Հրապարակվել են Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի հետազոտական խմբի եւ Գլոբալ ակադեմիայի 2021 թ. Թուրքիայում առկա միտումների հետազոտության արդյունքները: Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով Թուրքիայի 26 նահանգների քաղաքաբնակների շրջանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Այս հետազոտական ամենամյա ծրագրի շրջանակներում արդեն 11 տարի շարունակ չափվում են թուրքական հասարակության ընկալումներն ընթացիկ եւ հնարավոր խնդիրների վերաբերյալ: Թեեւ անցած տարվա մտահոգությունների ցանկը գլխավորել են տնտեսական, ինչպես նաեւ փախստականների խնդիրները, սակայն մեզ համար ուշադրության են արժանի Թուրքիայի հասարակության վերաբերմունքն ու ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների, դրանց զարգացումների վերաբերյալ:
Պատասխանելով «արդյոք թվարկված երկրները վտա՞նգ են ներկայացնում Թուրքիայի համար» հարցին, մեծամասնությունը՝ 60.9 տոկոսը Թուրքիայի գլխավոր սպառնալիք է համարել Հայաստանը։ Երեք տարվա հարցման արդյունքները փաստում են, որ այդ ցուցանիշը շարունակաբար աճում է. 2020-ին այն եղել է 58.9 տոկոս, իսկ 2019 թ.՝ 46.5 տոկոս։ Այն հանգամանքը, որ Թուրքիայի բնակչությունը Հայաստանը համարում է սպառնալիքի հիմնական աղբյուր, եւ այդ ցուցանիշը տարեցտարի աճում է, պետք է խորքային եւ որակական վերլուծության առիթ դառնա առաջին հերթին Հայաստանի համար։ 2020 թ. պատերազմի արդյունքները պետք է որ «մեղմացնեին» ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական հասարակության վախերը։ Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը, Կիպրոսը, Մեծ Բրիտանիան, Իրանը, Ֆրանսիան, Սիրիան, Հունաստանը, ՌԴ-ն, Չինաստանը եւ այլն։
Չափազանց խոսուն է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն կողմ արտահայտվողների ցուցանիշը։ «Ի՞նչ եք կարծում, Թուրքիան պետք է փորձի շտկել հարաբերությունները թվարկված երկրների հետ, որոնց հետ լարված հարաբերություններ ունի» հարցին 66.2 տոկոսը տվել է բացասական պատասխան, այսինքն՝ չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, կողմ է արտահայտվել ընդամենը 14.4 տոկոսը, մնացած 19.4 տոկոսը կողմնորոշված չէ այդ հարցում։ 2020 թ. հարաբերությունների կարգավորմանը կողմ է եղել 9.5 տոկոսը, դեմ՝ 71.3-ը, իսկ 2019-ին՝ կողմ՝ 11.7, դեմ՝ 62.6 տոկոսը։ Փաստորեն, հարցումների համաձայն՝ թուրքական հասարակությունը պատրաստ չէ հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ, որին համարում է իր երկրի համար սպառնալիքի գլխավոր աղբյուր։
Եթե այս երկու հարցերը վերաբերում էին պետությունների միջեւ հարաբերություններին, ապա հայ ժողովրդի նկատմամբ խորքային անհանդուրժողականության մասին է վկայում այն, որ «կընդունե՞ք, արդյոք, հայ հարեւանին» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 53.8 տոկոսը, բացասական պատասխան է տվել, որից 33.2 տոկոսը՝ «չեն ընդունի», եւ 20.6 տոկոսը՝ «միանշանակ չեն ընդունի»։ Հարցվածների 37.1 տոկոսը նշել է, որ նշանակություն չունի (ազգությունը.- խմբ.), իսկ դրական է արձագանքել միայն 8.2 տոկոսը։ Չոր թվերը ցույց են տալիս, որ Թուրքիայի հասարակության ներսում հայերի նկատմամբ «բարիդրացիության» մասին խոսելն անգամ ավելորդ է։ Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ հույն հարեւանի պարագայում այդ ցուցանիշները հետեւյալն են՝ դրական՝ 10.0 չեզոք՝ 45.3, բացասական՝ 29.0, եւ խիստ բացասական՝ 14.6 տոկոս։
Վերոնշյալ հարցման պատկերը հետաքրքիր է հատկապես Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) նախաձեռնությամբ եւ «Բրեւիս» ընկերության կողմից Հայաստանի բնակչության շրջանում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության համատեքստում, որը հրապարակվել է հունվարի 31-ին։ Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում անցած տարվա նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցազրույցների մեթոդով։ Հարցման արդյունքներով հայաստանցիների 28 տոկոսը որպես գլխավոր մտահոգություն նշել են տարածքային եւ սահմանային խնդիրները։ Այդ տրամաբանությունից է բխում այն, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան եւ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար ամենամեծ անվտանգային, քաղաքական եւ տնտեսական սպառնալիքը, քաղաքական մասով՝ համապատասխանաբար՝ 90 եւ 77 տոկոսը (ընդունվել է մինչեւ 2 պատասխան), տնտեսական առումով՝ հարցվածների 68 եւ 52 տոկոսը, իսկ անվտանգային առումով՝ 88 եւ 81 տոկոսը։ Հարցվածների 91 տոկոսը վատ է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի, իսկ 94 տոկոսը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Միեւնույն ժամանակ հայաստանցիների 64 տոկոսը համարում է, որ Հայաստանի համար առավել կարեւոր գործընկերն անվտանգության ոլորտում Ռուսաստանն է, իսկ 61 տոկոսի համոզմամբ՝ առավել կարեւոր տնտեսական գործընկերը։ Երկրորդ հորիզոնականում քաղաքական կարեւոր գործընկերը Ֆրանսիան է, իսկ տնտեսականը՝ Իրանը։
Պատասխանելով այն հարցին, թե «ո՞ր 2 երկրների հետ է պետք հարաբերությունները բարելավել Հայաստանի զարգացման համար», 53 տոկոսը նշել է Ռուսաստանը, 35 տոկոսը՝ Միացյալ Նահանգները, 29 տոկոսը՝ Իրանը, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման միջոցով Հայաստանի զարգացումը պայմանավորել է հարցվածների համապատասխանաբար 5 եւ 4 տոկոսը։
Հայաստանի տնտեսական զարգացման վրա տրանսպորտային ուղիների բացումը Ադրբեջանի հետ բացասական է գնահատել 59 տոկոսը, իսկ դրական՝ 5 տոկոսը, 22 տոկոսն էլ՝ որոշ չափով է դրական համարել սպասվող ազդեցությունը։ Թուրքիայի մասով տրանսպորտային ուղիների բացման ազդեցությունը դրական եւ որոշ չափով դրական է գնահատել 6 եւ 29 տոկոսը, իսկ 17 եւ 36 տոկոսը՝ համապատասխանաբար՝ խիստ բացասական եւ որոշ չափով բացասական։
Անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու եւ երկկողմ հարաբերությունները կարգավորելու խնդրին՝ հայաստանցիների 73 տոկոսը կարծում է, որ դրան զուգահեռ Հայաստանը պետք է հետամուտ լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգին։ Մինչդեռ 70 տոկոսը համարում է, որ հայկական կողմը պետք է նախապայմաններ առաջ քաշի հարաբերությունների հաստատման դեպքում, որոնցից է օրինակ՝ Թուրքիայի կողմից Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտելը։ Հարցվածների 44 տոկոսն էլ համարում է, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ (Նկատենք, որ «կարգավորում» ասելիս պետք է ինքներս մեզ համար ձեւակերպենք, թե ինչ ենք հասկանում դրա տակ։ Մեզ համար դեռ թարմ է Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի ունեցած խիստ բացասական դերակատարությունը):
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, ապա հարցվածների 25 տոկոսի կարծիքով՝ միայն Արցախի հիմնահարցի վերջնական լուծումից եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, 16 տոկոսը՝ Հայաստանի զինված ուժերը վերականգնելուց հետո միայն, իսկ եւս 16 տոկոսի համոզմամբ՝ ներկայումս Հայաստանի եւ Արցախի շահերից չի բխում գործընթացի իրականացումը։ Հարցմանը մասնակցած քաղաքացիների շուրջ 96 տոկոսը վստահ է՝ արցախյան հակամարտության կարգավորումը կարեւոր է Հայաստանի ապագայի համար: Որպես հիմնախնդրի կարգավորման ընդունելի տարբերակ՝ մեծ մասը դիտարկում է Արցախի անկախությունը (35 տոկոս) կամ Հայաստանի հետ միավորումը (34 տոկոսի համար մարզի կարգավիճակով, իսկ 16 տոկոսի համար՝ ինքնավար շրջանի կարգավիճակի հաստատում Հայաստանի կազմում):
Հայաստանյան հարցման արդյունքները վկայում են, որ իրականության հետ քիչ առնչություն ունեն թուրքական լրատվադաշտում, օրինակ՝ «Անադոլու» գործակալության թղթակիցների անցկացրած «հարցախույզները», թե հայ հանրությունն անհամբեր սպասում է քաղաքական եւ տնտեսական կապերի հաստատմանը։ Թիրախային լսարանի՝ առեւտրականների շրջանում կատարված հարցումները չեն արտահայտում ամբողջ հանրության տրամադրությունները։ Հասկանալի է, որ տարիներ շարունակ իրենց նյութականն ապահովելով թուրքական ապրանքներ ներկրելով եւ վաճառելով՝ վերջիններիս համար առաջնայինը տնտեսական շահույթն է։