Աներկբա է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է գործուն քայլեր սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային գնահատական տալու, դրա հետեւանքները վերացնելու եւ հետագա սադրանքները կանխելու ուղղությամբ: ՀԱՊԿ-ն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չէ, որից Հայաստանը սպասեր միայն ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն եւ բավարարվեր դրանով: Այն ռազմաքաղաքական դաշինք է՝ հստակ անվտանգային կանոնադրական պահանջներով եւ դրանք ապահովելու մեխանիզմներով, հետեւաբար վերջինիս արձագանքը սեպտեմբերյան իրադարձություններին պետք է համարժեք լիներ առկա իրողություններին:
Դատելով փաստից, որ Հայաստանը չի ստորագրել սեպտեմբերի 13-14-ի սահմանային ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը՝ կարելի է միանշանակ պնդել, որ դրանք չեն ենթադրել «հողի վրա» գործողություններ եւ հակազդման միջոցներ, իսկ վերջիններս Հայաստանի անվտանգային բնական պահանջներն են, որոնց բավարարման առաջնային ակնկալիքն այն ռազմաքաղաքական դաշինքն է, որտեղ փաստացի գտնվում է: Նման իրավիճակում լրիվ օրինաչափ է, որ պաշտոնական Երեւանը, օգտվելով ՀԱՊԿ լիիրավ անդամի իր իրավունքից, չի ստորագրել նաեւ ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագիրը, որում համարժեք գնահատական չի եղել այդ կառույցի անդամ երկրի նկատմամբ գործադրված ագրեսիայի փաստին: Այդ քայլը ցանկացած կառույցի ներքին աշխատանքների գործիքակազմից է, որից կարող են օգտվել դաշինքի անդամ պետությունները: Քանի որ ռազմաքաղաքական այս կառույցում որոշումները կոնսենսուսով են ընդունվում եւ թեկուզ մեկ դեմի դեպքում դրանք պետք է ուղարկվեն լրամշակման՝ գագաթնաժողովում այդ ընթացակարգը սահմանվել է նաեւ վերոնշյալ երկու որոշումների դեպքում:
ՀՀ վարչապետը երկու որոշումները չստորագրելու հայկական կողմի դիրքորոշումը հիմնավորելիս հայտարարեց. «Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չկայացնելը կարող են նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Դրանից հետո գագաթնաժողովի ամփոփիչ փուլում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնած Բելառուսի նախագահը, արձանագրելով երկու փաստաթղթերի չընդունվելու փաստը, հայտարարեց, որ դրանց ուղղությամբ փոխհամաձայնության մեծ քայլեր են կատարվել, եւ փաստաթղթերը լրամշակվելուց հետո կուղարկվեն պետությունների ղեկավարների ստորագրմանը:
Չնայած այդ ամենին՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ դրական է գնահատում քննարկումները եւ որ ՌԴ նախագահի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների ընթացքում դրական ազդակներ է ստացել: Նա նաեւ հույս հայտնեց, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են, հնարավորինս արագ կիրականացվեն:
ՀՀ վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ Վլադիմիր Պուտինից դրական տեղեկություններ է ստացել տարածաշրջանային երկաթուղիների բացման վերաբերյալ, իսկ սա նշանակում է, որ այն կարող էր լինել միայն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում դրական տեղաշարժերի ակնկալիքի դեպքում, բայց վերջինս էլ կարող է հաստատվել միայն ժամանակի եւ գործընթացների մեջ: