Հայաստանի եւ Արցախի 2022 թ. քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտներում հիմնական զարգացումները տեղավորվում էին 2020 թ. 44-օրյա պատերազմին հաջորդած իրողությունների շրջանակներում: Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացներում՝ չհրաժարվելով առավելապաշտական եւ ոչ իրատեսական պահանջներից, պաշտոնական Բաքուն էականորեն դանդաղեցրեց դրանցում շոշափելի արդյունքի հասնելու հնարավորությունները, իսկ տարվա երկրորդ կեսին լայնածավալ ագրեսիա կազմակերպելով Հայաստանի սահմանի նկատմամբ եւ փակելով Արցախն արտաքին աշխարհին միացնող միակ ճանապարհը, զրոյի հասցրեց տարվա արդյունքներով բանակցային գործընթացում որեւէ արդյունք ապահովելու հնարավորությունը:
Անցնող տարվա մեկնարկը Հայաստանի համար նշանավորվեց իր անվտանգության համակարգի կարեւորագույն բաղադրիչի՝ ՀԱՊԿ-ի ղեկավարողի կարգավիճակում ակտիվ եւ արդյունավետ գործողություններով: Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի կոչին օրինաչափորեն բացասական արձագանք առաջացրեց Թուրքիայում: Հայաստանի գործողությունները կարեւոր էին հատկապես ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած առաքելության՝ կառույցի նախագահության ֆոնին: Ղազախստանը փորձաքար էր ՀԱՊԿ կոլեկտիվ գործողություններ ծավալելու եւ նրա դերակատարության բարձրացման առումով, որի անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել է հենց Հայաստանը:
Ղազախստանի դեպքերը Հայաստանի քաղաքական-հասարակական շրջանակներում ակնկալիքներ առաջացրին, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային համակարգի այս կարեւոր բաղադրիչը դարձած կառույցը հնարավոր կլինի ի վերջո անհրաժեշտության դեպքում գործի դնել: Այդ ակնկալիքով էլ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հենց առաջին ժամերին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ իր կանոնադրական պարտավորությունները Հայաստանի հանդեպ կատարելու խնդրանքով: Ռազմաքաղաքական դաշինքից ակնկալվող ռազմական օգնությունը չեղավ, դրա փոխարեն ռազմական գործողությունների դադարից հետո միայն Հայաստան ժամանեց ՀԱՊԿ դիտորդական-փաստահավաք առաքելությունը: Սեպտեմբերյան իրադարձություններին հետեւած ՀՀ վարչապետի ելույթների ենթատեքստից հնարավոր եղավ եզրակացնել, որ ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության արտահերթ նիստերում Ադրբեջանի ագրեսիան չի դիտարկվել որպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու վրա հարձակում, քանի որ ՀՀ-Ադրբեջան սահմանը հստակեցված չէ: Դա ընդամենը նման որոշում կայացնելու իրական շարժառիթները քողարկելու անհաջող փորձ էր, իսկ իրականությունն այն է, որ այս ռազմաքաղաքական կառույցի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ կոլեկտիվ անվտանգության խորհրդի հանդիպումներից մեկում Բելառուսի նախագահը հայտարարեց, թե Ալիեւն «իրենց մարդն է», եւ Հայաստանը պետք է օգտվի այդ փաստից եւ կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի հետ: ՀԱՊԿ-ից հստակ գնահատական չհնչեց նաեւ սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ:
Ուկրաինայի հակամարտությամբ զբաղված ՌԴ-ն էլ, բնականաբար, չէր ցանկանում գործել Ադրբեջանի դեմ՝ դրանով հարաբերությունները վատացնելով ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրի՝ Թուրքիայի հետ, որը գործընկերային հարաբերություններ է պահպանում ՌԴ-ի հետ: ՌԴ-ն սեպտեմբերյան ագրեսիան չդիտարկեց Բաքվի կողմից նաեւ ՀԱՊԿ-ի, հետեւաբար՝ իր դեմ ուղղված քայլ, եւ արդյունքում արդեն դեկտեմբերին ստացավ երկրորդ նման գործողությունը՝ ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Բերձորի միջանցքի փակումը: Ադրբեջանն էլ, ոգեւորվելով ՀԱՊԿ-ի ամորֆ եւ միջազգային կառույցների մեղմ արձագանքներից, շարունակեց սահմանային սադրանքները, որոնց պայմաններում Հայաստանն արդեն պարտադրված էր գործողություններ ձեռնարկել իր անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ՝ Ֆրանսիայի աջակցությամբ ԵՄ դիտորդական առաքելություն հրավիրելով Հայաստան եւ սեպտեմբերին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում չստորագրելով համատեղ հայտարարությունն ու Հայաստանի համար նախատեսված աջակցության փաստաթուղթը: Իր տարեմուտի ամփոփիչ ասուլիսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն արդեն պետք է հայտարարեր, որ հայ-ադրբեջանական ռազմական բախմանը կազմակերպության միջամտությունը կարող էր հանգեցնել մեծ կոնֆլիկտի՝ տարածաշրջանի այլ պետությունների ներգրավմամբ:
2022 թ. նշանակալի էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ակտիվ բանակցային գործընթացով եւ հանդիպումներով, այդ թվում՝ երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով: Դրանցում հստակ արդյունքներ չարձանագրվեցին, բացի նրանից, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին բանակցությունները շարունակելու եւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար: Սակայն 2022 թ. ավարտվում է նախօրոք պայմանավորված երկու հանդիպումները չեղարկելով: Ալիեւը հրաժարվեց բրյուսելյան քառակողմ հանդիպումից՝ պատճառաբանելով, թե Ֆրանսիան կողմնակալ դիրքորոշում ունի կարգավորման գործընթացում: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հրաժարվեց դեկտեմբերի 23-ին մասնակցել Մոսկվայում նախատեսված Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը՝ Արցախը գրեթե երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ պահելու համար: Անցնող տարին նշանավորվեց նաեւ Ադրբեջանի գործողություններին, հատկապես Արցախի շրջափակմանը, միջազգային հանրության եւ կառույցների քննադատական հասցեական հայտարարությունների աճով: Ֆրանսիայի Սենատն ընդունեց որոշումներ, որոնցով առաջարկվում էր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: ՄԻԵԴ-ը երկու որոշում ընդունեց Ադրբեջանի դեմ՝ հորդորելով բացել Բերձորի միջանցքը, նույնը հնչեց նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից:
Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված բարդ վիճակի պատճառով Հայաստանը պարտադրված էր անցնող տարում հիմնական գործողություններ իրականացնել իր անվտանգային համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ դիվանագիտական քայլեր անելով բոլոր հնարավոր ուղղություններով: Այդ հրամայականի համատեքստում ոչ միայն պահպանվում են ինտենսիվ սերտ կապերը ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, այլեւ առաջին անգամ Հայաստանն ընդունում է ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ, հայ ժողովրդի բարեկամ Նենսի Փելոսիին: Վարած արտաքին ակտիվ քաղաքականության արդյունքում ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով հաճախակիացել են հեռախոսազրույցները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ այդ երկիրն ակտիվորեն ներգրավվել է ստեղծված իրավիճակի եւ արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում:
Այլ կերպ ասած՝ 2022 թ. եղել է անվտանգային նոր մարտահրավերների եւ դրանց դիմակայման ուղիների դիվերսիֆիկացման տարի: