Գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ խնդիրներին անդրադառնալիս դրական մի փաստ մշտապես արձանագրում էինք՝ հնարավորինս մատչելի գյուղվարկերը։ Սակայն օրերս ԱԺ-ում 2023 թ. ՀՀ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարը հայտնեց, թե՝ «2023-ից դադարեցվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող 3-15 մլն դրամանոց վարկային ծրագրերը՝ նպատակ ունենալով ֆինանսական միջոցներն ուղղել գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացմանը»։
Նախարարի խոսքերով՝ պատճառաբանությունը հետեւյալն է. «Մենք բավական լուրջ ուսումնասիրություն ենք իրականացրել մեր գործընկեր բանկերի հետ՝ պարզելու, թե ինչպես է այն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա այն տարիների ընթացքում, երբ նրանք օգտվել են այս ծրագրերից: Ընդհանուր առմամբ` թվերը ցույց են տալիս, որ շատ բան չի փոխվել նրանց կյանքում: Ճիշտ է՝ այս ծրագիրն ընդհանուր առմամբ օգնում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին էժան ֆինանսական ռեսուրսներ ստանալ, բայց ասել, որ այն լուրջ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսական տնտեսությունների ընտանիքների կյանքի որակի վրա, չի կարելի, որովհետեւ եկամուտները շատացել են, բայց պարտքերն էլ են շատացել, ինչպես նաեւ ինֆլյացիա է գրանցվել, եւ այդ ամենը համադրելով պարզ է դառնում, որ մենք կարող էինք այդ ֆինանսական միջոցները համադրելով ավելի բարձր արդյունավետությամբ օգտագործել»։
«Ավելի բարձր արդյունավետությամբ օգտագործելը» արդյոք նախարարը նկատի ունի «արտադրողականության բարձրացման կոնկրետ ուղղություններով ծրագրերի» իրագործո՞ւմը, կամ որո՞նք են այդ ուղղությունները, ծրագրերը, պարզ չէ դեռ։ Միայն հայտնել է, թե «3.5 մլրդ կհատկացվի խաղողի ինտենսիվ այգիների ստեղծումը խթանելու համար: Եվ կառավարությունը միայն գինեմետ սորտի խաղողի ինտենսիվ այգիներն է սուբսիդավորելու, եւ ներդրողներին կուղղի դեպի գինեմետ խաղողի սորտեր՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի դրա դեֆիցիտ է եղել, եւ ինչպես միշտ, տեխնիկական սպիրտի համար արտադրված խաղողի մթերման խնդիր է եղել»։
Այս ամենի համապատկերում որոշ հարցեր են ծագում. 1. խաղողի ինտենսիվ այգիների ստեղծմանն ուղղվող գումարը ենթադրում է, որ այդ շրջանակից դուրս են մնալու այն մարզերը, որոնք խաղողագործությամբ չեն զբաղվում, օրինակ՝ Գեղարքունիքը։ Այդ եւ խաղողագործությամբ չզբաղվող մյուս մարզերը զրկված են լինելու, արդեն հասկանալի է, նաեւ էժան վարկերից։ Պետությունը մտավախություն չունի՞, որ այդ վարկերից զրկվելով՝ զրկված մարզերում չեն լինի այն ցուցանիշները, որ ունենք այսօր։ Ասենք՝ նույն Գեղարքունիքի մարզում հնարավոր է կարտոֆիլագործությունն այն թափը չունենա։
2. Գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք են միաժամանակյա համալիր ու շղթայական ծրագրեր՝ գյուղտեխնիկայի հավաքակազմի ընդլայնումից ու հասանելիությունից, ջրերի արդյունավետ կառավարումից սկսած մինչեւ գյուղապահովագրական համակարգի կայացում։ Ու եթե քայլերը միաժամանակյա չեն ձեռնարկվում, դրանք արդյունավետություն ապահովել չեն կարող։ Համենայնդեպս, այս պահի դրությամբ միաժամանակյա այդ քայլերը կամ չկան, կամ եթե հատվածական կան էլ, ապա շատ դանդաղ են առաջ ընթանում։ Մտավախություն չկա՞, որ գյուղացիներին աջակցող էժան վարկերից զրկելով՝ իրավիճակն ավելի են բարդացնելու։
3. Հարց չի՞ ծագել, որ եթե վարկերի շնորհիվ գյուղացիների մոտ կենսամակարդակի բարձրացում չի եղել, պատճառը ոչ թե այն է, որ գյուղացին չի կարողացել այդ վարկը նպատակային օգտագործել, այլ՝ նպատակային է օգտագործել ոչ ամբողջ ծավալով, որովհետեւ մյուս ծավալը ստիպված է եղել ծախսել «նվեր» ստացած թանկ պարարտանյութի, թունանյութի ու սերմացուի ուղղությամբ, հավելյալ՝ թանկ դիզվառելիքը, անհասանելի գյուղտեխնիկան։
4. Նախարարության տվյալներով՝ «2022 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ մի քանի տարվա ընթացքում ամբողջ ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել մոտ 88100 վարկառու»։ Գյուղոլորտի զարգացման համար հարկ է ծրագրերի ընդլայնողականություն։ Տարիների 88 հազարը հաստատ չի խոսում այդ ընդլայնված ծավալի մասին։ Ճիշտ չէ՞ր արդյոք մտածել ծավալն ընդլայնելու եւ ոչ թե էժան վարկավորումը դադարեցնելու մասին։ Մանավանդ որ այս 88 հազարը այն հատվածն է, որ իսկապես մատչելի վարկի կարիք է ունեցել։ Որովհետեւ խոշոր տնտեսավարողները 3 մլն դրամի վարկի կարիք հազիվ թե ունենան։
5. Եվ վերջապես՝ երբ ինչ-որ ծրագիր, որոշողների կարծիքով, դադարեցվում է` անարդյունավետությամբ պայմանավորված, չպե՞տք է քննարկվեն այդ անարդյունավետության բուն պատճառները, խնդիրները։ Որովհետեւ խնդիրները քննարկելուց հետո հաստատ գտնված լուծումը նաեւ արդյունավետություն կապահովեր, այլ ոչ թե դադարեցում։
Ի վերջո, խոսքը մի ոլորտի մասին է, որ երկիր է կերակրում։ Գյուղացուն պետք չէ հորդորել, որ չմշակվող հողատարածքները մշակի։ Գյուղացու կողքին պետք է կանգնել, աջակցել, պետությունը գյուղացուն պետք է տա այն ամենը, ինչ անհրաժեշտ է գյուղացուն հողը մշակելու համար։ Հողը հորդորելով չեն մշակում, որ մշակի գործը եկամտաբեր եղավ, նա անմշակ հողերն էլ է մշակելու: Իսկ եկամտաբերության համար պետությունը պետք է ձեռնտու գործիքակազմով կանգնի գյուղացու կողքին։ Մինչդեռ այսօր գյուղացին լրիվ մենակ է։ Ամենապարզ օրինակը՝ որեւէ տնկանյութի, մշակաբույսի մշակման ձեւերի, ճիշտ ջրման, հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի հարցերով գյուղացին այսօր ո՞ւմ կարող է դիմել խորհրդատվության համար։ Պատասխանը գիտեն բոլոր նրանք, ովքեր գյուղի հետ կապ ունեն եւ ծանոթ են գյուղի կյանքին։ Ա՛յս հարցերը պետք է լուծում ստանան։
Գյուղոլորտում արձանագրված շարունակական անկումները պետք է մեզ վերջապես բերեն այն եզրահանգման, որ կան համակարգային խնդիրներ, առանց որոնց լուծման որեւէ փոփոխություն չի լինելու՝ անկախ այն հանգամանքից՝ տեղային ծրագիրը լավն է, թե ոչ։ Մեր երկրի համար կենսական նշանակության այս ոլորտին հարկ է բոլորովին այլ ծավալով ուշադրություն դարձնել եւ բոլորովին այլ հոգատարությամբ։