Նախօրեին «Վալդայ» միջազգային փորձագիտական-վերլուծական կենտրոնը Ռուսաստանի ԱԳՆ աջակցությամբ անցկացրեց միջազգային համաժողով՝ «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձը եւ հեռանկարները» թեմայով:
Կարելի է ասել, որ համաժողովը դարձավ այն խոսակցության տրամաբանական շարունակությունը, որն սկսել էին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Համաժողովին մասնակցում էին ռազմական դաշինքի անդամ երկրների փոխարտգործնախարարները: ՀԱՊԿ-ն այս տարի նշելու է ստեղծման 20-ամյակը: Եվ հենց այս տարվա հունվարին ՀԱՊԿ-ն առաջին անգամ իր պատմության մեջ իրականացրեց խաղաղապահ գործողություն՝ ի պատասխան Ղազախստանում իրավիճակի ապակայունացման լուրջ փորձերի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարի 10-ի հայտարարությունը, որ «ՀԱՊԿ-ի մեխանիզմը ռեալ գործարկվեց», դարձավ այս միջոցառման լեյտմոտիվը: Համաժողովում փորձ արվեց մեկ ամսվա հեռավորությունից վերաիմաստավորել ղազախստանյան իրադարձությունները եւ մշակել կազմակերպության զարգացման հստակ ուղեգիծ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, եւ որ չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար»։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ էր։ Այս ենթատեքստում հատկանշական է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինի հայտարարությունը համաժողովի շրջանակում. «Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի օգնության վրա, ինչպես դա եղավ Ղազախստանի դեպքում։ Երբ նկատվում է ծայրահեղ իրադրություն եւ իրավիճակի փաստարկված բնութագրում, ինչպես դա եղավ Ղազախստանում, կարելի է նույնքան օպերատիվ կերպով արձագանքել դաշնակցի պաշտոնական դիմումին։ Դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։ Թե ինչ ծավալով այն կպահանջվի եւ որ տարածքում, դա արդեն այլ հարց է»: Պանկինն արեց նաեւ կարեւոր հավելում, որ դաշնակիցների եւ այլ հարեւանի միջեւ հավասար հեռավորության որեւէ հարց չկա։ Ըստ նրա՝ դաշնակիցները միշտ ավելի մոտ են, քան մնացածը։
Ընդ որում՝ այս տեսակետը լրիվ կիսեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը. «Չեմ կասկածում, որ եթե Հայաստանի կողմից դիմում լինի, եւ եթե հիմքեր լինեն, ՀԱՊԿ-ն օգնություն կտրամադրի»։ Զասը հավելեց, որ եթե նման վստահության ըմբռնում չլինի, ապա կազմակերպությունը պարզապես չի լինի։ Գնահատելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, գեներալ Զասը հայտարարեց, որ, իհարկե, լարվածության օջախներ կան, եւ դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին. «Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ էության, սահման, այնտեղ, որպես այդպիսին, չկա. կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություններ են լինում։ Այդպես չպետք է լինի»:
Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ
Մոսկվայում «ՀՀ» սեփական թղթակից