«Haqqin.az»-ը գրում է, որ Ադրբեջանը մեծացնում է պաշտպանական ծախսերը։ 2023 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 5.3 մլրդ մանաթ՝ Ադրբեջանի պաշտպանունակությունն ուժեղացնելու եւ ազգային անվտանգությունն ապահովելու համար, նշված է այդ պետության 2023 թ. բյուջեի նախագծում։ Ասվում է նաեւ, որ այս ցուցանիշը 17.1 տոկոսով գերազանցում է 2021 թ. պաշտպանական ծախսերի չափը։ Բյուջեի նախագծում ամրագրվում է, որ «պաշտպանունակության ամրապնդումն ու ազգային անվտանգության ապահովումը շարունակում են մնալ իրենց պետական բյուջեի ծախսերի հիմնական առաջնահերթությունը»։
«Rbc.ru»-ն այս տարվա սեպտեմբերի 16-ին, ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ սեպտեմբերի 13-ի գիշերը «Հայաստանի հետ սահմանին իրավիճակը կրկին սրվել է», գրում է, որ Ադրբեջանը 2023 թ. պաշտպանական ծախսերը կավելացնի գրեթե 5 տոկոսով։ «Հաջորդ տարի ռազմական ծախսերը կկազմեն 3.1 միլիարդ դոլար, ինչը 4.6 տոկոսով ավելի է, քան 2022 թ.։ Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հաջորդ տարվա համար ծրագրել է պաշտպանության եւ ազգային անվտանգության վրա ծախսել 5.32 միլիարդ մանաթի (3.1 միլիարդ դոլար) չափով, հայտնում է «Ազերթագը»։ Սա 235.3 միլիոն մանաթով (138 միլիոն դոլար) կամ 4.6 տոկոսով ավելի, քան 2022 թվականին»,- նշում է «Rbc.ru»-ն։
«Voice of Turkey» (Թուրքիայի ձայնը) լրատվական պորտալը գրում է, որ «Թուրքիայի ռազմական ծախսերը 2023 թ. կկազմեն ռեկորդային՝ 25.2 միլիարդ դոլար։ Թուրքիայի պաշտպանական ծախսերը 2023 թ. ծրագրված են 468.7 միլիարդ թուրքական լիրա, որը Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով (18.58 լիրա մեկ դոլարի դիմաց) կազմում է 25.2 միլիարդ դոլար։ Մինչ այս Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թ.՝ 20.6 մլրդ դոլար։ Անցյալ տարի դրանք կազմել են 15.4 միլիարդ դոլար։ Հետագայում նախատեսվում է մինչեւ 2024-2027 թթ. ռազմական բյուջեն հասցնել 30 միլիարդ դոլարի»։
«moscow-baku.ru»-ն դեռ 2021 թ. սեպտեմբերին հրապարակած «Ինչո՞ւ է Ադրբեջանը մեծացնում իր ռազմական բյուջեն ղարաբաղյան պատերազմից հետո» նյութում տվյալներ է նշում, ըստ որի՝ Ադրբեջանը բարձրացնում է իր ռազմական ծախսերը. հաջորդ տարի Ադրբեջանը պաշտպանության եւ անվտանգության համար կհատկացնի մոտ 2.7 միլիարդ դոլար. այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի 2022 թ. համախմբված բյուջեի վերաբերյալ ֆինանսների նախարարության կանխատեսմանը։ Այսպես. հաջորդ տարի Ադրբեջանի պետբյուջեում պաշտպանության եւ անվտանգության ծախսերը կկազմեն ընդհանուր ծախսերի 15.5 տոկոսը։ Բացի այդ, հանրապետության ֆինանսների նախարարության գնահատականներով, 2021 թ. հունվարից հունիս ամիսների ընթացքում կատարված ծախսերը գրեթե 74 տոկոսով գերազանցել են 2020 թ. ցուցանիշները, ինչը կազմել է տարվա համար նախատեսված ծախսերի 55 տոկոսը։ «Դեռեւս 2020 թ. վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ նախաձեռնել է երկրի բյուջեում ռազմական ծախսերի ավելացում։ Այնուհետ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանի 2021 թ. պետբյուջեի նախագծով պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման համար երկրի ծախսերը նախատեսված են 2.7 միլիարդ դոլարի չափով, ինչը 550 միլիոն դոլարով ավելի է, քան անցյալ տարի։ Երկրի ղեկավարը նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո ադրբեջանական բանակի հզորացումն անխուսափելի է»,- գրում է «moscow-baku.ru»-ն։ Եվ միաժամանակ հավելում Ալիեւի խոսքերը. «Մենք շարունակելու ենք հզորացնել մեր բանակը։ Հիմա քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն։ Իմ նախաձեռնությամբ ավելանում են ռազմական ծախսերը։ Նախ այն պատճառով, որ պատերազմի ժամանակ մենք շատ զենք ու զինամթերք ենք օգտագործել, սա պետք է համալրվի։ Միեւնույն ժամանակ նախատեսվում է շարունակել ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաներ»։
SIPRI-ի (Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ) տվյալներով՝ Ադրբեջանն արդեն 2020-ին էր ավելացրել իր ռազմական ծախսերը. զեկույցը հրապարակվել է 2021 թ. ապրիլին։ Զեկույցում փորձագետները նշել էին, որ 2020 թ. Ադրբեջանը 17 տոկոսով ռազմական ծախսերն ավելացրել էր, եւ սա Արեւելյան Եվրոպայում ամենամեծն էր հարաբերական ցուցանիշներով։ Ի դեպ, 2021 եւ 2022 թվականներին էլ է Ադրբեջանն ավելացրել իր ռազմական բյուջեն. ավելացումը հաշվվում է շուրջ 20 տոկոսով։
2020 թ. սկսած այլ տվյալներ էլ կարող ենք մեջբերել, բայց այսքանը բավարար է՝ ստանալու այն հարցի պատասխանը, թե ինչու է 2020 թ. Արցախի տարածքներին ռազմական ու մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններով տիրացած, 2021 եւ 2022 թթ. Հայաստանի ինքնիշխան պետության տարածք ներխուժած եւ դիրքեր գրաված ու այսօր էլ, իբր, խաղաղություն ուզող թշնամին ավելացնում ռազմական ծախսերը։ Հավելենք, որ Ադրբեջանը մշտապես ունեցել է Թուրքիայի բացահայտ աջակցությունը, ավելին՝ Թուրքիան մշտապես էլ հայտարարում է, որ Ադրբեջանը ամեն ինչ ճիշտ է անում, որ Հայաստանին պետք է դասեր տալ, որ Հայաստանը իր տեղը պետք է իմանա եւն։ «Anadolu»-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն օրերս նշել է, թե իրենք այնքան աճ ու զարգացում են գրանցել ռազմարդյունաբերության ոլորտում, որ կարող են ապահովել նաեւ իրենց դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները։ Եվ այդ երկրների շարքում նախարարը նշել է Ադրբեջանին, Կիպրոսի թուրքական հատվածին, Լիբիայի իր հովանավորյալ ուժերին։
Թուրքիան ընդհանրապես տարիներ շարունակ իր ծավալապաշտությունը հարեւան երկրների նկատմամբ անխոչընդոտ տարածում է՝ միջազգային որեւէ կոչի ու զգուշացման չլսելով։ Բավական է հիշենք Սիրիայի դեպքերը, արցախյան 44-օրյան… Հիմա էլ խաղում է Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից զգալի տնտեսական օգուտներ քաղում։ ԱՄՆ-ն ու Եվրոպան խոսում են Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումից, բայց առայժմ դեռ խոսում են։ Մեզ համար իրավիճակը սա է. Թուրքիան ինչքան անսանձ, Ադրբեջանը՝ այդքան լկտի։ Խաղաղությունը լավ բան է, բոլորս ենք ուզում, բայց ինչի՞ է հանգեցնելու մեր կողմից այդ խաղաղությանը պատրաստ չլինելը։ Իսկ պատրաստ չենք, որովհետեւ պատերազմին պատրաստ չենք (Հայաստանի ռազմական բյուջեի մասին խոսել ենք նախորդող հրապարակումներում, իսկ 2023 թ. նախատեսվող ավելացումը համեմատության եզր անգամ չունի Ադրբեջանի ցուցանիշի հետ)։ Այլ կերպ՝ խաղաղությունը միակողմանի է, ու այս դեպքում արդեն խաղաղություն հնարավոր չէ, մանավանդ երբ թշնամին ոչ միայն պետական մակարդակով չի թաքցնում այդ հայատյացությունը, այլեւ այն սերմանում է դպրոցներում, ինչը նշանակում է՝ հաջորդ սերունդն էլ է հայատյաց մեծանալու։ Հայատյացի ու հայի միջեւ խաղաղությունն ի՜նչ ձեւաչափով է լինելու։
Ինչեւէ, խաղաղություն, իբր, ուզողը իր գործն է անում, մենք մերը պետք է անենք։ Աշխարհը շատ արագ է փոփոխվում, հնարավոր են մեզ ձեռնտու եւ ոչ ձեռնտու փոփոխություններ։ Մենք պարտավոր ենք պատրաստվել հաջորդող իրադարձություններին եւ դրա համար պետք է աշխատենք ներսում բոլոր ոլորտներում՝ նախակրթականից սկսած մինչեւ տնտեսական, եւ դրսում՝ բոլոր խողովակներով՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ու մշակութային։ Աշխատենք մեզ համար շահավետ շրջանակներում ու շրջանակների հետ։ Ու այս ամենը պետք է ուղղել մեր պաշտպանական ոլորտի հզորացմանը։ Իսկ սրա համար նախ պետք է տնտեսությունն ուժեղացնենք։ Առանց այս ամենի լինելու ենք պարտադրվողի, թելադրվողի դերում։ Բայց կարող ենք եւ չլինել. որոշելիքը մերն է։