Հերթական անգամ Ադրբեջանի զինուժը խախտեց հրադադարի ռեժիմը Հայաստանի արեւելյան սահմաններին՝ կրակ բացելով ինժեներական աշխատանք կատարող ՀՀ ստորաբաժանման վրա: Պաշտոնական Բաքուն նման ձեւով է պատասխանում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու դիվանագիտական յուրաքանչյուր միջնորդության: Միջադեպի նախօրեին Ալիեւի հետ հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահը, կարեւորել հրադադարի պահպանումը եւ հայտարարել, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Էմանուել Մակրոնը շեշտել էր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Հրադադարի խախտմամբ պաշտոնական Բաքուն պատասխանեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մեկ այլ երկրի՝ ԱՄՆ-ին, որի օրենսդիր մարմնի հանրապետական եւ դեմոկրատ ներկայացուցիչներ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն բանաձեւի նախագիծ ներկայացրին, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումը Հայաստանի վրա: Օրինագծով կոչ է արվում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում Բաքվին հատկացվող ամերիկյան օգնությունը, հորդորվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար: Նախագծով առաջարկվում էր դիմել նաեւ միջազգային տրիբունալ՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները քննելու համար: Սենատոր Մենենդեսը Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունը դադարեցնելու կոչով նաեւ դիմել էր Ջո Բայդենի վարչակազմին:
Խաղաղասիրական ջանքերի, բանակցային գործընթացը շարունակելու մասին կոչերին Ադրբեջանը պատասխանեց ականանետների կրակով: Սա ավելորդ անգամ փաստում է, որ Բաքուն քաղաքակիրթ աշխարհի լեզուն չի ընդունում, ինչն էլ իր հերթին առաջնային խնդիր է դարձնում Ադրբեջանի վրա գործուն ազդեցության լծակների կիրառումը:
Այս ամենը խոսում է այն մասին, որ հայտարարություններն իրենց ազդեցությունը չեն ունենում Ադրբեջանի վրա, եւ պետք են գործնական միջոցներ: Սեպտեմբերի 28-ի միջադեպից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին, իսկ կառավարության հերթական նիստում բացեց փակագծերը՝ շեշտելով, որ նման առաքելություն կարող են ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն կամ մեկ այլ միջազգային կազմակերպություն:
Մյուս կողմից Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում սահմանների խախտման դեպքում կդիմի կոնկրետ գործողությունների: Ավելին՝ մեր հարավային հարեւանը զորքեր է տեղակայել Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Բաքվում Իրանի դեսպանը կրկնում է սահմանների անխախտելիության մասին դրույթը եւ հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական առաքելություն ստանձնելու իր երկրի պատրաստակամությունը:
Իրանի հետ միջուկային ծրագրի պատճառով խնդիրներ ունեցող ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ներկայացնող ԵԱՀԿ մյուս համանախագահող Ֆրանսիան, բնականաբար, չեն ցանկանում Հարավային Կովկասի կարգավորման գործընթացում տեսնել Իրանի առաջնայնությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ դրա համար նրանք պետք է հանդես գան պատասխան առաջարկներով՝ Իրանի գործողություններին հավասար կամ դրանցից ավելի գործուն: Բայց Իրանը հայտարարել է, որ տարածաշրջանի պատմական սահմանների, աշխարհաքաղաքական փոփոխությունների փորձերը կկանխի ռազմական միջամտությամբ: Հետեւաբար՝ այն դեպքում, երբ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայի խնդրով, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ներկայացնող Ֆրանսիան պետք է դրան գրեթե համարժեք միջնորդական գործնական քայլեր անեն լարվածությունը թուլացնելու եւ բանակցությունները վերսկսելու համար, հակառակ դեպքում Ադրբեջանի գործողությունները իրավիճակի հետագա լարում են նախանշում՝ աղետալի հետեւանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար: