Հայաստանում Եվրամիության եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով կիրականացվի 4 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Երեկ Երեւանում տրվեց ՄԱԱԶԿ-ի եւ ՀՀ կառավարության համատեղ ջանքերով մշակած եւ ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկը:
«ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) եւ ԵՄ-ի հետ մենք որակի ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր ենք սկսում: Ընդհանուր գումարը մոտ 4 մլն եվրոյի չափով է, որի ներքո կարողությունների զարգացում եւ 4 նոր լաբորատորիաների հիմնում է նախատեսվում: Դրանք պետք է օգնեն լրացնել չափագիտական լաբորատորիաների ծառայությունների մեր բացերը: Եվ կարողանանք այնպես անել, որ մեր որակի ենթակառուցվածքը կարողանա մատուցել ավելի ամբողջական ծառայություններ արտադրողներին՝ իրենց արտադրանքը թե Հայաստանում, թե դրսում, հիմնականում եվրոպական շուկաներում վաճառելու հնարավորություն ստանալու համար»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ Քերոբյանի՝ որոշ օրենքներ լավ չեն գործում, օրինակ, պետք է ստանալ սերտֆիկատ, բայց հնարավոր է առանց այդ սերտիֆիկատը ստանալու շուկայահանել ապրանքը: Դրա համար տուգանքը չնչին է, ինչը հանգեցնում է նրան, որ ընկերությունների մեծ մասը ձեռք չեն բերում այն լաբորատոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են եւ օրենքով պահանջված՝ մինչեւ անհրաժեշտ շուկայահանում անելը: Այդ ծառայությունների ձեռք չբերումն էլ հանգեցնում է նրան, որ լաբորատոր ծառայությունների մատուցման բիզնեսը դառնում է ոչ այնքան եկամտաբեր: Եվ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերները մատնանշել են Հայաստանում այդ խնդրի մասին: Քերոբյանի խոսքով՝ այդ առումով կառավարությունը հիմա ավելի համաչափ է դարձնում պատժիչ մեխանիզմները:
«Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն եւ միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանում բարելավվի արտադրված ապրանքների որակը, ապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը՝ նախադրյալներ ստեղծելով մարդկանց կյանքի որակի բարձրացման, ԵՄ-ի եւ այլ երկրների հետ առեւտրի ընդլայնման համար»,- ասաց նախարարը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքները կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը արտասահմանյան եւ հատկապես ԵՄ շուկայում: «Հայաստանի արտահանման մի մեծ մասնաբաժին գնում է ԵՄ անդամ 27 պետություններ: Դրա համար մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք՝ Հայաստանից ԵՄ արտահանման համար: Դա ավելի կզարգացնի սոցիալ-տնտեսական կապերը, կօգնի, որ հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցություն ունենան միջազգային առեւտրում»,- ասաց Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ-ն հանձնառու է մնում՝ աջակցելու Հայաստանին՝ արդյունավետորեն իրականացնելու Համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: «Որպեսզի երկրի, մասնավորի ջանքերը իզուր չլինեն, կարեւոր է վստահությունը, պետք է վստահ լինեն, որ կարող են արտադրել որակով, արտահանել եւ լինել մրցակցային: Իսկ դրա ճանապարհի քայլերն արդեն արված են»,- նշեց նա: