Պրահայում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով, որոնք որոշ դրույթներով հակասում էին միմյանց: Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում գրեց. «Պրահայում ես կրկին հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին դրական չարձագանքեց։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը եւ օրենսդրությունը»։
Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, թե Հայաստանի հանդեպ նախապայմաններ չունի եւ ցանկանում է Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորում: Էրդողանի երկրորդ նախադասությունը, սակայն, ըստ էության, նախապայմանների մասին էր. «Մենք ուղղակի ասում ենք՝ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ։ Դրանից հետո դուք մեզ հետ խնդիրներ չեք ունենա։ Մենք բացում ենք մեր դռները՝ օդային, ավտոճանապարհային, եւ երկաթուղիները»։
Իլհամ Ալիեւն էլ, հասնելով Ադրբեջան, տեղի «Ինտերֆաքսի» թղթակցին հայտնեց, թե հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը՝ հավաստիացնելով, թե ՀՀ-ն եւ ԵՄ-ն հարցեր չունեն Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ: Այն, որ հայկական կողմը բանակցությունների հիմքերի թվում ընդունելի է համարել այդ կետերը, վաղուց է հայտնի, ինչի մասին պաշտոնապես մի քանի անգամ հայտարարվել է: Սակայն հայկական կողմը բանակցություններին առաջադրել է նաեւ իր կետերը, ինչն ընդունված պրակտիկա է միջազգային բանակցական բոլոր գործընթացներում: Խոշոր հակամարտություն ունեցած պետությունների միջեւ երկխոսությունն ընթանում է բանակցող կողմերի ներկայացրած դիրքորոշումների ու տեսակետների շուրջ, եւ օրինաչափորեն պարզ է դառնում, որ այդ գործընթացում քննարկման ենթակա են բոլոր կողմերի դիրքորոշումները:
Այստեղ հատկանշականն այն է, որ Թուրքիայի նախագահը խոսում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին, իսկ իր «եղբայրը» դրական չի արտահայտվում ՀՀ վարչապետի՝ դրանք բացելու առաջարկին: Դասական տրամաբանությունը հուշում է, որ նման բարդ հիմնահարցերը, որոնք առկա են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարող են լուծվել հետեւողական աշխատանքի եւ համապատասխան բարենպաստ պայմանների դեպքում: ՀՀ վարչապետն առաջարկում է ստեղծել այդ բարենպաստ պայմանները՝ բացելով տարածաշրջանային հաղորդակցությունները:
Դատելով Ադրբեջանի ղեկավարի գործողություններից՝ կարելի է ասել, որ վերջինս ձգտում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցը լուծել ընդհանուր խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում: Սա էլ, իր հերթին, ենթադրում է բանակցությունների վերսկսում, որի շրջանակներում Բաքուն առաջարկել է նոյեմբերին կայանալիք հայ-ադրբեջանական բանակցային խմբերի հանդիպումը տեղափոխել հոկտեմբերին:
Համաշխարհային փորձը փաստում է, որ նման բարդ հարաբերությունները կարգավորելու համար պետք է հիմնարար եւ փաստարկված բանակցային գործընթաց: Մյուս կողմից էլ՝ բանակցություններում արագ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը եւ իրավական ուժ ունեցող փաստարկներ: Միայն այս պայմանների ապահովումը կարող է հանգեցնել նման բարդ խնդրի արագ, դիվանագիտական հանգուցալուծման: