2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անհետ կորածների (ինչպես նաեւ գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը կշարունակվի։ Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, 2020 թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1924-Լ եւ նույն տարվա դեկտեմբերի 17-ի թիվ 2082-Լ որոշումներում փոփոխություններ եղան։
Այս երկու որոշումներով էլ հաստատված էին 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումն ու աջակցության տրամադրման կարգը: Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (նաեւ գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 հազար դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 5-ը։ Սակայն, ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, մինչ այսօր կան ընտանիքներ, որ ունեն շարունակական աջակցության կարիք: Դրա համար որոշվեց, որ անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300 հազար դրամի չափով, ինչի համար դիմում կարող են ներկայացնել մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 20-ը:
Ըստ նախնական կանխատեսման եւ ԱՍՀ նախարարության տեղեկության՝ սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (նաեւ գերեվարված) անձանց ընտանիքներին՝ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար։ Դրա համար կպահանջվի 6 մլն 600 հազար դրամ։ Մեկ այլ որոշում էլ երեկվա նիստում, դարձյալ չզեկուցվողների շարքից, ընդունվեց 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի հետ կապված, որը վերաբերում է գնումների գործընթացների շրջանակներում պետական պատվերներ կատարող կազմակերպություններին՝ այդ օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով հասցված նյութական վնասի փոխհատուցմանը։
2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական եւ ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկաների դուրս բերումը ռազմական գործողությունների գոտիներից հնարավոր չի եղել ապահովել, դրանք անցել են թշնամու տիրապետության տակ: Մասնավորապես (տեղեկությունը պաշտպանության նախարարությանն է), հարձակման ենթարկված տարածքներում աշխատանքներ կատարող 4 ընկերությունների պատկանող ընդհանուր 17 միավոր տեխնիկա անցել է թշնամուն, որից՝ 5 միավոր բուլդոզեր, 9 միավոր էքսկավատոր, 3 միավոր «Կամազ» ինքնաթափ, իսկ 1 ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր էքսկավատորը եւ 1 միավոր «Կամազ» ինքնաթափն ու 1 ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր ավտոկռունկը թշնամու գնդակոծության հետեւանքով վնասվել են:
Քանի որ համապատասխան աշխատանքները կատարվել են պետական կարիքների համար, անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել նաեւ այդ դեպքերում գույքի անվերադարձ կորստի եւ վնասվելու պայմաններում համապատասխան կազմակերպություններին փոխհատուցում տալու հարցը: Նպատակահարմար է կնքված համապատասխան պայմանագրերում նախատեսել կապալառուի գույքին հասցված վնասը պատվիրատուի կողմից փոխհատուցելու վերաբերյալ դրույթներ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 703-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ կապալի պայմանագրով, ապա կապալի պայմանագրի կատարման համար օգտագործվող գույքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է դրանք տրամադրած անձը: Մի խոսքով՝ ընկերություններին փոխհատուցում տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն:
Հասկանալի է՝ պետական բյուջեի միջոցների հաշվին լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կառաջանա, որը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ, ըստ ՊՆ-ի, համապատասխան գույքերի գնահատման եւ փոխհատուցման արժեքների հաշվարկումն իրականացվելու է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: