ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն աշխատում են փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժինը նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին օրեր առաջ հաղորդել էր ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարը «Россия-24» հեռուստաալիքի եթերում ասել էր, որ ԵԱՏՄ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման շուրջ: «Շատ կարեւոր հարցը, որը քննարկվել է (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում), ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցն է»,- նշել էր նա։
«ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանին՝ հասկանալու այս ամբողջ գործընթացի ազդեցությունը Հայաստանի եւ նրա տնտեսության վրա։
-Նախ հասկանանք՝ ի՞նչ է ենթադրում այս գործընթացը ԵԱՏՄ շրջանակներում։
-Առհասարակ, ցանկացած տնտեսական ինտեգրման գործընթաց ենթադրում է ընդհանուր տնտեսական տարածությունում ֆինանսական անկախության աստիճանական ամրապնդում, այդ թվում նաեւ երրորդ երկրների արժույթների կիրառումից աստիճանաբար հրաժարում՝ այս կերպ ապահովելով ֆինանսական հոսքերի ներդաշնակեցում՝ փոխադարձ հաշվարկների համընդհանուր ընդունելի մոտեցումների կիրառմամբ: Այդպիսի մոտեցումներից է նաեւ ազգային արժույթների կիրառումը փոխադարձ հաշվարկների ժամանակ, քանի դեռ ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթ չի գործում: Եվ այս առումով միության անդամ պետությունների ռեզիդենտների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ապահովումը ԵԱՏՄ-ում համաձայնեցված դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներից մեկն է։ Հետեւաբար, միանգամայն բնական է, որ աստիճանաբար ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են փոխադարձ հաշվարկներում միջազգային հիմնական արժույթ համարվող ԱՄՆ դոլարի մասնաբաժնի կրճատման աշխատանքները։ Նշեմ, որ այս աշխատանքները սկսվել են դեռեւս մեկ տարի առաջ, եւ ներկա դրությամբ ԵԱՏՄ տարածքում հաշվարկների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով։ Համեմատության համար նշեմ, որ 2021 թ. ազգային արժույթներով հաշվարկների տեսակարար կշիռը կազմել է 74 տոկոս, ինչը 2013-ի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11 տոկոսով: Հավելեմ նաեւ, որ 2022 թ. մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրները քննարկել են փոխադարձ համաձայնությամբ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման եւ բաշխման շրջանակներում հաշվարկների իրականացման հնարավորությունը նաեւ ռուսական ռուբլով:
– Ի՞նչ չափով է ԵԱՏՄ շրջանակներում նշված գործընթացը Հայաստանին վերաբերելու՝ հաշվի առնելով գլոբալ հաշվարկային համակարգերին մեր ինտեգրվածությունը։
-Այս գործընթացը Հայաստանի Հանրապետությանը վերաբերում է այնքանով, որքանով ԵԱՏՄ այլ անդամ երկրներին: Ընդ որում՝ սա առնչվում է միայն ԵԱՏՄ շրջանակում կիրառվող փոխադարձ հաշվարկներին եւ չի ենթադրում երրորդ երկրների հետ կիրառվող հաշվարկների դեպքում դոլարի կամ եվրոյի կիրառման որեւէ սահմանափակում: Նման գործընթացներն արդեն կանոնակարգվում են համապատասխան երկրների հետ կնքված միջազգային համաձայնագրերով, եւ միանգամայն բնական է, որ նման դեպքերում առաջնահերթությունը կտրվի միջազգային փոխադարձ ընդունելի եւ հուսալի արժույթի, ինչպիսին էլ ԱՄՆ դոլարն է, իսկ ԵՄ տարածքում՝ եվրոն:
-Արդյոք սա ենթադրում է ապադոլարացո՞ւմ, եւ ինչքանո՞վ այն կազդի ՀՀ տնտեսության վրա՝ դրական եւ բացասական առումներով։
-Պետք է նշել, որ այս գործընթացն ավելի շուտ նշանակում է ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական հոսքերի ապադոլարացում, ինչը բնական գործընթաց է՝ անկախ ներկայումս Ռուսաստանի ֆինանսական շուկայում առկա զարգացումներից: Կոնկրետ Ռուսաստանն Արեւմուտքի պատժամիջոցների կիրառմանը զուգընթաց ակտիվ քայլեր է իրականացնում տնտեսության ապադոլարացման ուղղությամբ՝ սկսած դեռեւս 2014-ից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միջազգային հաշվարկներում (ոչ ԵԱՏՄ շրջանակներում) դոլարից հրաժարվելու պատճառ չկա եւ, բնականաբար, չի էլ կարող լինել, քանի որ, ինչպես նշեցի, այլ երկրների հետ առեւտրային եւ ֆինանսական գործարքներում կիրառվում են համաշխարհային արժութային զամբյուղի մեջ առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող եւ միջազգայնորեն ընդունելի արժույթներ, ինչպիսին էլ առաջին հերթին ԱՄՆ դոլարն է:
-Կարո՞ղ ենք երկուսն էլ համադրել, եւ արդյոք քաղաքական հետեւանքներ չե՞ն լինի։
-Միանշանակ կարող ենք, քանի որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, միութենական ներքին հաշվարկներում պետք է առաջնորդվի համընդհանուր սահմանված կանոնակարգերով, ինչը որեւէ կերպ չի խոչընդոտում երրորդ երկրների հետ իրականացվող տնտեսական հարաբերություններում փոխադարձ հաշվարկների այլ մոտեցումների եւ ընթացակարգերի կիրառմանը: