզի հասկանանք, թե այդ աճն ինչքանով է կայուն, պետք է պարզել, թե ինչի հետեւանք է այդ աճը, ինչն է նպաստել աճին։ Դրանից հետո արդեն հստակ կերեւակվի՝ աճը փխրո՞uն է, կարճաժամկե՞տ, թե՞ նախադրյալներ կան տեւական աճի։
Պատկերը հստակ ուրվագծելու համար մեզ կօգնեն մի քանի թվեր, օրինակ՝ արդյունաբերական ոլորտի։ Այո, ըստ վիճկոմիտեի տվյալների, 5.8 տոկոս աճ եղել է, բայց կոմիտեն այլ տվյալ էլ է ներկայացնում՝ արդյունաբերական գների ինդեքսի. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական գների ինդեքսն աճել է 7.8 տոկոսով։ Մեկ այլ տվյալ՝ արտաքին առեւտրաշրջանառության մասով. ինչպես տեսանք, ավելի շատ ներմուծել ենք, քան արտահանել։
Բացի այդ՝ հաշվի առնենք մեկ այլ հանգամանք. համեմատությունը մի ժամանակահատվածի հետ է, երբ, մեղմ ասած, շատ վատ վիճակում էինք. ե՛ւ հետպատերազմական շրջանի սկիզբն էր, ե՛ւ համավարակի հետ կապված սահմանափակումներն էին նոր հանվում։ Ասել կուզի՝ մի փոքր շարժն անգամ տնտեսական աճ կգրանցեր։ Եթե սրան էլ հավելենք, որ ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված՝ մեր երկիր մարդկանց ու ֆինանսական հոսք եղավ, այդ՝ այսպես ասած աճային իրավիճակն ավելի պարզ կդառնա։ Երբ թուլանան աճին նպաստող այս գործոնները, այդ դեպքում ռիսկերն ավելի կերեւակվեն։ Մեր տնտեսությունն էլ, բնականաբար, էլ ավելի խնդիրների առաջ կկանգնի։
Վիճկոմիտեն տվյալներ է հրապարակել նաեւ, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս։ Թեեւ սա կանխատեսելի էր, եւ այդ մասին պարբերաբար խոսում էինք։ Խոսքը գյուղոլորտի մասին է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թ. առաջին կիսամյակում անկում է արձանագրվել՝ 5.5 տոկոս։ Այն պարագայում, երբ դարձյալ ռուս-ուկրաինական (իմա՝ Արեւմուտք-Ռուսաստան) դեպքերով պայմանավորված պարենային ճգնաժամի մասին է խոսվում, եւ վտանգը շատ իրական է։ Այս անկումը փաստում է՝ հարկ է, որ պետությունը գյուղոլորտի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխի՝ աջակցության ծավալներն էապես ավելացնելով, այլապես մեր երկրի առջեւ ծառացած պաշտպանական խնդիրներին պարենայինն էլ կգումարվի՝ տնտեսական ու սոցիալական բարդագույն հետեւանքներով հանդերձ։
Տնտեսական աճից խոսելիս չմոռանանք գնաճի տեմպերից էլ խոսել։ Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ սպառողական գներն աճել են 8.1 տոկոսով, իսկ այս հունիսին նախորդ հունիսի համեմատ՝ 10.3 տոկոսով։ Իսկ այս ամսվա սկզբին հրապարակված տվյալներն ուսումնասիրելիս գնաճի տասներկուամսյա ցուցանիշն ենք տեսնում՝ 10.2 տոկոս։ Ինչը, իհարկե, շատ բարձր ցուցանիշ է։ Գնաճի պատճառների մասին (արտաքին ու ներքին գործոններ, Հայաստան մարդկային հոսքով պայմանավորված՝ սպառողական շուկայում պահանջարկի կտրուկ աճ եւն) այստեղ չենք ծավալվի, քանզի խոսել ենք առիթով։
Եվ ամենակարեւորը՝ երբ վիճկոմիտեն տվյալներ է հրապարակում, այդ տվյալներն անվանական են, փաստացի չեն։ Սա նշանակում է հետեւյալը. եթե այս տարվա հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսի աճը 8.1 տոկոս է եղել, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 11.8 տոկոս, ապա մեր ամբողջ տնտեսության մակարդակով փաստացի իրական աճը 3.7 տոկոս է կազմել։ Մի կողմից եթե հաշվի առնենք մեր երկրի համար ծագած աշխարհաքաղաքական մարտահրավերները, թեկուզ 3.7 տոկոս աճը վատ չէ, բայց հասկանանք, որ, այսպես ասենք, ուրախության պատճառ էլ չէ։ Որովհետեւ եթե աճին նպաստած գործոնները հաշվի ենք առնում, ապա այդ աճը կարճաժամկետ էֆեկտ ունի։ Մեր խնդիրն է ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որոնք թույլ կտան փաստացի աճի ծավալներն ավելացնել՝ դրանով աճի ամուր ու հեռանկարային հիմքեր ստեղծելով։