Հայաստանից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման եւ երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացվեց երեկ կառավարության նիստում։ Մեկ այլ որոշում էլ եղավ ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման դեպքում ժամանակավոր ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու հետ կապված (երկու որոշումներն էլ՝ չզեկուցվող հարցերի շարքում)։
Առաջին որոշման ընդունումը, ըստ էկոնոմիկայի նախարարության (ամբողջ տեղեկությունը պատկան այս կառույցինն է,- Ա. Մ.), պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով ապահովելու, ինչպեսեւ՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
2022 թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» թիվ 769-Ն որոշմամբ՝ 6 ամիս ժամկետով արգելք էր սահմանվել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանման նկատմամբ: Մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելը՝ զարգացնելու սեփական արտադրությունը՝ օգտագործելով որպես երկրորդային հումք սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնը: Ջարդոնն ու թափոնը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումք են՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սեւ մետաղների արդյունահանումը (չկան սեւ մետաղի բնական պաշարներ) եւ ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»: Բացի այդ՝ տեղական ջարդոնի եւ թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելը բարձրացնում է արտադրանքի ինքնարժեքը մի քանի անգամ՝ նույն այդ արտադրանքը ոչ մրցունակ դարձնելով։
Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո ավելացել են տեղական արտադրության ծավալները։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարի-հոկտեմբերին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 100 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ ավելի է 19.7 տոկոսով։ Այս ամենը նկատի առնելով՝ նպատակահարմար է եւս 6 ամիս ժամկետով սահմանել արգելք նշված ապրանքների արտահանման համար։
Միաժամանակ՝ հիմք ընդունելով, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով չի նախատեսվում սահմանափակման ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգում, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առեւտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ եւ հաշվի առնելով, որ գործող որոշման ժամկետը լրանում է 2023 թ. հունվարի 26-ին՝ առաջարկվում է ներկայացվող նախագծով արգելքի ժամկետը սահմանել 2023 թ. հունվարի 27-ից մինչեւ 2023 թ. հուլիսի 27-ը։ Այս տարբերակը համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։ Այս ամենի նպատակը մեր ոլորտային հումքային բազայի ապահովումն է եւ տեղական արտադրության զարգացումը։
Խոսենք երկրորդ որոշումից՝ ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման դեպքում ժամանակավոր ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելուց։ Այս որոշման ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի 2021 թ. օգոստոսի 20-ի թիվ 8 կարգադրության դրույթների կատարման անհրաժեշտությամբ։ Այդ կարգադրության կից ցանկում նշված ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արեւածաղկի սերմ, արեւածաղկի ձեթ) արտահանման կարգավորմանն ուղղված, պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման նպատակով իրականացվում են միջոցառումներ՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները եւ ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պարտավորությունները։ Կարգադրության կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2022 թ. մայիսի 26-ի թիվ 768-ն որոշումը, որով մինչեւ 2022 թ. նոյեմբերի 26-ը արգելվել է ՀՀ-ից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը։
Ներկայումս Հայաստանի պարենային անվտանգության նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին 6 ամիս ժամկետով արգելել նշված պարենամթերքների արտահանումը։ Չմոռանանք՝ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Որոշման ընդունմամբ «զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի եւ պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի միության միասնական շուկայի անխափան գործունեությունը»։