Պրահայի քառակողմ՝ Հայաստան-Ֆրանսիա-Թուրքիա-Ադրբեջան հանդիպումից հետո թյուրքական պետությունների ղեկավարներն իրենց հայտարարություններում կրկին սկսեցին ավելի հաճախ օգտագործել «միջանցք» եզրույթը: Էրդողանը, ըստ էության, նախընտրական հայտարարությունների շրջանակներում հայտարարեց, թե այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» հարցում խնդիրներ չի տեսնում: Ալիեւն էլ այդ հանդիպումից ժամեր անց հայտարարեց, թե Հայաստանից ընդամենը ճանապարհ է ուզում դեպի Նախիջեւան եւ դրական պատասխան չի ստացել: Գործընթացներին քաջածանոթ յուրաքանչյուր ոք կհասկանա Ադրբեջանի առաջնորդի խոսքերի մանիպուլյատիվ բնույթը, եւ որ իրականում վերջինս Պրահայի հանդիպման ժամանակ խոսել է «միջանցքի» տրամաբանության շուրջ, առավել եւս, որ մինչ այդ Բրյուսելում բաց տեքստով հայտարարել էր, թե Բաքուն Հայաստանից պահանջում է անարգել մուտք դեպի «Զանգեզուրի միջանցք»՝ Լաչինի նմանօրինակով։
Օրերս էլ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էր ասել, թե Հայաստանը դեռ ստանձնած պարտավորություններ ունի կատարելու՝ հիշատակելով նաեւ «Զանգեզուրի միջանցքը». «Ադրբեջանը հայտարարում է, որ Լաչինն ու Զանգեզուրը պետք է նույն կարգավիճակն ունենան»: Այս թեմայի արծարծումը ստիպեց ՀՀ վարչապետին հրապարակայնորեն՝ «Թվիթերի» իր էջում անդրադառնալ թեմային: «Որեւէ մեկը կարո՞ղ է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին հիշատակում, որը վերաբերում է Հայաստանի տարածքին: Իհարկե՝ ոչ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա՞ «միջանցքի» մասին հիշատակում։ Այո՛, այն Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ, սա միակն է: Ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել պարտավորություններից խուսափելու մեջ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է երեք կետով ճանապարհ բացել ադրբեջանական մեքենաների համար, բայց ՀՀ օրենքների շրջանակներում:
«Միջանցքի» գաղափարի առաջմղման հարցում թյուրքական պետությունների ակտիվությունը եւ փաստարկներն արդեն սկսում են աշխատել հայկական կողմերի օգտին: Երբ Անկարան եւ Բաքուն հայտարարում են, թե Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է նույն կարգավիճակն ունենա, ինչ Բերձորի միջանցքը, ապա այս զույգ պետությունները դրանով առնվազն Արցախին Հայաստանի համար նույն կարգավիճակն են շնորհում, ինչպիսին ունի Նախիջեւանը Ադրբեջանի համար: Այլ կերպ ասած՝ «միջանցքի» հարցում ավելորդ ջանասիրությունը թյուրքական հին ավանդույթներով հայտնի դիվանագիտությունում ճեղքեր է առաջացնում:
Ամբողջ խնդիրն այն է, որ Բերձորի միջանցքի պահպանումը 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելու անխուսափելի նախադրյալներից էր՝ դրված հենց Ադրբեջանի առաջ եւ նրա ցանկությամբ: Պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը մի քանի ապարդյուն փորձեր էր արել գրավել միջանցքը՝ տալով մեծաթիվ զոհեր, եւ մեծ հարց էր, թե արդյոք կկարողանա՞ր ընդհանրապես գրավել Բերձորն ու անառիկ Քարվաճառը: Մյուս կողմից՝ էլ Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային կապի բացակայությունը կնշանակեր վերջինիս հայաթափում, որը ադրբեջանաթուրքական ցեղասպան քաղաքականության վերջին հանգրվանը կլիներ՝ իր բոլոր հետեւանքներով այդ երկրների համար: Հետեւաբար, ռազմական ագրեսիա եւ բազմաթիվ պատերազմական հանցագործություններ գործած թյուրքական պետությունները չէին կարող վերջնականապես ընդունել ահաբեկչական պետությունների կարգավիճակը եւ առաջին հերթին իրենք էին շահագրգռված Բերձորի միջանցքի գոյության մեջ, ուստի ամենեւին տեղին չէ վերոնշյալ երկու ճանապարհների միջեւ զուգահեռներ անցկացնելը: Դրա համար չկան նաեւ իրավական փաստական հիմքեր:
Եթե բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարած Ադրբեջանը մտահոգված է ՀՀ տարածքով ապագայում երթեւեկող իր քաղաքացիների անվտանգության հարցում, ապա դա այլ հարց է: Բանակցությունների միջոցով հնարավոր է գտնել փոխընդունելի լուծումներ այդ՝ Բաքվի ենթադրած ռիսկերը վերացնելու համար, իսկ դրա համար ընդամենը պահանջվում է կառուցողական եւ ոչ առավելապաշտական բանակցային մոտեցում խնդրին: