Ամեն անգամ, երբ խոսվում է Հայաստանի արտաքին կուրսի փոփոխության հնարավորությունների, հետեւանքների, ռիսկերի ու զարգացումների մասին, փորձում ենք լսել այն մասնագետներին ու փորձագետներին, ովքեր առաջարկում են բազմավեկտոր քաղաքականության տարբերակը՝ հակիրճ ու ավելի պարզ ասած ելնելով այն պատճառաբանությունից, որ խաչմերուկներում գտնվող մեր փոքրատարածք երկրի տրամաբանությունն է հուշում տարբեր ուղղությունների հետ համագործակցության բազմաթեւությունը։ Եվ այս պարագայում ամեն անգամ մտքներովս անցնում է հայկական ատոմակայանի օրինակը։ Արտաքին ոլորտում համագործակցության մոդել, որ հաջողությամբ ցույց է տալիս տարբեր ուղղությունների հետ աշխատելու արդյունավետությունը։
Մեր ատոմային էլեկտրակայանը, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրներից է եւ որոշիչ դեր է խաղում ազգային էներգամատակարարման, էներգետիկ անվտանգության գործում, իր վճռական տարեթիվը 1966 թ. սեպտեմբերի 17-ին կնքեց։ Այս օրը ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի եւ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հետ համատեղ կայացվեց որոշում՝ Հայաստանում առաջին եւ դեռեւս տարածաշրջանի միակ ատոմային էլեկտրակայանը կառուցելու վերաբերյալ: Գիտության բնագավառի ավելի քան 50 հայազգի նվիրյալներ էական ներդրում ունեցան ԽՍՀՄ ատոմային ոլորտի զարգացման գործում, թեեւ հենց մեր հանրապետությունում գործնականում չկային ո՛չ ոլորտի մասնագետներ, ո՛չ գիտական-տեխնիկական համապատասխան ենթակառուցվածքներ: Այն ժամանակ համագործակցությունը հիմնականում ԽՍՀՄ տիրույթում էր. ընդհանուր առմամբ, շինարարական, մոնտաժման եւ գործարկման/կարգաբերման աշխատանքներում ներգրավվել էին ԽՍՀՄ հանրապետությունների ավելի քան 3000 աշխատակիցներ:
Հետոյին մեր սերունդն արդեն ականատես եղավ. 80-ականների վերջ, բուռն քաղաքական իրադարձությունների ժամանակահատված: ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. հունվարի 6-ին ընդունեց «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների կանգի եւ անդրկովկասյան հանրապետությունների էներգամատակարարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 15 որոշումը, որով ՀԱԷԿ-ը կանգնեցվեց: Որոշման համաձայն` 1989 թ. փետրվարի 25-ին կանգնեցվեց թիվ 1 էներգաբլոկը, 1989 թ. մարտի 18-ին` թիվ 2 էներգաբլոկը: 90-ականների սկզբին հանրապետությունում էներգապահովման ծանր վիճակ ստեղծվեց: Հայաստանը սնող գազատար խողովակագծի մշտական պայթյունները, խստաշունչ ձմեռները հասցրեցին իրավիճակն աղետայինի: Թիվ 2 բլոկի շահագործումը վերսկսելու վերաբերյալ որոշումն ընդունելուց առաջ կառավարությունը խորհրդատվության համար հրավիրեց բազմաթիվ իրավասու կազմակերպությունների։ Մշակվեցին «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների աշխատանքը վերսկսելու հայեցակարգ» եւ «ՀԱԷԿ-ի թիվ 2 բլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների ցանկ» փաստաթղթերը, որոնք հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից: Թիվ 2 էներգաբլոկի վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար պատրաստվեցին «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումը վերսկսելու նախապատրաստման աշխատանքների հայեցակարգային պլան», «ՀԱԷԿ-ի հետազոտման ծրագիր» եւ այլ փաստաթղթեր: 1995 թ. նոյեմբերին ավելի քան 6.5 տարվա դադարից հետո վերսկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործումը: Էներգաբլոկի վերագործարկման նախապատրաստական ընթացքից սկսած՝ ցայսօր ՀԱԷԿ-ն աշխատում է տարբեր ուղղությունների հետ։
Օրինակ՝ պլանային նախազգուշական վերանորոգումների 2021 թ. աշխատանքներին մասնակցեցին ոչ միայն մեր ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր արտադրամասերի աշխատակիցները, այլեւ այլ երկրների շուրջ 600 մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի եւ սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն: Ամենատարբեր ընկերությունների հետ ՀԱԷԿ-ի համագործակցության օրինակներ կարող ենք նշել. 1. «VUEZ A. S.» ընկերության հետ, որն արդեն տարիներ շարունակ գործունեություն է ծավալում ատոմային կայաններում ոչ միայն Սլովակիայի Հանրապետությունում, այլեւ Միջին Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ 2. «Гросс» ընկերության հետ Հայկական ԱԷԿ-ն արդեն տարիներ շարունակ ակտիվ համագործակցություն է ծավալում. դիզել-գեներատորների հիմնանորոգումից սկսած՝ սպասարկման եւ նորոգման այլ տարաբնույթ աշխատանքներ։ 3. Համագործակցություն կա նաեւ ՇԿՀԱ (Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիա) մոսկովյան եւ ատլանտյան կենտրոնների (ԱՄՆ) հետ։ 4. 2021 թ. համագործակցել է խորվաթական ընկերության հետ. թրծաթողման գործընթացից առաջ կատարվել էր ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում, աշխատանքներն իրականացրել էին «INETEC» ընկերության մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:
Այս ժամանակահատվածում համագործակցություն է եղել գերմանական «Bopp&Reuther» ընկերության, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, «Ռոսատոմ սերվիսի» եւ ռուսական ոլորտային տարբեր ընկերությունների ու ինստիտուտների, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի եւ այլ երկրների ընկերությունների ու մասնագետների հետ։ ՀԱԷԿ-ԵՄ միջազգային համագործակցությունն է շարունակվում, զուգահեռ ռուսական կողմի հետ քննարկվում են մեր երկրում նոր էներգաբլոկների կառուցման հարցերը, փոխգործակցության լավ հիմքեր մշտապես եղել եւ այսօր էլ կան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Երբ այս հոկտեմբերի 4-ին ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը մեր ատոմակայանում էր, վերջինս մեծ գոհունակությամբ նշեց, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, ինչը, անշուշտ, կերաշխավորի կայանի հետագա անվտանգ եւ հուսալի շահագործումը: «Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, եւ համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք, մեր հերթին, կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,- եզրափակել էր նա։ Նկատի ունենանք, որ այս կառույցի հետ դրական համագործակցությունը շատ կարեւոր է նաեւ միջուկային էներգետիկայի զարգացման մեր դիրքերը միջազգային շրջանակներում է՛լ ավելի ամրապնդելու առումով։
Համագործակցության օրինակների թվարկումը կարող ենք շարունակել, բայց այսքանն էլ բավարար է՝ հասկանալու այն, ինչ վերեւում նշեցինք՝ բազմավեկտոր քաղաքականության անհրաժեշտությունը։ Շատերին թյուրիմացաբար կարող է թվալ, որ միջուկային էներգետիկան այն ոլորտն է, որտեղ մասնագիտական առանձնահատկությունից ելնելով անհրաժեշտություն է բազմավեկտորությունը։ Ի պատասխան կարող ենք հարց հնչեցնել՝ իսկ ի՞նչ է, արտաքին քաղաքական ոլորտին մասնագետներ պետք չե՞ն։ Ցավոք, քաղաքական դաշտը հաճախ է «պարապ վախտի խաղալիք» դառնում, որովհետեւ կարեւորություն չենք տալիս մասնագետներին։
Այնպիսի մասնագետների, որոնք լրջորեն ու ամենայն մանրամասնությամբ կտիրապետեն Հայաստանի եւ այլ երկրների քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների յուրահատկություններին, այդ հարաբերություններում կկարողանան հայկական շահը ճիշտ ներկայացնելու ուղիներ գտնել, արտաքին հարաբերություններ ասվածը չեն սահմանափակի Ռուսաստան-Արեւմուտք շրջանակում, կգտնեն ձեռնտու այլ ուղղություններ՝ ցույց տալով այդ ուղղությունների երկկողմ շահերն ու հեռանկարները։
Այս գործելաո՛ճը միայն մեզ քաղաքատնտեսական նոր հնարավորություններ կբերի, որ կաջակցի ոչ միայն նոր կապեր ստեղծելուն-ամրացնելուն, այլեւ՝ գործողներն ամրապնդելուն։