Երեւանում այսօր մեկնարկում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվեն կազմակերպության պատասխանատվության գոտում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ վաղը կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգը։
Հանդիպման մասնակիցները քննարկելու են կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական եւ հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող որոշումների փաթեթ։ Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաեւը, այն ուղղված է լինելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը։
Նիստի արդյունքներով նախատեսվում է ընդունել մի շարք կարեւոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ու սպառազինությունների վերահսկման, զինաթափման ու չտարածման վերաբերյալ: Բացի այդ, Անվտանգության խորհուրդների քարտուղարները կընդունեն հայտարարություն, որը դատապարտում է նացիզմը, նեոնացիզմը, ծայրահեղականությունը, շովինիզմը եւ այլատյացության բոլոր ձեւերը փառաբանելու փորձերը։ Օրակարգում է «Կենսաբանական անվտանգության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի կազմի մասին» ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշման ընդունումը։
ՀԱՊԿ գագաթնաժողովին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք մարտահրավերներ են կազմակերպության համար, քանի որ խորացնում եւ զարգացնում են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ու այլ կազմակերպությունների հետ դաշնակցային հարաբերությունները։ Դրանք ինչ-որ առումով անգամ հակասում են ՀԱՊԿ-ի ներսում փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ Մասնավորապես, նոյեմբերի 17-ին Բաքվում կայացել էր ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 11-րդ համաժողովը՝ երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինի եւ Ալի Ասադովի մասնակցությամբ: Կողմերը նշել են, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է ամբողջ ծավալով օգտագործեն իրենց երկրների աշխարհագրական դիրքը եւ զարգացնեն տրանսպորտային ու տարանցիկ ներուժը։ Միշուստինը տեղեկացրել է, որ մինչեւ 2030 թ. նախատեսվում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի արեւմտյան երթուղով բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան 15 միլիոն տոննայի: Ուշադրության է արժանի ՌԴ վարչապետի այն դիտարկումը, որ վերջին շրջանում Մոսկվայի եւ Բաքվի համագործակցությունը դարձել է «իրապես ռազմավարական եւ դաշնակցային»։ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում՝ մշակույթից եւ տնտեսությունից մինչեւ քաղաքականություն ու տրանսպորտ։ Ռուսաստանի շուրջ 70 տարածաշրջաններ այժմ ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի հետ՝ առաջին հերթին գիտատեխնիկական, մշակութային, առեւտրատնտեսական ոլորտներում։ Երկրների միջեւ ընդհանուր ապրանքաշրջանառությունն աճում է»,-համաժողովի նիստում ընդգծել է Միշուստինը։ Այնուհետեւ Միշուստինին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նրանք նախ հանդիպել են առանձին, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Ի դեպ, դրա նախօրեին ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերը հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները։ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ կողմերը քննարկել են առեւտրի, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցեր։
Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «իրապես ռազմավարական եւ դաշնակցային» հարաբերությունների բնույթը մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է պարբերական բնույթ կրող ռազմական ագրեսիաների իրականացումն ու հայատյաց հռետորաբանությունը։ Փաստացի «նոր ռազմավարական դաշնակիցների» հետ հարաբերությունները չվատթարացնելու տրամաբանությունից է բխում Ադրբեջանի գործողություններին համարժեք արձագանք եւ գնահատական չտալը։ Հաջորդ խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ անդամ այն պետություններին, որոնք նաեւ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամներ են։ Վերջին տարիներին Անկարայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ ռազմական համագործակցությունն ավելի ինտենսիվ է դարձել։ Նոյեմբերի 11-ին Սամարղանդում կայացած ԹՊԿ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո Թուրքիան զորավարժություններ անցկացրեց այդ երկրներից հիմնական մասի (բացառությամբ՝ Թուրքմենստանի ու Ուզբեկստանի) զինվորականների մասնակցությամբ, որոնցից Ղազախստանն ու Ղրղզստանը ՀԱՊԿ անդամներ են։ Բացի այդ, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների զինվորականները մշտապես վերապատրաստվում են Թուրքիայում։
«Թուրանի մեծ բանակ» ստեղծելու Էրդողանի մտադրությունը, որը ենթադրում է բոլոր թյուրքալեզու երկրները ներառող ռազմական կառույցի ստեղծում, բնականաբար, անհանգստացնում է Մոսկվային։ Չնայած նման մեծ նախագիծը դեռեւս հեռու է իրականություն դառնալու հեռանկարից, քանի որ այդ ԹՊԿ-ի անդամների միջեւ էլ կան որոշակի ներքին տարաձայնություններ եւ շահերի տարամիտում, սակայն, այնուամենայնիվ, Թուրքիայի ակտիվ ներթափանցումը Կենտոնական Ասիայի երկրներ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների տարբեր ոլորտներ, լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի եւ նրա կողմից հետխորհրդային տարածաշրջանում ստեղծած կառույցների ու կազմակերպությունների համար։
Այսպիսով` վաղը կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով, թերեւս, հնարավոր լինի պատասխանել մի շարք հարցերի, այն է՝ Ռուսաստանին կհաջողվի՞ արդյոք ավելի գրավիչ դարձնել կազմակերպության անդամի կարգավիճակը՝ ցույց տալով, որ կառույցը կենսունակ է եւ զարգացման միտում ունի։ Մյուս կողմից` անդամ պետություններից Բելառուսն ու Ղազախստանը խնդիր ունեն առնվազն ձեռնպահ մնալու հրապարակային մակարդակում ՀԱՊԿ անդամ Հայաստանի օրինական իրավունքներն ու պահանջները Ադրբեջանի ագրեսիվ պահանջներին ստորադասելուց։