1995 թ. նոյեմբերին, ավելի քան 6.5 տարվա դադարից հետո, վերսկսվեց հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործումը։ Ցայսօր տարբեր երկրների ու մասնագիտացված կառույցների փոխվստահելի համագործակցությունը ՀԱԷԿ-ի հետ շարունակվում է։ Եթե երբեմն ինչ-ինչ, այսպես ասած, որոշակի «սառեցումներ» եղել են (2000-ականներին եվրոպական կողմը կոչ էր անում ՀՀ-ին փակել ԱԷԿ-ը), դրանք արձանագրվել են զուտ քաղաքական տիրույթում, իսկ մասնագիտական շրջանակներում երբեւէ եւ այսօր էլ հայկական կողմը խնդիր չունի ո՛չ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման, ո՛չ էլ նոր բլոկի կառուցման մասով (հիմա քաղաքական շատ հարցեր էլ այլեւս արդիական չեն, քանզի Եվրահանձնաժողովը միջուկային էներգետիկան «կանաչ» է հայտարարել)։
Այս ամիս հաստատվեց. AOSA նախագիծը կշարունակի տեխնիկական աջակցությունը հայկական ատոմակայանին։ Ի դեպ, Եվրամիության օգնության ծրագրի շրջանակներում AOSA (Հայկական ԱԷԿ-ի հրապարակում աջակցության տրամադրում) նախագծով ՀԱԷԿ-ին տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում դեռ 2004-ից։ Իսկ նոր կնքված 4-ամյա պայմանագրի համաձայն՝ Enconet Consulting Ges mbH ընկերությունը կշարունակի աջակցել Հայկական ատոմակայանին տեխնիկական, միջուկային եւ շահագործական անվտանգության ոլորտներում։ Նախագծի հիմնական նպատակը ՀԱԷԿ-ի անվտանգության մշակույթի բարձրացման գործում աջակցության ցուցաբերումն է։ Նոր նախագծի իրականացման հարցերով մեկնարկային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀԱԷԿ-ում են եղել ԵՄ ներկայացուցիչները, Enconet կազմակերպության անդամները:
Նրանք տեխնիկական շրջայց են արել ՀԱԷԿ-ի արտադրական հրապարակում՝ ծանոթանալու թե՛ ընդհանուր առմամբ եւ թե՛ մասնավորապես ԵՄ աջակցությամբ կայանում իրականացված արդիականացման աշխատանքների ծավալին։
Ինչպես տեղեկանում ենք ՀԱԷԿ-ից, խորհրդակցության ընթացքում արդեն քննարկվել ու հստակեցվել են նախագծի շրջանակներում աջակցության ենթակա ուղղություններն ու միջոցառումները։ Իսկ հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել. «ՀԱԷԿ-ԵՄ երկարամյա համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ ու հաստատուն»:
Եվրոպական կողմի հետ հանդիպումից օրեր առաջ էլ հանդիպում էր ռուսական կողմի հետ։ Կայացել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման նախագծի համատեղ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։ Այս հանդիպման ընթացքում նախ հստակեցվել է նախագծի բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերի ցանկը, այնուհետեւ քննարկվել է նոր էներգաբլոկների կառուցման ճանապարհային քարտեզը, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կազմման ժամանակացույցը, համաձայնեցվել են ելակետային տվյալների տրամադրման ժամկետները, անդրադարձ է եղել նախագծի ֆինանսավորման պայմանների համաձայնեցման հարցերի վերաբերյալ մոտեցումներին ու ծրագրերին: Քննարկումների ընթացքում կարեւորվել է նախագծի իրագործման գործընթացում տեղային մատակար կազմակերպությունների ընդգրկման հարցը։ Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել առավել ակտիվ շարունակել աշխատանքները «Էներգետիկ եւ ոչ էներգետիկ նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագրի» (ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի կողմից այս տարվա հունիսի 28-ին հաստատված) վերաբերյալ աշխատանքային հանդիպման արձանագրության կետերի, մասնավորապես՝ ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծի շուրջ:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ