Գիտություն-տնտեսություն շղթան աշխատեցնելու օղակում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած պետության կողմից ոչ պատշաճ ուշադրությունից, անբավարար միջոցներից մինչեւ մեր գործարարների անգիտություն կամ լրացուցիչ գումար ծախսելու ժլատություն, աննպատակահարմարություն։ Գուցե փոքր-ինչ կոպիտ է ասված, բայց իրականությունն է։ Փաստը, ի դեպ, մեզ հետ ամենատարբեր զրույցներում չեն ժխտել ոչ գործարարները, ոչ գիտնականները։ Գործարարը, նորարարությանը չվստահելով, լրացուցիչ գումարի ծախսումը համարում է ոչ ձեռնտու, գիտության մարդն էլ, խոսքի ազդեցության հմտություններին չտիրապետելով, գուցե ճիշտ չի կարողանում ներկայացնել իր ստեղծածը։ Այս երկու օղակների միացման դերը պետք է պետությունը կատարի, բայց, ընդհանուր առմամբ, այդ հատումը տեղի չի ունենում։ Նա, ով կարողանում է ներկայացնել իրեն ու իր արարումը, բառացիորեն խլվում է միջազգային հարթակի կողմից։ Խլվում է՝ անուղղակի կամ ուղղակիորեն։ Անուղղակի, երբ արանքում դրամաշնորհ կա. այսինքն՝ իրապես չգիտենք, թե 5 ծրագրից չշահած 4-ը իրապես ինչ ճակատագիր են ունենում, եւ ուղղակի, երբ գիտնականը, այստեղ չիրացվելով, գնում է արտերկրում աշխատելու։
Ինչեւէ, հիմա մեր գիտնականները մեզ համար հետաքրքիր մի նոր «բանաձեւ» են տվել։ Եթե հակիրճ, ապա ամեն տարի Սեւանի «ծաղկող» խնդրից կարող ենք կենսավառելիք ստանալ։ Թեման մի փոքր մասնագիտական շրջանակում ներկայացնենք։ Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Սեւանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաեւ միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ եւ էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր։ Նշյալ գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ Վիգեն Գոգինյանը, ով նաեւ հետազոտության գիտական ղեկավարն է, բացատրել է, որ «ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները պրոկարիոտ գրամ-բացասական բակտերիաների մեծ բաժին են, որոնք կատարում են ֆոտոսինթեզ՝ արդյունքում արտազատելով մոլեկուլային թթվածին։ Այս միկրոօրգանիզմները, ինչպես եւ կանաչ միաբջիջ միկրոջրիմուռները, համարվում են լիպիդների ստացման հեռանկարային աղբյուրներից մեկը եւ ունեն օգտագործման մեծ հնարավորություն կենսաէներգետիկայում։ Ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսավառելիքը, ի տարբերություն էներգիայի այլ աղբյուրների, էկոլոգիապես ամենամաքուր եւ վերականգնվող ռեսուրսներից մեկն է»։
Հետազոտությունները ցույց են տվել, որ «ցիանոբակտերիաների ուսումնասիրված բոլոր շտամների մոտ գերակշռում է պալմիտինաթթվի եւ մոնոենային պալմիտօլեաթթվի սինթեզը, ընդ որում՝ դրանց ավելի բարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Microcystis sp. Pc-001 կուլտուրայի մոտ համապատասխանաբար 16.89 տոկոս եւ 22.28 տոկոս: Բացի դրանից, այդ շտամի մոտ՝ հայտնաբերված է մեծ քանակությամբ հեպտադեցենոաթթու (17.99 տոկոս), ստեարինաթթու (7,01 տոկոս) եւ մոնոենային դոկոզադիենաթթու (6.25 տոկոս)՝ գործնականում հագեցած եւ չհագեցած ճարպաթթուների գրեթե հավասար հարաբերակցությամբ»:
Մի խոսքով՝ ցիանոբակտերիաները, ինչպես նաեւ միկրոջրիմուռները կարող են համարվել ոչ միայն ճարպաթթուների հարուստ եւ էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր, այլեւ ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ շատ ավելի արագ եւ մեծ քանակությամբ, որոնք կիրառելի կլինեն նաեւ բժշկության մեջ։ Ուշագրավ է, որ, ըստ հետազոտության գիտական ղեկավարի խոսքի, այս միկրոօրգանիզմների վրա հիմնված պատրաստուկները, որպես կանոն, ունեն բազմակողմանի ազդեցություն եւ արտադրական ցածր ինքնարժեք։
Այս հետազոտությունն արվել է «Հայկենսատեխնոլոգիայի» բազային ֆինանսավորման շրջանակներում: Գիտափորձերի այս արդյունքները կիրառության մեջ կմտնե՞ն, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Ամեն բան կախված կլինի տնտեսական շահավետության հարցի պարզաբանումից։
Կարեւոր է հասկանալ, որ ընդհանրապես գիտություն-տնտեսություն շղթան աշխատեցնելուց շահելու են գիտնականը, գործարարը, երկիրը։ Երկրին ձեռնտու միտքը պետք է մտնի արտադրական շրջափուլ։ Այն է՝ միտքը պետք է ծավալ ստանա, որ իբրեւ նմուշ չմնա (դրա անհրաժեշտությունն ընդգծել ենք նաեւ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսից հետո, որտեղ ապահովված էր մտքի ցուցադրությունը)։ Միտքը մեր պետության համար կենսական շահի կվերածվի, երբ իրացվի։