Հայաստան վերադարձան Բաքվում պահվող եւս 8 ռազմագերիներ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հեռավար հանդիպման շնորհիվ։ Գերիների վերադարձից հետո Ֆրանսիայի նախագահը թվիթերի իր էջում գոհունակություն հայտնեց, որ հաջողվել է Ադրբեջանի բանտերից 8 ռազմագերու վերադարձնել իրենց ընտանիքներ:
Ամենեւին նպատակ չունենալով անտեսել կամ թերագնահատել այն ջանքերը եւ մարդասիրական մղումները, որոնց արդյունքում իրականություն դարձավ հայ գերիների վերադարձը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ միջազգային մակարդակով լեգալացվում է Ադրբեջանի վարած ռազմագերիների քաղաքական թրաֆիքինգի գործելաոճը: Այսօր եվրոպական կառույցներն առնվազն պետք է դատապարտեին 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նենգ գործողությունների եւ ՀՀ ինքնիշխան սահմանների խախտման, Հայաստանի տարածքում ռազմական բախումներ հրահրելու հետեւանքով գերեվարումների եւ զոհերի դեպքերը: Եվրոպան պետք է ոչ միայն հայտարարությունների մակարդակով դատապարտեր Ադրբեջանի այդ վարքագիծը, այլեւ նրա դեմ կիրառեր պատժամիջոցների ողջ գործիքակազմը: Այն կնպաստեր, որ Բաքվում պահվող ռազմագերիների հարցը միանգամից եւ լիարժեք լուծում ստանար, այլ ոչ թե վերածվեր քաղաքական, աշխարհաքաղաքական առեւտրի մանրադրամի:
Միջազգային կառույցների նման լոյալ կեցվածքը Բաքվի ձեռքերն ազատում է նոր հանցագործ գործողությունների համար: Այդ պայմաններում Ադրբեջանը նույնիսկ շարունակում է թաքցնել իր մոտ պահվող ռազմագերիների իրական թիվը: Սա նշանակում է, որ վերջինս կարող է սեփական հայեցողությամբ, ցանկացած ձեւով վարվել իր կողմից չհաստատված, բայց տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով եւ փաստերով հիմնավորված գնահատականներով այնտեղ գտնվող ռազմագերիների ճակատագրերի հետ: Այս հարցում ԵՄ-ի միակ գործողությունն այն է եղել, որ դադարեցվել է Ադրբեջանի հետ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որն արդեն 2 տարի է՝ պատրաստ է:
Սակայն սրա փոխարեն օրերս պարզվեց, որ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Եվրոպական միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել: Այդ մասին ԵՄ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին հայտնել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: Ավելին՝ վերջինս նաեւ ԵՄ-ի պատրաստակամությունն էր հայտնել՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման եւ վերակառուցման գործընթացին։ Կողմերը պատրաստակամություն էին հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի եւ կապի ոլորտներում։
Ակնհայտ է, որ ԵՄ-ն սրանով փորձում է լուծել իր էներգետիկ խնդիրները, որոնք կարող են ծագել Ուկրաինայում հակամարտության բռնկման դեպքում: Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանի, Քաթարի եւ գազի մատակարարման մյուս այլընտրանքային աղբյուրների միավորման դեպքում էլ Եվրոպան, ըստ ոլորտի փորձագետների գնահատականների, չի կարողանա առանց ռուսական գազի բավարարել իր պահանջները: Եվրոպական կառույցների այս գործողությունների ընդհանրական գնահատականն այն է, որ իրենց տնտեսական շահերի համար այդ կառույցները պատրաստ են աչք փակել քաղաքակրթական եւ, մասնավորապես, եվրոպական գերագույն արժեքի՝ մարդու իրավունքների ոտնահարման ճչացող փաստի վրա, որն առկա է Ադրբեջանում:
Իսկ պաշտոնական Բաքուն, օգտվելով դրանից, հայ գերիներով է «վարձահատույց» լինում, օրինակ, Հունգարիային՝ քնած հայ սպային կացնահարած մարդասպանին իրեն վերադարձնելու համար: Միանշանակ է, որ Ադրբեջանը նախատեսել է մյուս գերիներին եւս վերադարձնել ինչ-որ բանի դիմաց: Այս երեւութը մարդու քաղաքական թրաֆիքինգի հանրագիտարանային օրինակ է, ինչը մարդու իրավունքների մասին հայտնի բոլոր միջազգային կոնվենցիաների եւ հռչակագրերի կոպիտ խախտում է: Ադրբեջանի այս վարքագիծը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի եւ այդ ընթացքում իրականացրած պատերազմական հանցագործությունների դեմ համապատասխան միջազգային կառույցների՝ աչք փակելու քաղաքականության հետեւանք եւ շարունակությունն է: Համարժեք գնահատական չտրվեց նաեւ արցախյան խնդրի կարգավորման միջազգային ձեւաչափի՝ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներից հիմնականի՝ ուժի կիրառման բացառման խախտմանը, ինչի հետեւանքով քաղաքակիրթ աշխարհը բախվել է Բաքվի ոչ հումանիտար, բարբարոսական պահվածքին: Համամարդկային ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին ուղղակի հարված հասցնող այս գործընթացը կանխելու համար պարզապես պետք է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ողջ գործիքակազմով Ադրբեջանին պարտադրել՝ ազատ արձակելու իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին, ինչը նաեւ կնպաստի տարածաշրջանում երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը: