Հայաստանը օնկոլոգիական հիվանդությունների եւ դրանց պատճառով մահացության դեպքերի տխուր ցուցանիշներ է արձանագրում: Նման հիվանդությունների մասին եզրահանգումները մեր ժամանակներում հնչում են որպես դատավճիռ, եւ թվում է՝ չկա ոչ մի հույս, որ հնարավոր լինի ներշնչել հիվանդին կամ նրա մերձավորներին: Ցավոք, այդպես են մտածում նաեւ շատ բժիշկներ, բայց այդպես չի կարծում «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանը, ով 24 տարի Մոսկվայում ապրելուց եւ աշխատելուց հետո 2018 թ. ապրիլին վերադարձել է Հայաստան եւ ցանկություն ունի բեկել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը՝ հօգուտ այն պատկերացման, որ իրավիճակը հնարավոր է եւ պետք է փոխել: 1994 թ. Երեւանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա՝ Բլոխինի անվան օնկոլոգիայի ինստիտուտ, որտեղ 2 տարի սովորել է օրդինատուրայում, այնուհետեւ՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների բաժանմունքում: Հայաստանում, ի դեպ, այս տիպի բաժանմունքներ չկան, եւ նման հիվանդները հիմնականում մնում են առանց ժամանակակից արդյունավետ բուժման:
Մինչեւ օնկոլոգիական հիվանդությունների առումով գոյություն ունեցող պատկերի արձանագրմանը, ինչպես նաեւ կանխարգելմանն ու բուժմանն անդրադառնալը Խաչատուր Բադալյանի հետ նախ խոսեցինք առողջապահական ոլորտում առկա իրավիճակի ու հարակից այլ հարցերի մասին:
-Ինձ համար շատ կարեւոր փուլ էր օրդինատուրան, քանի որ սովորելու եւ շատ հազվադեպ հանդիպող պաթոլոգիաների բուժման գործում մասնագիտանալու հնարավորություն էր առաջացել, ինչը ես աշխատում էի առավելագույնս օգտագործել,-նշեց Խաչատուր Բադալյանը:- Այնուհետեւ գիտական աշխատանքով եմ զբաղվել: 1999 թ. թեկնածուական թեզ եմ պաշտպանել, 2005 թ.՝ դոկտորականը: Ընդ որում՝ դոկտորական թեզի թեման էր «Լյարդի լայնածավալ մասնահատումները ուռուցքային պաթոլոգիաների ժամանակ», բնագավառ, որը Հայաստանում շատ թույլ է զարգացած: Ինձ համար մեծ ուրախություն էր, որ հնարավորություն ունեի հրավերների դեպքում գալ Հայաստան կամ հայ հիվանդներին ընդունել Մոսկվայում: Ընդհանուր առմամբ՝ առիթներ եմ ունեցել զբաղվել տարբեր տիպի հիվանդներով եւ նրանց բուժմամբ: Ես մեծ ոգեւորությամբ ընդունեցի 2018 թ. քաղաքական իրավիճակի փոփոխությունը՝ ոգեւորված, որ հայի ու հայաստանցու համար զարգացման հնարավորություն է բացվում: Տեղափոխվեցի Հայաստան՝ միտքս ու հնարավորություններս ներդնելու Հայաստանի բժշկության զարգացման գործում: Դրանից հետո այստեղ ծավալած գործունեության ընթացքում որոշակի հիասթափություն ապրեցի, որոշ սպասելիքներ չհամապատասխանեցին այն ամենին, ինչը կա իրական կյանքում: Հասկանում եմ՝ կան ոլորտներ, որտեղ ավելի հրատապ փոփոխությունների անհրաժեշտություն կա, սակայն մենք խոսում ենք պետության ռազմավարական զարգացման մասին, եւ յուրաքանչյուր բնագավառ պետք է ունենա իր զարգացումը: Անհնար է, ելնելով քաղաքական իրավիճակից, թողնել, որ որեւէ բնագավառի զարգացումը երկրորդական կամ երրորդական նշանակություն ունենա:
-Բայց, հավանաբար, կան ոլորտներ, որոնց վրա ուշադրության կենտրոնացումը կենսական անհրաժեշտություն է:
-Եթե մենք խոսում ենք ժողովրդի ու ապագայի մասին, առաջնային պետք է համարվեն առողջապահությունն ու կրթությունը՝ անվտանգային խնդիրների հետ միասին: Մեզ նման, բայց շատ ավելի զարգացած Իսրայելի պատմությունը ցույց է տալիս, որ, ինչպես նշել է Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրը, «յուրաքանչյուր փոքր երկիր, եթե ցանկություն ունի զարգանալու ու կոռուպցիայի դեմ պայքարելու, պետք է հետեւի մի շարք կարեւոր պայմանների: Կոռուպցիան պետք է պետական դավաճանություն համարվի, կոռուպցիոներները՝ դավաճաններ, եւ նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք դրսեւորվի: Այնուհետեւ պետք է զարգացնել ու բարձր վարձատրել կրթության, բժշկության եւ զինվորական բնագավառներում աշխատողների աշխատավարձերը, քանի որ բարձր աշխատավարձն ու նորմալ պայմանները հանգեցնում են որոշակի մոտիվացիոն փոփոխությունների, եւ մարդիկ ցանկություն են ունենում զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները: Ընդ որում՝ միայն հետեւողական մոտեցումն է արդյունք ապահովում, այլ ոչ թե կարճատեւ կամ կետային փոփոխությունները: Պետք է լինեն ռազմավարական փոփոխություններ:
-Ինչպիսին է, ըստ Ձեզ, բժշկական ոլորտի ներկան Հայաստանում:
-Այն լի է բազմաթիվ խնդիրներով: Գործում է նույն համակարգը, որը ժառանգել ենք Խորհրդային Միությունից: Ինչպես օնկոլոգիայի ինստիտուտը, այնպես էլ առանձին բժշկական հիմնարկներ, որոնք ունեն օնկոլոգիական հիվանդությունների բուժման արտոնագիր, ցավոք, շատ հեռու են ժամանակակից չափորոշիչներից: Գործնականում այն մասնագետները, ովքեր ՌԴ-ում կամ այլ երկրներում մասնագիտանալու հնարավորություն չեն ունեցել կամ չունեն, մնում են նույն մակարդակին, ինչ եղել է տարիներ շարունակ: Նույնը, ի դեպ, կարելի է ասել, ինչը ցավալի է խոստովանել, առաջատար հիմնարկներում մասնագետների մասին: Ու երբ տեսնում եմ, թե ինչ որակով են բուժվում հիվանդները, ինչ մակարդակով է բժշկական օգնություն ցուցաբերվում տարբեր պաթոլոգիաների դեպքում, հասկանում եմ, որ անմխիթար իրավիճակ է ստեղծվել: Բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ ոչ ճիշտ բուժման պատճառով բարդություններ են առաջացել: Կարելի էր ժամանակին ավելի ճիշտ ու ավելի արդյունավետ բուժական մոտեցման կիրառման շնորհիվ առողջացում արձանագրել, մինչդեռ ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում շատ ավելի բարդացած եւ անբուժելի վիճակ ենք ստանում:
-Ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը:
-Պետք է առավել հետեւողական ու համակարգային մոտեցում ցուցաբերել: Անհրաժեշտ է լրջորեն զբաղվել ապագա բժիշկների պատրաստման որակով: Ժամանակակից պայմաններում բժշկական ուսումնական հաստատությունների գործունեությունը գնահատվում է ուսանողների քանակով եւ նրանց վճարների արդյունքում ձեւավորվող հարկերի ավելացմամբ, ինչը ոմանց համար առիթ է դառնում՝ հպարտանալու բարձր արդյունքներով: Իսկ ուսման որակի մասին չենք խոսում կամ միտումնավոր լռում ենք: Ես աշխատանքի փորձ ունեմ այդ բնագավառում, եւ տպավորությունները հետապնդում են ինձ:
Հաջորդ կարեւոր պահն արդեն աշխատող մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակն է: Վերջին տասնամյակներում մշտական վերապատրաստումները Հայաստանում գործնականում բացակայում են, ինչը նպաստում է մատուցվող բժշկական որակի խիստ անկմանը:
Առողջապահության ազգային ինստիտուտի վերածննդից հետո բազմաթիվ ամբիոնների բացումը հնարավորություն է տալիս ստեղծել արդյունավետ համակարգ պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման համար: Բայց այստեղ լուրջ խնդիր կա, որը ծառացել է ազգային ինստիտուտի մասնագետների առջեւ. խոսքը կադրերի պատրաստման համար կլինիկական բազայի բացակայության մասին է:
Շատ կարեւոր է նաեւ բժշկական օգնության որակի վերահսկողության մասին հարցը: Դա արտասահմանյան եւ մասնավորապես ռուսական բուժհիմնարկներում կատարվում է երեք՝ բաժանմունքների, հիվանդանոցի եւ վերհիվանդանոցային մակարդակներով:
Մեզ մոտ արդեն արմատացած մոտեցում կա, որ, օրինակ, մարզերում բժշկական մակարդակը շատ ցածր է, եւ չկան բարձրակարգ մասնագետներ: Մարզերի տարբեր հիվանդանոցների մասնագետներից հետաքրքրվել եմ, թե ինչպես են կազմակերպում աշխատանքները տարբեր ուղղություններում: Պարզվում է՝ նրանց հիմնական խնդիրն այն է, թե ժամանակին ինչպես Երեւան ուղարկեն հիվանդին եւ որ բժշկական հաստատություն: Այսինքն՝ տեղում բուժման մակարդակը ցածր է մասնագետների բացակայության, ոչ նորմալ պայմանների, ոչ նորմալ կազմակերպման պատճառով: Եվ աշխարհագրական փոքր չափերով այս երկրում մենք չենք կարողանում նորմալ, հասանելի ժամանակակից բժշկություն կազմակերպել, որը, իմ կարծիքով, շատ ավելի հեշտ կլինի, եթե կարողանանք համակարգային մոտեցում ցուցաբերել:
Մոսկվայի Բլոխինի անվան ինստիտուտն այն հիմնարկն է, որտեղ այցելում էին ամենածանր հիվանդները: Օնկոլոգիայի ինստիտուտը եղանակ էր ստեղծում մարզերում՝ մշակելով տարբեր հիվանդանոցներում օնկոլոգիայի բուժման հիմքերը ու ստանդարտները: Մեզ մոտ, ցավոք, կապ չկա օնկոլոգիայի ինտիտուտի ու մարզային բժշկական հաստատությունների միջեւ, չկա հնարավորություն՝ բուժական մոտեցումները ժամանակին կազմակերպելու համար: Ժամանակակից օնկոլոգիայում տարբեր պաթոլոգիաներ արդեն ունեն իրենց համապատասխան ստանդարտ, հիմնային բուժումը, իսկ մեզ մոտ կատարվում է մարդու գիտելիքներին համապատասխան բուժում: Հիվանդն ստանում է այն մակարդակի բուժում, ինչ մակարդակ ունի կոնկրետ հիմնարկի կոնկրետ բժիշկը:
-Այլ կերպ ասած՝ ծանոթ չէ հիմնային, ստանդարտ բուժմանը, թե՞ առաջնորդվում է իր մտածողությամբ:
-Ցավալի է, որ առաջացող բարդություններում մենք չենք տեսնում մեր սխալների ճշտման, մեր սխալների դեմ պայքարելու անհրաժեշտություն, կամ ինքներս մեր մեջ ուժ չենք գտնում՝ փոխելու այդ ամենը: Անհրաժեշտ է վերջ տալ հին համակարգի խարխուլ շենքին, վերացնել այն եւ ներկայացնել ծրագիր, որը պետք է ուղղորդված լինի հայի առողջությունը վերականգնելու եւ առողջ քաղաքացի ունենալու սկզբունքով: Ես կարծում եմ, որ ծառայության համակարգային բնույթը միակ հնարավոր ճանապարհն է, որը կարող է հանգեցնել հիմնային ու կայուն փոփոխությունների՝ ծառայությունն արդյունավետ կազմակերպելու համար: Մասնագետների ուսուցման եւ նրանց ձեւավորման փուլից սկսած, օնկոլոգիայի կամ որեւէ ուրիշ բնագավառի բժշկության մեջ: Այսինքն՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ պայմաններում են դաստիարակվում ու ուսանում նորաթուխ բժիշկները, որտեղ են իրենց պրակտիկան ձեռք բերում, ինչ մասնագիտական մակարդակ են ձեռք բերում, ինչքանով են այդ գիտելիքները համապատասխանում ժամանակակից գիտության պահանջներին: Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպես է կազմակերպվում այդ ծառայությունը ցանկացած հիմնարկում: Այստեղ կարեւոր է առողջապահության նախարարության դերը, որը որոշակի ծանր պաթոլոգիաների գծով պետք է արտոնագրում մտցնի: Պաթոլոգիան, որը պահանջում է մասնագիտական որոշակի պատրաստականություն, գիտելիքներ եւ մասնագիտական հնարքներ, պետք է բուժվի այն հիմնարկներում, որոնք ունեն համապատասխան մասնագետներ եւ համապատասխան իրավունք: Անհրաժեշտ է արտոնագրել ուղղությունը, որը մասնագիտական մեծ փորձ ու հմտություն է պահանջում: Գիտեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մտածում է այդ մասին, բայց դա անհրաժեշտ է հնարավորինս արագ անել:
-Համապատասխան մասնագետների պատրաստումը երկար ժամանակ է պահանջում…
-Հավանաբար, խոսք կարող է լինել 8-10 եւ ավելի տարիների մասին, բայց նկատի ունենալով, որ մենք արտասահմանում հայ մասնագետների մեծ ներուժ ունենք, հնարավորություն կա մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման հարցը կազմակերպել տեղում ու հնարավորինս կարճ ժամկետներում: Շատերի հետ եմ շփվել: Մեծ տրամադրվածությամբ, հավատով ու հույսով ցանկանում են վերադառնալ Հայաստան: Ցավոք, համավարակը, այնուհետեւ պատերազմը որոշակի լարվածություն ստեղծեցին, պատճառ դարձան, որ նրանք առայժմ չեն տեղափոխվել: Եթե գնահատենք մեր մասնագետներին, այդ ներուժը կարող ենք օգտագործել, եթե կարողանանք ժամանակակից բժշկական բազա ստեղծել՝ ներգրավելով այդ մասնագետներին: Մենք արդեն ունենք պատրաստի մասնագետներ, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները կարող են ներդնել Հայաստանում, կարող են մասնակցել ուսման՝ նոր մասնագետների ձեւավորման գործընթացին: Բայց, ցավոք, այդ բազան դեռ չկա: Անձնական նախանձի, խանդի, միմյանց հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի պատճառով երբեմն չունենք համատեղ համազգային ինչ-որ նպատակի նվիրաբերվելու ձգտում եւ ցանկություն: Անհրաժեշտ է առաջին պլան մղել ազգայինը, այլ ոչ թե անձնականը: Ես պատրաստ եմ իմ փորձը ներդնել ոչ թե անհատականն առաջ տանելու, այլ մեր ազգի առողջության ամրապնդմանը ծառայեցնելու համար: Արտասահմանյան ու տեղի մասնագետների հետ համագործակցությունը պետք է դրվի բարձր հիմքի վրա: