Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայից անմիջապես հետո Ադրբեջանն սկսեց տեղի հայկական հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման եւ աղավաղման գործընթացը: Ավերվում են եկեղեցիները, գերեզմանատները, լավագույն դեպքում հոգեւոր կոթողների վրայից ջնջվում, վերացվում են հայկականությունը հիշեցնող բոլոր գրառումները եւ ինքնատիպ հայկական ճարտարապետական ձեւավորումներն ու զարդանախշերը:
Հիմնականում հենց այս նպատակների համար երկու տարվա ընթացքում Արցախի օկուպացված տարածքներում պաշտոնական Բաքուն ծախսել է 5.3 մլրդ դոլար, իսկ առաջիկայում էլ նախատեսում է վատնել եւս 12 մլրդ դոլար: Զավեշտն այստեղ այն է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե այդ գումարն օգտագործվում է օկուպացված տարածքների վերականգնման նպատակով, բայց 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Արցախից զավթած տարածքներում Ադրբեջանը միայն քանդում է հայկական կոթողները՝ մեծ գումարներ ծախսելով կանգուն մնացածների արտաքին ճարտարապետական տեսքը փոխելու համար, կամ կառուցել է ռազմական նշանակության օդանավակայաններ, Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով ռազմաբազաներ եւ դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Կասկած չկա, որ 12 միլիարդի առյուծի բաժինն էլ կհատկացվի Ադրբեջանի բռնազավթած տարածքներում հայկականը հիշեցնող հնարավոր ամեն ինչի վերացմանը եւ ռազմական նոր ենթակառուցվածքների ձեւավորմանը: Այս ամենը գալիս է փաստելու, որ կեղծ են հրապարակվող այն վիճակագրական ցուցանիշները, թե Ադրբեջանն ընդամենը 2.6 մրդ դոլար է հատկացնում պաշտպանական կարիքների համար: Իրականում Բաքուն բազմապատիկ ավելին է տրամադրում սպառազինվելու եւ ռազմական ենթակառուցվածքներ ձեւավորելու համար, իսկ պաշտոնական վիճակագրական թվերը մի քանի անգամ նվազեցված են, քանի որ նպատակն է միջազգային համապատասխան կառույցներին ցույց տալ, թե պետության ՀՆԱ-ում ռազմական կարիքների համար փոքր թիվ է հատկացվում:
Փաստացի ռազմական կարիքներին ուղղվող գումարները մի քանի անգամ գերազանցում են հրապարակվող պաշտոնական տվյալները, Ադրբեջանը սպառազինվում է՝ ավելի ու ավելի խախտելով տարածաշրջանում ուժերի հարաբերակցության հավասարակշռությունը, որի նպատակը եւ հետեւանքը միայն մեկը կարող է լինել՝ ուժի սպառնալիքի դիրքերից հարեւանների՝ Արցախի եւ Հայաստանի հետ խոսելն ու նոր ագրեսիայի հավանականության մեծացումը:
Դրան զուգահեռ միջինը մեկ ամսվա պարբերականությամբ Բաքվի առաջնորդը հայտարարում է, թե Սյունիքը եւ Երեւանը «պատմական ադրբեջանական» հողեր են: Մի կողմ թողնենք բացարձակ ճշմարտությունը, որ, տեղի բնիկ հայ ժողովրդի բնօրրանի աշխարհագրական տարածքները հազարամյակներով հայկական անուններով են հիշատակվում համաշխարհային գիտական եւ պատմական աշխատություններում եւ շուրջ 100 տարվա պատմություն ունեցող պետության պատմական տարածք չեն կարող լինել:
Բանն այն է, որ Ադրբեջանը 21-րդ դարում փաստացի շարունակում է մեկ դար առաջ սկսած իր հայատյաց, ցեղասպան քաղաքականությունը՝ փորձելով հնարավորինս վերացնել հայկականը, յուրացնել Մեծ Հայքի պատմական տարածքները՝ այդ սեւ գործի համար հատկացնելով՝ իր կարողությունների համեմատ ահռելի մեծ գումարներ: Այս քաղաքականության հետեւանքները մարդկության աչքի առաջ են՝ հայաթափված Դաշտային Արցախի եւ Նախիջեւանի տեսքով: Նախիջեւանի վերջին հային իր պատմական բնօրրանից դուրս մղելուց հետո ոչնչացվեցին նաեւ վերջին հոգեւոր մշակութային հուշարձանները՝ Ջուղայի խաչքարերը:
Պաշտոնական Բաքուն իր այս ցեղասպան քաղաքականությունը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նժարը թեքված է իր կողմը: Այս երկրի քաղաքական ղեկավարությունը հաշվի չի առնում միջազգային հանրության որեւէ կարծիք, ունակ չէ ընկալելու, թե ինչ են նշանակում հին քաղաքակրթական մշակութային արժեքները եւ պատմական փաստերը: Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր «սեւ գործը» կանգնեցնում է այն ժամանակ, երբ տեսնում է հայկական պետությունների հակազդման ներուժը: Հետեւաբար՝ այսօր առաջնային խնդիր Ադրբեջանի ռազմական ներուժին հակադրվող ներուժի ձեւավորումն է, այլ կերպ այդ երկրին հնարավոր չէ կանգնեցնել եւ ստիպել հրաժարվել ցեղասպան քաղաքականությունից: