«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ
-Կրիպտոարժույթի քանի՞ տեսակ կա. կարծես ամենաշատը բիթքոինից է խոսվում, որը համարվում է առաջին կրիպտոարժույթը, բայց որի ստեղծողի ով լինելը ցայսօր պարզ չէ։ Թեման ուսումնասիրելիս ի՞նչ եզրակացության եք հանգել։
-Նախ ասեմ՝ ինչ է կրիպտոարժույթը. այն թվային արժույթի տարատեսակ է, որի հաշվարկային միավորների հաշվառումն արվում է ապակենտրոնացված եւ ինքնաշխատ ռեժիմով գործող վճարային համակարգի կողմից: Ինքնին կրիպտոարժույթը չունի նյութական կամ էլեկտրոնային ձեւ, այն ընդամենը հաշվարկային միավորների համապատասխան թիվ է՝ գրանցված տվյալների փոխանցման համակարգի տեղեկատվական հարթակի համապատասխան դիրքերում: Հիմա կրիպտոարժույթների ավելի քան 18000 տեսակ կա, եւ օրական շուկայում հայտնվում են դրանց 30 եւ ավելի նոր տեսակներ: 2021 թ. կրիպտոարժույթների թիվը գրեթե կրկնապատկվել է: Սակայն դրանց 80 եւ ավելի տոկոսը որեւէ արժեք չի ներկայացնում եւ շուկայում լայն ճանաչում չի գտնում: Ներկայում կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիան մոտ է 3 տրլն դոլարին: Այս թիվը տատանողական է, քանզի կախված է կրիպտոարժույթների տվյալ պահի փոխարժեքներից, որոնք խիստ տատանողական են՝ հիմնական արժույթների համեմատ: Գամ բիթքոինին. սա առաջին ապակենտրոնացված կրիպտոարժույթն է, որի մշակումները սկսվել են 2007-ից, եւ դրա թողարկումը տեղի է ունեցել 2009 թ.՝ Սատոշի Նակամոտո կեղծանվամբ անձի կամ անձանց խմբի կողմից: Բիթքոինի առաջին փոխանակումը տեղի է ունեցել 2009 թ. սեպտեմբերին՝ 5050 բիթքոինի դիմաց «PayPal» համակարգով ստացվել է ընդամենը 5.02 դոլար: Բիթքոինները հանդես են գալիս որպես գրառումներ՝ բլոկչեյն համակարգում. սա կրկնօրինակված եւ բաշխված տվյալների բազա է, որտեղ բոլոր գործարքները պահվում են հանրությանը հասանելի (չգաղտնագրված) ձեւով՝ նշելով ուղարկողների կամ ստացողների բիթքոին հասցեները, բայց առանց այդ հասցեների իրական սեփականատիրոջ մասին տեղեկությունների։ Ընդ որում տվյալների բազայում առանձին գրառումներ չկան որեւէ օգտատիրոջ կողմից բիթքոինների ընթացիկ քանակի վերաբերյալ: Միայն գործարքների շղթաների հիմամբ է պարզ դառնում բիթքոինների ներկայիս թիվը՝ կապված որոշակի բիթքոին հասցեի հետ: Բիթքոինները կարող են փոխանցվել ցանկացածին, ով տրամադրում է վավեր բիթքոին հասցե: Բիթքոիններ փոխանցելու համար դրանց ներկայիս սեփականատերը ստեղծում է նոր գործարք, որը, բացի փոխանցված բիթքոինների քանակը նշելուց, պարունակում է նախաձեռնողի կողմից ստորագրված նախորդ գործարքի hash-կոդը, որով ստացվել են բիթքոինները, եւ, ըստ այդմ, նախորդ գործարքը դառնում է ընթացիկ գործարքի «մուտքը»: Նշվում է նաեւ նոր ստացողի հանրային բանալին կամ բիթքոինի հասցեն («ելք»): Գործարքն ուղարկվում է ցանց՝ առանց կոդավորման, եւ ցանցի մնացած հանգույցները, նախքան գործարքը մշակման ընդունելը, ստուգում են համապատասխան ստորագրությունները։ Ստորագրության ճշտությունը ցույց է տալիս, որ նախաձեռնողն իսկապես «ելքի» հասցեի գաղտնի բանալիի տերն է, եւ դրա հիմամբ բիթքոինները փոխանցվում են նոր օգտատիրոջը:
-Ինչո՞ւ է այն տարածում ստանում, չնայած պետությունների կողմից չի կարգավորվում, եւ խնդիրների դեպքում չկան հետստացման երաշխիքներ։
-Հարկ է նշել, որ բիթքոինը եւ բլոկչեյն համակարգը, որի հիման վրա վերջինս գործում է, շատ կարեւոր խնդիր են լուծել՝ կապված առանց միջնորդի գումարի արագ փոխանցման հնարավորություն ստեղծելու հետ: Պատմականորեն, հեռահար առեւտրի դեպքում վճարելու խնդրի առաջին լուծումը ուղղակիորեն կանխիկ գումար ուղարկելն էր: Միաժամանակ, գործարքի կողմերից չէր պահանջվում վստահել միմյանց, եթե վաճառողը կարողանար ստուգել ստացված գումարի իսկությունը, իսկ գնորդն ունենար գումարի փոխանցման հաստատում: Ժամանակի ընթացքում հայտնվեցին միջնորդներ, որոնց վստահում էին գործարքի երկու կողմերը, եւ գործարքները սկսեցին իրականացվել միջնորդավորված։ Գնորդը գումար էր փոխանցում միջնորդին, իսկ վաճառողն այն ստանում էր վերջինից կամ նրա ներկայացուցչից այլ վայրում: Ֆիզիկապես գումարի շարժը միշտ չէ, որ անհրաժեշտ էր, քանզի միջնորդները կարող էին օգտագործել իրենց մոտ տեղում առկա միջոցների պաշարը։ Միջնորդների դերում հետագայում սկսեցին հանդես գալ բանկերը: Փողի զանգվածային ֆիզիկական փոխադրման վերացումը հնարավորություն տվեց արագացնել վճարումների գործընթացը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց արժեքը եւ դարձնելով ավելի անվտանգ։ Նման վճարային համակարգերի լրացուցիչ հնարավորություններից է վճարումները արգելափակելու կամ չեղարկելու հնարավորությունը:
Համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ զգալիորեն պարզեցվել եւ արագացվել են բանկային անկանխիկ վճարումները։ Սակայն դրանց գործածումը պահանջում է որոշ գաղտնի տեղեկությունների պարտադիր բացահայտում բանկերին, ինչը երբեմն նաեւ հասանելի է դառնում կարգավորող մարմիններին: Բազմիցս փորձեր արվել են ստեղծելու հեռահար վճարային համակարգ, որն ավելի էժան եւ քիչ կախված կլինի միջնորդներից, բայց ոչ պակաս հուսալի եւ ապահով: Սկզբնական շրջանում էլեկտրոնային փող ստեղծելու փորձերը, որը կարող էր փոխանցվել կոնտրագենտների միջեւ նույնքան հեշտ եւ հուսալի, որքան կանխիկ գումարը, հաջողության չհանգեցրին, քանզի այս դեպքում համակարգիչների միջոցով հնարավոր էր ստեղծել ցանկացած թվային տեղեկատվության ճշգրիտ պատճենը, ինչը թույլ էր տալու միեւնույն էլեկտրոնային փողի միավորը բազմիցս օգտագործել տարբեր վճարումների համար: Ըստ էության բլոքչեյն համակարգը, որի հիմամբ ստեղծվել է բիթքոինը, երկարաժամկետ տեղեկատվական խնդրի առաջին գործնական լուծումն է: Այն թույլ տվեց ապահովել գործարքի կողմերի միջեւ վստահությունը ստացված տեղեկատվության նկատմամբ այն իրավիճակում, երբ կողմերից ոչ մեկը վստահություն չունի ոչ մյուս կողմի գործողությունների, ոչ էլ կապուղու բաց եւ անապահով լինելու նկատմամբ: Այս պատճառով, կրիպտոարժույթներից բացի ցանկացած էլեկտրոնային վճարային համակարգում միայն երրորդ կողմի վստահելի միջնորդն է երաշխավորում վաճառողին, որ նա չի ստացել նախկինում ինչ-որ մեկին վճարված գումարի պատճենը: Բիթքոինն առաջինն էր, որը հնարավորություն տվեց ինտերնետի միջոցով առանց արտաքին երաշխավորների ներգրավման այլ անձի սեփականության իրավունքը ուղղակիորեն փոխանցելու, մինչդեռ ոչ ոք չի կարող վիճարկել փոխանցումը, գործարքներ կատարելու համար չկա պարտադիր միջնորդավճար եւ ցանկացած գործարք իրականացվում է կողմերից յուրաքանչյուրի համար անվճար:
-Այս ծածուկ արժույթը ծածուկ հարստանալու ձե՞ւ է, փողի լվացման միջո՞ց, թե՞ սպեկուլյատիվ փուչիկ։
-Այստեղ պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել: Փաստացի բլոքչեյն համակարգը հնարավորություն է տալիս առանց միջնորդի արագ եւ անվճար վճարումներ անել առցանց համակարգում: Սակայն, քանի որ վերջինս անանուն է եւ փաստացի սեփականատիրոջ ինքնությունը չի նույնականացվում, այլ ընդամենը գործում են կոդավորված հասցեներ ու տվյալ պահին հնարավոր էլ չէ տեսնել, թե տվյալ օգտատերը որքան կրիպտոարժույթ ունի, ապա սա լայն հնարավորություններ է ստեղծում փողերի լվացման եւ այլ ֆինանսական մեքենայությունների համար: Ահա թե ինչու են պետությունների կենտրոնական բանկերը նման զգուշություն ցուցաբերում կրիպտոարժույթների նկատմամբ: Բացի այդ, կրիպտոարժույթների փոխարժեքները խիստ տատանողական են, եւ դրանցում ներդրումները խիստ ռիսկային են: Ավելին, բիթքոինների մայնինգի համար բավական մեծ էլեկտրաէներգիա է ծախսվում, ընդ որում ոչ էկոլոգիապես մաքուր աղբյուրներից, ինչն արդեն իսկ հարցականի տակ է դնում դրանց տնտեսական արդյունավետությունը: Այսինքն, բիթքոինն իրականում խրախուսում է հաշվողական հզորությունների հետագա ավելացումը եւ դրա հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսերի ավելացումը: Գաղափարն այն է, որ որքան շատ համակարգիչներ են ներգրավված այս գործընթացում, այնքան այն ավելի ապահով է դառնում, քանզի ամեն ոք, ով կցանկանա խաթարել համակարգը, պետք է օգտագործի առնվազն այնքան հաշվողական հզորություն, որքան մնացած մայներները միասին վերցրած: Սա նշանակում է, որ բիթքոինի արժեքի աճի հետ մեկտեղ, այն ստեղծելու եւ պահպանելու ծախսերը անխուսափելիորեն ավելանում են: Ենթադրվում է, որ մայնինգի ընթացքում համակարգիչներն ամեն վայրկյան 160 կվինտիլիոն հաշվարկներ են իրականացնում, եւ համակարգչային այս հսկայական ծախսը կրիպտոարժույթների խոցելի տեղն է, քանզի այդ հաշվարկները որեւէ այլ նպատակի չեն ծառայում, եւ դրանց արդյունքներն անմիջապես դեն են նետվում: Ինչ վերաբերվում է ֆինանսական փուչիկ լինելուն, ապա կարծիքները տարբեր են։ Որոշ մասնագետներ կարծում են, որ սա ապագայի փողն է եւ վաղ թե ուշ դուրս կմղի իրական փողը շրջանառությունից, իսկ ոմանք էլ պնդում են, որ կրիպտոարժույթները ծառայում են լոկ ֆինանսական սպեկուլյացիաների համար եւ հերթական ֆինանսական բուրգն են: Ըստ ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Շիլլերի, բիթքոինը նմանություններ է ցույց տալիս տնտեսական փուչիկի հետ եւ միաժամանակ, կրիպտոարժույթներ օգտագործող ցանկացած առեւտուր կտուժի դրանց հսկայական անկայունությունից: ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավար Ալան Գրինսպենը բիթքոինն անվանել է պղպջակ՝ առանց հատուկ արժույթին բնորոշ արժեքի: Հայտնի գործարար Ուորեն Բաֆեթն էլ բիթքոինն անվանել է «միրաժ» եւ խորհուրդ է տալիս «հեռու մնալ դրանից»: Իսկ «Goldman Sachs» ներդրումային բանկի փորձագետները, համեմատելով բիթքոինի, էթերիումի եւ ընկերությունների բաժնետոմսերի գնանշումները, որոնք հայտարարել են իրենց բիզնեսում բլոկչեյն տեխնոլոգիայի ներդրման մասին, եկել են այն եզրահանգման, որ կրիպտոարդյունաբերության շուրջ հսկայական փուչիկ է ձեւավորվում:
-Միջազգային վերաբերմունքն է ի վերջո անհասկանալի։ Կողմ լինելով դեմ են կամ հակառակը. գործածությունը չի արգելվում, բայց պետությունները պատասխանատվություն չեն կրում։ Ի վերջո՝ ո՞ւմ է սա ձեռնտու։
-Կրիպտոարժույթների կարգավորման գլոբալ մոտեցում վերջնականապես ձեւավորված չէ, սակայն կարգավորման խստացման միտումներ կարելի է նկատել: Մի շարք երկրներ արդեն մտցրել են կրիպտոարժույթների մայնինգի եւ օգտագործման արգելք (Չինաստան, Իրան) կամ պատրաստվում են նման արգելք մտցնել: Որոշներ էլ թույլատրում են կրիպտոարժույթների փոխանակման գործունեությունը, սակայն համակարգված խստացնում են դրանց նկատմամբ պահանջները ՓԼԱՖ դեմ պայքարի առումով: Առաջատար երկրների կարգավորիչները սպառողներին զգուշացնում են կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելու բարձր ռիսկերի մասին: G20-ի գագաթնաժողովում նշվել է, որ կրիպտոակտիվները որպես վճարման միջոց «հարյուր անգամ ավելի քիչ արդյունավետ են, քան ավանդական վճարային համակարգերը»: Կրիպտոարժույթների հետ կապված ֆինանսական կայունության հնարավոր ռիսկերը զգալիորեն մեծ են զարգացող երկրների համար, որտեղ արժութացման մակարդակն ավելի բարձր է եւ ֆինանսական գրագիտության մակարդակն ավելի ցածր: Զարգացած եւ հատկապես պահուստային արժույթ ունեցող երկրները առայժմ կարող են իրենց թույլ տալ ավելի մեղմ վերաբերմունք կրիպտոարժույթների նկատմամբ՝ գնալով աստիճանական ճանապարհով։
-Հայաստանն այս առումով ի՞նչ ուղղությամբ է գնում, կարծես արգելված չէ, բայց խաղի կանոններ էլ չկան։ Ավելին՝ ԿԲ-ն ոչ միայն զգուշացնում է այս ոլորտում էական ռիսկերի մասին, այլեւ հորդորում զերծ մնալ կրիպտոակտիվների փոխանակման եւ առուվաճառքի, վճարումների ընդունման, ներդրումների կամ այլ գործարքների իրականացումից:
-Հայաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կանոնակարգող օրենսդրությունը բացակայում է: Դրանք շրջանառվում են, սակայն որեւէ իրավական կարգավորման չեն ենթարկվում: Մեզ մոտ օրինական վճարամիջոց չեն, սակայն գործարքների կողմերի համաձայնությամբ վճարումները միմյանց միջեւ կարող են իրականացվել կրիպտոարժույթներով: Մեր ԿԲ-ն զգուշավորություն է ցուցաբերում կրիպտոարժույթների նկատմամբ, քանզի դրանց տարածումը էական սպառնալիք է ներկայացնում ֆինանսական համակարգի կայունության համար։ Բացի այդ, տնտեսության այսպես կոչված կրիպտիզացումը սահմանափակում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, ինչի հետեւանքով գնաճը զսպելու համար անհրաժեշտ կլինի մշտապես պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելի բարձր մակարդակ, ինչը կզսպի տնտեսական ակտիվությունը, նաեւ կսահմանափակի վարկերի հասանելիությունը քաղաքացիների ու բիզնեսի համար: Կրիպտոարժույթների լայն տարածումը կարող է հանգեցնել նաեւ քաղաքացիների խնայողությունների դուրսբերման Հայաստանի ֆինանսական հատվածի սահմաններից, ինչի հետեւանքով կնվազի իրական հատվածը ֆինանսավորելու վերջինիս կարողությունը եւ ըստ այդմ էլ տնտեսական աճը:
-Եվ, որպես տնտեսագետ, Ձեր խորհուրդը՝ ի՞նչ անել։
-Նախ՝ հաջողված արժույթի երկու հիմնական բնութագրիչ կա՝ արդյունավետ փոխանակման հնարավորությունը եւ պահուստավորման համար արժեքի կայունությունը: Բիթքոինը չունի ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը: Հաշվարկների համար կրիպտոարժույթների օգտագործման երկարաժամկետ ներուժը կարծես սահմանափակ է, իսկ դրանց շուկայական արժեքի արագ աճը որոշվում է հիմնականում սպեկուլյատիվ պահանջարկով՝ փոխարժեքի հետագա աճի ակնկալիքով, ինչը հանգեցնում է ֆինանսական փուչիկի ձեւավորման։ Կրիպտոարժույթներն ունեն նաեւ ֆինանսական բուրգին բնորոշ որոշ տարրեր, ինչպիսին է օրինակ այն, որ դրանց գների աճին մեծապես նպաստում է շուկա նոր մուտք գործած մասնակիցների պահանջարկը: Ինչպես ցանկացած դրամական ակտիվ՝ ոսկուց մինչեւ ԱՄՆ դոլար, բիթքոինը կպահպանի իր արժեքը այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ պատրաստ են ընդունել այն: Բայց ակտիվ կիրառելու պատրաստակամությունը միշտ կախված է վերջինիս արժեքից, որը կախված է նաեւ դրա կիրառելիությունից, եւ ոչ միայն այն տնօրինելու, այլեւ մարդկանց պատրաստակամությունից: Օրինակ, ոսկուց կարելի է պատրաստել զարդեր, դոլարով կարող են մարվել պարտավորություններ, իսկ բիթքոինը արժեքի աղբյուր որպես այդպիսին չունի: Եթե ապրանքների ու ծառայությունների համար վճարելիս բիթքոիններն այլեւս չեն ընդունվում, ապա դրանց արժեքը կհավասարվի զրոյի: Կրիպտոարժույթների գինը շատ անկայուն է եւ կախված է օգտատերերի պահանջարկից, ներդրողների արձագանքից կարգավորիչների, խոշոր ընկերությունների հայտարարություններին: Բացի բարձր անկայունությունից, կրիպտոարժույթները բնութագրվում են միջոցների անդառնալի կորստի, ինչպես նաեւ խարդախության, հաքերային հարձակումների զգալի ռիսկերով՝ իրավական պաշտպանության բացակայության պատճառով։ Կրիպտոարժույթների անանուն բնույթի պատճառով դրանք զանգվածաբար օգտագործվում են հանցավոր տարբեր սխեմաներում: Այս ամենը սպառողներին պոտենցիալ ռիսկի է ենթարկում, եւ եթե ծածկույթը մեծանա, կարող է վտանգ ներկայացնել ֆինանսական կայունության համար:
Սակայն ինքնին բլոքչեյն համակարգի կիրառումը տարբեր ոլորտներում բավական արդյունավետ կարող է լինել՝ վերը թվարկված առավելությունները հաշվի առնելով, իսկ ինչ վերաբերում է կրիպտոարժույթներին, ապա անհրաժեշտ է օրենսդրությամբ կանոնակարգել դրանց ստեղծումն ու շրջանառությունը: Մյուս կողմից էլ, կրիպտոարժույթների ստեղծման նպատակը պոտենցիալ գրավիչ վճարման հարմար միջոցի ապահովումն է, առանց միջնորդների արագ եւ անվտանգ գործարքների իրականացումը։ Ուստի, կարծում եմ, ներկայումս կարող է լուրջ քննարկվել ԿԲ-ի կողմից սեփական թվային արժույթի (DCCB) թողարկման հնարավորությունը եւ վճարային նոր ենթակառուցվածքի ձեւավորումը, ինչը թույլ կտա քաղաքացիներին, գործարարներին եւ պետությանը՝ ակնթարթորեն գործարքներ անել նվազագույն միջնորդավճարներով: