2022 թ. Ռուսաստանում յուրաքանչյուր հինգերորդ արտարժութային հաշիվը յուանով է։ 2021 թ. այս ցուցանիշը ընդամենը 3 տոկոս էր։ Այս մասին նոյեմբերի 29-ին գրել է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, թե այս տարվանից Ռուսաստանի Դաշնությունում գործարարները արժույթը պահելու ժամանակ նախապատվությունը տալիս են յուանին (նշվում է «Tochka Bank»-ի հետազոտությունում, որն ուսումնասիրել է բանկի հաճախորդ ընկերությունների մասին տեղեկությունները)։
«Tochka Bank»-ի հետազոտությունում նշվում է, որ 2022 թ. հունվարին 59.9 տոկոսը պահել է արժույթը ԱՄՆ դոլարով, 35.9 տոկոսը՝ եվրոյով, 0.6 տոկոսը՝ յուանով եւ 3.5 տոկոսը՝ ֆունտ ստեռլինգով, թուրքական լիրայով եւ այլ արժույթներով: Նոյեմբերին արդեն բոլորովին այլ իրավիճակ է. ձեռնարկատերերը նախապատվությունը տալիս են յուանին. այժմ խնայողությունների 65.5 տոկոսը պահվում է այս արժույթով։ Եվ միայն երկրորդ եւ երրորդ տեղում են ԱՄՆ դոլարն ու եվրոն (համապատասխանաբար 21.8 ու 11.6 տոկոս), եւ մնացածն արդեն բաժին է ընկնում այլ արժույթներին։ Բանկի վերլուծաբանները նկատում են նաեւ մեկ ձեռնարկատիրոջ արտարժութային հաշիվների թվի աճ։ 2021 թ. 100 հաճախորդի հաշվով կար 196 հաշիվ, իսկ 2022 թ. նույն ժամանակահատվածում (հունվարի 1-նոյեմբերի վերջ)՝ արդեն 227:
Չինացի գործարարները հիացած են, որ ռուս հաճախորդների հետ պայմանագրերը կարող են կնքել յուանով, այլ ոչ թե դոլարով կամ եվրոյով, եւ որ դա մշտապես շահավետ տարբերակ է («Reuters»):
Ուկրաինական հակամարտությունը եւ դրան հաջորդած՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրին ռուսական տնտեսության յուանիզացմանը։ Ֆոնդային տվյալները («Reuters»-ի վելուծության համաձայն) ցույց են տվել, որ հոկտեմբերին Մոսկվայի բորսայում յուան-ռուբլի առեւտրի ընդհանուր ծավալն աճել է մինչեւ օրական միջինը 9 միլիարդ յուան (1.25 միլիարդ դոլար)։ Որպեսզի պատկերացնենք, թե պատկերն ինչպես է փոխվել, համեմատական թիվ է նշվում. նախկինում դրանք հազվադեպ են գերազանցել 1 միլիարդ յուանը ամբողջ շաբաթվա ընթացքում («news.am»):
Փաստորեն՝ ե՛ւ չինական արտահանողներն են նվազեցնում իրենց ռիսկերը, ե՛ւ ռուսական կողմն է զերծ մնում դոլար-եվրո հաշվարկներից՝ յուանով վճարելով։ Սա նշանակում է` դոլարին հակակշիռ է ստեղծվել, որը, իր հերթին, սահմանափակում է Արեւմուտքի ջանքերը, որոնք ուղղված են ռուսական կողմին տնտեսական միջոցներով պատժելուն։
Յուան-ռուբլի փոխգործակցության օգուտներից խոսում են նաեւ ռուսական կողմի ներդրումային ընկերությունները։ Այսպես ասենք՝ դոլար-ռուբլի զույգն օրեցօր զիջում է իր դիրքերը յուան-ռուբլի զույգին։ Ռուսաստանյան ամենատարբեր մասնագետներ, սակայն, այն տեսակետին են, որ դեռ վաղ է ասել, թե դոլարը զիջում է իր գերիշխող դիրքը, բայց որ այդ գերիշխանությունը սասանվել է, հաստատ է։ Այնուամենայնիվ, դոլարը զիջե՞լ է իր դիրքը, թե՞ ոչ. մասնագիտական՝ այո-ի եւ ոչ-ի կողմնակիցներն ունեն իրենց փաստարկները։
Այս ամենից խոսեցինք պարզ մի պատճառով՝ ցույց տալու համար, որ արժութային խաղերը զուտ տնտեսագիտական տիրույթի քննարկման հարց չեն։ Իրավիճակը աշխարհաքաղաքական պատճառներ ունի, իսկ սա նշանակում է, որ այս ամենից այս կամ այն չափով զերծ չի կարող մնալ Հայաստանը, որն ինքն է այսօր հայտնվել աշխարհաքաղաքական կենտրոնների խաղերի թիրախում։ Առիթով երբ այս թեմայով զրուցում էինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Ատոմ Մարգարյանի հետ, նա հստակեցրեց, թե ներկայիս իրավիճակը գնահատելու համար, եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա դա ուղղակի պատերազմ է յուանի եւ դոլարի, ռուբլու եւ դոլարի միջեւ։ Եվ պետք չէ այս ու այն կողմ ընկնել։ Այն ինստիտուտները, որոնք ներկայացված են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ այլ շրջանակ ներկայացնող Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, ըստ էության, տիրապետության ինստիտուցոնալացնող գործիքներ են եղել։ Ու, ինչպես տեսնում ենք, հիմա խաթարվել է այս ամբողջը. «Որովհետեւ նախ՝ վերջին չորս տասնամյակներին սրընթաց զարգացում է ունեցել Չինաստանը, եւ այս տեմպերով շարունակվելու դեպքում, այո, նա կարող է դուրս գալ համաշխարհային տնտեսության առաջնորդության բնագիծ։ Մյուս մասը եվրոն է, որ դոլարից ածանցյալ արժույթ է, որովհետեւ նույն քաղաքական մշակույթի ու կոնֆիգուրացիայի դաշտում է։ Հասկանանք, որ հիմա աշխարհում բոլորովին այլ վիճակ է… Պատահական չէ, որ Ռուսաստանն իր էներգակիրների դիմաց ռուբլով վճարում է պահանջում։ Ներկայիս ճգնաժամը բավական խորքային է, որ բերել է պարենային ու հումքային, նաեւ ֆինանսական ճգնաժամերի, բյուջետային լուրջ դեֆիցիտների։ Երբ պարզ կդառնա, որ եվրոպական երկրներն էներգահաշվեկշռում, նաեւ պարենային ապահովության լրջագույն խնդիրներ ունեն, ավելի ակնառու կդառնա պատկերը»։
Համապատկերում առավել քան հստակ է, որ այս ամենից Հայաստանը չազդվել չի կարող։ Այն պարզ պատճառով, որ սերտաճած ենք։ Ու ոչ միայն այն պատճառով, որ մեր աշխատուժի մեկ երրորդը դրսում է զբաղված, այլեւ՝ Հայաստանն էական արտաքին պարտք ունի եւ, ըստ այդմ, կախվածություն՝ տարբեր աղբյուրներից։ Խնդիրն այստեղ այն է, թե ինչքանով կարող ենք նվազեցնել այդ կախվածության հետեւանքով հնարավոր ռիսկերը։ Դրա լուծումները կան, այդ լուծումները տնտեսական տիրույթում են, բայց դրանք իրագործելու համար հարկ է քաղաքական կամք դրսեւորել (որոնց մասին շատ ենք խոսել տնտեսական քաղաքականության արմատական փոփոխությունների անհրաժեշտության առումով)։ Օրինակ՝ երբ արտաքին աղբյուրներից միջոցներ ենք ներգրավում, դրանք նպատակաուղղենք բացառապես հավելյալ արժեք ստեղծող, պետության համար ռազմավարական նշանակության խոշոր ծրագրերի իրագործմանը, այլ ոչ թե բյուջետային հարցեր լուծելու համար։ Կամ՝ իրապես բարեփոխելով վերանայել եւ գոնե որոշակի ժամանակահատվածում կայունացնել հարկային քաղաքականությունը։ Կանե՞նք՝ լավ, չե՞նք անի՝ մեր կախվածությամբ պայմանավորված ռիսկերը գնալով կշատանան՝ հետեւանքներով հանդերձ։
Դրամական միավորի վիճակը ուղղակիորեն փոխկապակցված է տնտեսության վիճակին, նույն տրամաբանական հարթակում են կայունության ու տատանումների պատճառները։ Բայց այս ամենը հասկանալը, մշակելը, ելքեր ու լուծումներ առաջարկելը մասնագիտական տիրույթի հարց են, իրագործողը, սակայն, պետությունը պետք է լինի։ Տնտեսակարգեր, բանկային քաղաքականություններ ու աշխարհակարգեր փոփոխող համաշխարհային մարտահրավերները դեռ թեժանալու են։ Մեր պետությունը պարտավոր է ամեն ջանք գործադրել՝ ամենատարբեր դիմակայումների պատրաստ լինելու։