Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բերձորի միջանցք. մեր կամքի ու դիմադրողականության «ջերմաստիճանը»

Այն ցուցանելու համար անվերադարձ փակենք «թղթե շերեփի» էջը

Դեկտեմբերի 15, 2022
Հանրապետություն
Բերձորի միջանցք. մեր կամքի ու դիմադրողականության «ջերմաստիճանը»
21
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անկախությունը բացարձակ, անվիճարկելի, կենսական արժեք է։ Հայրենի հողի ամեն միլիմետրը, ամեն թիզը սրբազան է։ Սրբության հարցը չեն քննարկում այն տեսանկյունից, թե որ հողն է պիտանի, որը՝ ոչ, որն է անջրդի, որը՝ ջրովի։ Այնպես, ինչպես ծնողի հանդեպ սերը չեն չափում ծնողի հիվանդ կամ առողջ լինելով։ 44-օրյայի հետեւանքով Արցախի մեծ մասի կորստով հայկական աշխարհը կորցրեց իր հպարտությունը, ողնաշարի «ծուծքը»։ Այն ողնաշարի, որ դարեր հետո լցվել, պնդացել էր Արցախյան առաջին ազատամարտի շնորհիվ։ Հանրության այն շերտի համար, որ հայրենիքի գաղափարն ընկալում է հայրենիքի տվյալ հատվածի հարստությամբ, ստիպված եղանք բացատրել, որ Արցախը ոչ միայն սրբություն է, այլեւ՝ հարուստ սրբություն։ Որ Արցախից ՀՀ-ն այլեւս չի ստանա ներկրվող տարեկան 100 հազ. տ ցորենը, Քարվաճառից անասնակեր չի բերի, դեղագործական ընկերությունները Կովսականի ու Վարանդայի բամբակը չեն ստանա, որ Քարվաճառի ու Քաշաթաղի կորստով ջրային պաշարներից զրկվեց, նաեւ՝ ՀԷԿ-երի կորստով էժան էլէներգիայից, հավելած՝ մետաղական հանքավայրերի կորուստը, սարքավորումներով, ներդրումներով, հողատարածքներով հանդերձ խոշոր գինեգործական ընկերությունների կորուստը եւն։

Ավելին՝ մինչ 2020-ը Հայաստանը տարածաշրջանում լրիվ այլ կշիռ ուներ, գործոն էր, որովհետեւ ուներ Արցախ։ 2020-ից հետո Հայաստանը բոլորովին այլ կարգավիճակում է հայտնվել, առանց Արցախի մեծ մասի զրկվել է տարածաշրջանային իր կշռից՝ հայտնվելով բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Փոխարենը բոլորովին այլ նշանակություն է ստացել Ադրբեջանը, այն, որ չուներ նույնիսկ սեւ ոսկով հանդերձ։ Հիմա ընդամենը 104 տարվա «պատմությամբ» (իրականում պատմության մի ակնթարթի) արհեստածին այս պետության հետ բանակցում են իրական, հարգը բարձր ոսկու համար։ Բրիտանական ընկերություններն Արցախում հանքարդյունաբերությամբ իրենց երազանքն իրացնելու հնարավորություն են ստանում։ Նրանք ընդհանրապես սիրում են հայկական ոսկին (ոչ միայն նրանք. հասկանալու համար ընդամենը պետք է մոտավոր գաղափար ունենալ մեր հանքարդյունաբերության պատմությունից եւ տարբեր ժամանակաշրջաններում մեր հանքերը շահագործող երկրներից): Մենք մեր հարստությունը բնութագրելու համար կարիք չունենք արհեստական ու առասպելական ոչ մի թվի։ Պաշարների մասին լավ տեղեկացված են միջազգային ընկերությունները։

Փորձենք մի շղթա գծել։ Սոթքի տարածքում, օրինակ, ոսկի արդյունահանվում էր դեռ Ք. ա. 13-12-րդ դարերում։ Սոթքի ոսկին այդ ժամանակներից հասել է մեր թվարկություն։ 19-րդ դարում Է. Էյխվալդը, Վ. Մ. Սներգինը որպես հեռանկարային հանքավայր խոսել են ոչ միայն Սոթքից, այլեւ Արփա, Արաքս գետերի ալյուվիալ նստվածքներից: Ընդհանրապես՝ 19-րդ դարում շատ է խոսվել այն մասին, որ ոսկի կա նաեւ, ընդգծենք, մեր գետային նստվածքներում։ Խորհրդային տարիներին հայտնաբերվեց ոսկու արմատական հանքավայր Թարթառ ու Մասրիկ գետերի ջրբաժանում։

Եթե գոնե այս տեղանունների շնորհիվ այսօրվա պատկերը հստակ տեսանք, կարող ենք օրինակները չմանրամասնել (այլ նյութի թեմա է)՝ բացատրելու համար այն պատճառներից մեկը, թե ինչու է Մեծ Բրիտանիան այդքան ոգեւորված Ադրբեջանի կողմից մեր Արցախի տարածքների օկուպացմամբ։ Խոսքը, ի դեպ, միայն ոսկու մասին չէ, այլ մեր (Հայաստանի եւ Արցախի) հանքերի հարուստ պարունակության (ոսկի, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, երկաթ, պլատին, արծաթ, բնագույն քարեր եւն)։  Վերջերս էլ խոսվեց Բերձորում հայտնաբերված ոսկու մեծապաշար հանքի մասին։ Սա էլ՝ իբրեւ կարեւոր հավելում շղթային։ Մինչեւ 2020-ը ՀՀ-ն հավակնում էր Արցախի հետ միասին տարածաշրջանում ջրային դոնոր դառնալ։ 2020-ից հետո այլ իրավիճակ է. Քարվաճառը հանձնելով՝ խմելու ջրի պաշարների ակունքները կորցրեցինք։ Խմելու ջրի, որ այսօր գերխնդիր է ամբողջ աշխարհում։ Մեր կորցրածը՝ բուն ու հոսող ոսկին ստացավ Ադրբեջանը՝ ստանալով նաեւ բոլորովին այլ կշիռ ու դեր տարածաշրջանում։

Եթե այս ամենին հավելենք, որ ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքով Եվրոպան հայտնվել է էներգետիկ ճգնաժամի առջեւ եւ թուրք-ադրբեջանական տանդեմից ակնկալիքներ ունի, ի՜նչ ենք կարծում՝ ի՜նչ սպասելիքներ կարող ենք ունենալ միջազգային հանրությունից Բերձորի միջանցքի փակման հետ կապված։

Միայն կոչեր. Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթեւեկությունը, ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ի՞նչ պիտի անենք մենք՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել մեր երկու կարեւոր խաղաքարտ՝ մետաղական ու ոչ մետաղական պաշարներ։

Առաջինը՝ ընդհանրապես պետք է մեզ համար անվերադարձ փակենք «թղթե շերեփի» էջը։ Մենք այն մի անգամ փակել ենք հաջողությամբ 90-ականներին՝ հակառակ միջազգային հորդոր-կոչերի, եւ տեսանք, որ հաղթողի հետ հաշվի են նստում, հաղթողին հարգում են։ Երկրորդը՝ մենք պետք է ինքներս մեզ առաջադրենք մեծ նպատակներ։ Իսկ սրա համար նախ պետք է զանազանենք թշնամու իրական նպատակը, որպեսզի տարանջատենք մեր գլխավոր խնդիրը առաջնային ու երկրորդական խնդիրներից։ Այսօր հաճախ է քննարկվում, թե Բերձորի միջանցքի փակումով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» են ուզում։ Այո, այդպես է։ Բայց սա ընդամենը թշնամու քայլերի հերթականության մասին է խոսում։ Թշնամու իրակա՛ն նպատակը հայերին Հայաստանի եւ Արցախի տարածքից քշելն է՝ ցեղասպանելով քշելը։ Նա ուզում է ստանալ ամբողջը, միջանցքները պարզապես քայլեր են, որը որից հետո կլինի, թշնամուն չի հուզում։ Հայաստանն Արցախին կապող կենսական ճանապարհի փակմամբ նա զուտ ստուգում է մեր արձագանքի ներուժը, մեր դիմադրողականության աստիճանը, մեր կամքի «ջերմաստիճանը»։ Մեզ մնում է ցույց տալ այն։ Երրորդը՝ միջազգային հանրություն կոչվածից պետք չէ կոչերից զատ այլ բան ակնկալել, աշխարհի հետ պետք է շփվել աշխարհի լեզվով։ Իսկ դրա համար մեզ պետք է հայրենասիրությունը գործնական քայլի վերածել։ Իսկ դա կարող ենք անել բացառապես քաղաքատնտեսական քայլերով. տնտեսապես հզորանում ենք, քաղաքականապես ցուցանում, որ գիտենք մեր շահը եւ այն հետապնդելու ուղիները։ Չորրորդը՝ այս ամենին արագ հասնելու համար վերջապես պետությո՛ւնը պետք է աշխատի։ Հանրույթները իրապես ոչինչ չեն որոշում։ Իսկ պետության քայլը պետք է լինի հայկական ամբողջ ներուժը մեկտեղելը։

Իբրեւ ամփոփում հավելենք Նժդեհի խոսքը. «…Մեր պատմութեան ընթացքում… մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց։ Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել։ Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ-որը քեմալականները քամուն տուին` պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան…»…

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԲերձորհանքարդյունաբերությունՀԷԿսադրանք
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայկական Արցախ ունենալու բանաձեւը

Հայկական Արցախ ունենալու բանաձեւը

Ադրբեջանը բնապահպանական ահաբեկչության եւ բնապահպանական ֆաշիզմի կրողն ու գործադրողն է

Ադրբեջանը բնապահպանական ահաբեկչության եւ բնապահպանական ֆաշիզմի կրողն ու գործադրողն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist