Չենք կարող ասել, թե պատերազմը հայ-ադրբեջանական սահմանին է, ինչպես այս օրերին՝ սեպտեմբերի 13-ից հետո ձեւակերպվում էր (թեեւ «պատերազմ» եզրույթը չէր գործածվում, բայց լայնածավալ հարձակումները հենց դա էին ապացուցում), որովհետեւ սահմանը ՀՀ ինքնիշխան տարածքից ներս էր տեղափոխվել դեռ 2021 թ. մայիսից։ Իշխանությունն ինքը ԱԺ-ում հայտարարեց, թե «Ադրբեջանը վերջին օրերին օկուպացրել է 10 քառ. կմ տարածք ՀՀ սուվերեն տարածքից, եւս 40 քառ. կմ տարածք ադրբեջանցիներն օկուպացրել էին 2021 թ. մայիսին»: (ՀՀ ԶՈՒԳՇ պետը երեկ այլ տվյալներ հրապարակեց. թշնամին մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնության ճակատով՝ մինչեւ 7.5 կմ խորությամբ)։
Մենք հիմա իրավունք չունենք նաեւ այս պահին մեր զգոնությունը կորցնել՝ մտածելով, թե թշնամին Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ թուլացրել է կրակը։ Դատելով թշնամու վարքագծից եւ նախորդ փորձերից՝ նա հիմա մեր իսկ տանը, մեր իսկ բարձունքներում ու դիրքերում ամրանալու է, ճանապարհներ բացելու, որպեսզի հետո ավելի նպաստավոր դիրքերից կրկին հարձակվի ու կրկին առաջ գա։ 2021 թ. մայիսից հետո թշնամին մեր տարածքից չվռնդվելու հետեւանքով է ձեռք բերել այդ համարձակությունը։
Բացի այդ, հաշվի առնելով Անկարայի աջակցությունը եւ Ադրբեջանի վերջին տարիների ռազմական բյուջեների ծավալը, Բաքուն ամենեւին էլ մտադիր չէ հետքայլ անել։ Խոսենք թվային փաստերով նաեւ։ Ամեն տարի Բոննի կոնֆլիկտների ուսումնասիրության միջազգային կենտրոնի (BICC) գլոբալ ռազմականացման ինդեքսը (GMI) ներկայացնում է երկրի ռազմական ապարատի հարաբերական կշիռն ու նշանակությունը մյուս ոլորտների հետ համեմատած: Ինդեքսային այս նախագիծը ֆինանսական աջակցություն է ստանում Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից: Հիմա՝ ըստ այս գլոբալ ռազմականացման ինդեքսի 2020 թ. տվյալների (զեկույցը հրապարակվել է տարեվերջին)՝ վարկանշավորվել էին առաջին տասը երկրները, որոնք բանակին հատկացրել էին հատկապես մեծ քանակությամբ ռեսուրսներ։ Դրանք էին Իսրայելը, Հայաստանը, Օմանը, Բահրեյնը, Սինգապուրը, Սաուդյան Արաբիան, Բրունեյը, Ռուսաստանը, Քուվեյթը եւ Հորդանանը: GMI 2021-ում (տվյալները հրապարակվել են 2022 թ. հունվարին) արդեն բոլորովին այլ պատկեր էր՝ Իսրայելը, Օմանը, Ադրբեջանը, Քուվեյթը, Հայաստանը, Սաուդյան Արաբիան, Բրունեյը, Բահրեյնը, Սինգապուրը եւ Ռուսաստանը:
Պարզաբանենք նաեւ, որ GMI-ի համար երկրների պաշտպանական ծախսերի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը պետական բյուջեով համապատասխան հատկացումներն են։ Այսինքն՝ դիտարկվում է բյուջետային հատվածից հատկացվող ծախսը, եւ, ըստ թվերի, կազմվում է ռազմականացված երկրների ցանկը։ Մինչդեռ այս թվերը կարդալու եւ իրական պատկերը ստանալու համար պետք է հաշվի առնենք մի քանի թվեր եւս՝ բյուջեի եկամուտներ, ՀՆԱ, զուտ ռազմական ծախսեր եւ հարկ եղած պարագայում ձեռքի տակ եղած կանխիկ փող, որ կարող է անհապաղ եւ առանց ուշացման ուղղորդվել ռազմական ծախսերի ավելացմանը։ Ըստ այդմ, եթե հաշվի առնենք մեր ու թշնամու բյուջեների ծավալն ու ՀՆԱ-ի թվերը, պատկերը հստակ կտեսնենք։ Թեեւ եթե նույնիսկ այս թվերն էլ չդիտարկենք եւ զուտ հենվենք GMI-ի բացարձակ թվերի վրա, կտեսնենք, որ 44-օրյա պատերազմից հետո էլ Ադրբեջանն ավելացրել է ռազմական բյուջեն։
Այլ թվեր մեջբերենք՝ ըստ SIPRI-ի (սա Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ է), Ադրբեջանն արդեն 2020-ին էր ավելացրել իր ռազմական ծախսերը, իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը՝ կրճատել էր (զեկույցը հրապարակվել է 2021 թ. ապրիլին)։ Այս ինստիտուտի փորձագետները զեկույցում նշել էին, որ 2020 թ. Ադրբեջանը 17 տոկոսով ռազմական ծախսերն ավելացրել էր (Արեւելյան Եվրոպայում ամենամեծը հարաբերական ցուցանիշներով), այն պարագայում, երբ Հայաստանը կրճատում էր արել 2.6 տոկոսով։ 2021 եւ 2022 թվականներին էլ է Ադրբեջանն ավելացրել իր ռազմական բյուջեն (շուրջ 20 տոկոսով ավելացում է հաշվվում)։
Թյուրքական քաղաքականությունը չի փոխվել, եւ դրա վկայությունը մեր իրականությունն է. թշնամին մեր սահմանից ներս է։ Մտքի ծայրով անգամ անցկացնել, որ նա խաղաղություն է ուզում եւ մի պահի կանգ կառնի, առնվազն միամտություն է մեր կողմից։ Խաղաղություն ուզողը չի՛ հարձակվում, պատերազմ չի՛ սկսում, ամեն օր միջազգային ամենատարբեր հարթակներում չի՛ հոխորտում եւ պետական մակարդակով հայատյացությունը չի՛ հովանավորում։ Ընդգծենք. խաղաղությունը միակողմանի չի լինում, հետեւաբար՝ մեր կողմից ներկայացվող խաղաղության հայցն իրականում թշնամու կողմից մեր հանդեպ պատերազմի նոր վտանգ է։ Մենք պարտավոր ենք պատրաստվել հաջորդող իրադարձություններին եւ դրա համար պետք է ներդնենք համազգային մեր բոլոր ջանքերը եւ բոլոր ոլորտներում՝ կրթականից սկսած մինչեւ տնտեսական ու քաղաքական։