Արցախում առկա է անվտանգային, հումանիտար, պարենային ճգնաժամ, մինչդեռ միջազգային հանրությունը արժեքային, մարդկայնության, սրտացավության խորքային ճգնաժամում է։ Արդեն 33-րդ օրն է Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է։ Հունվարի 9-ից խափանված է Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքներին խոչընդոտում է ադրբեջանական կողմը:
Ադրբեջանի այսօրվա հայատյաց, ցեղասպան քաղաքականությունը շարունակական շղթայի մաս է կազմում։ 33 տարի առաջ այս օրերին էր, երբ Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: 1990 թ. հունվարյան վայրագությունները կազմակերպվել եւ իրականացվում էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, այդ ժամանակ եւս պետական բարձր հովանավորչությամբ։ Բաքվի ջարդերի, թեեւ ավելի ճշգրիտ կլինի նշել` Բաքվի ցեղասպանական գործողությունների հետեւանքով շուրջ 250 հազարանոց հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի։ Դրանով ավարտին հասցվեց դեռեւս 1988-ին Սումգայիթում սկսված, այնուհետեւ Գանձակում (Կիրովաբադում) եւ Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայաթափման գործընթացը: Ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվել, այսօրվա իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս խաղաղության ցանկալի, բայց ոչ իրական լինելը մի պետության հետ, որն իր ստեղծման պահից ի վեր իրականացնում է ցեղասպան քաղաքականություն, ավելին՝ ստեղծվել է հայկական տարրը տարածաշրջանից վերացնելու, հայկական ժառանգությունը յուրացնելու նպատակով եւ հայկական ինքնության դեմ պայքարելու «առաքելությամբ»։
Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում ներկայացվեց Արցախում ստեղծված իրավիճակը։ ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Բերձորի միջանցքի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը համարում է ոչ թե պարզապես շրջափակման դեմ, այլ պայքար ամենակարեւորի՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար: Իրականում պայքարն ավելի խորքային է, քան զուտ առաջին հայացքից երեւացող պարենային, կրթական կամ այլ խնդիրներն են։ Այն կյանքի եւ ապագայի պայքար է, հետեւաբար միայն Արցախի խնդիրը չէ, այլ ամբողջ հայության, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում։ Նրա խոսքով` բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են կյանքի եւ մարդու հիմնարար իրավունքների կարեւորությունը, պետք է պայքարեն Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Պետությունները եւս պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, օրինակ՝ խուսափելով այցելել այդ երկիր կամ հրաժարվելով այնտեղ տարբեր միջազգային միջոցառումներ կազմակերպելուց։ Արցախին օգնելու համար Հայաստանի ՀԿ-ները եւս կարող են դիմել միջազգային տարբեր կառույցների՝ նշելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ այլ տարաբնույթ խախտումների մասին: Վարդանյանն ընդգծեց, որ Արցախի արմատներ ունեցող մոտ 400 հազար մարդ կա, եւ ակնկալվում էր, որ նրանք իրենց ձայնը կբարձրացնեն, սակայն դա տեղի չունեցավ բավարար չափով։ «Եվ հայկական սփյուռքը, եւ Հայաստանը պետք է հասկանան, որ սա նորմալ իրավիճակ չէ, սա իրավիճակ է, որը պահանջում է արտահերթ քայլեր եւ ավելի ուժեղ ձեւով է պետք բարձրաձայնել այս ամենը»,- ասաց նա՝ նշելով, որ մարդկանցից շատերը չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ինչ է շրջափակումը։ Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ կան Հայաստանից, ԱՀ պետնախարարը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունն իր դիրքորոշումն արդեն հայտնել է։ Աջակցություն են ցուցաբերում ֆինանսական եւ իրավական ուղղությամբ՝ ասելով, որ ավելին անել չեն կարող։
Վարդանյանը հայկական սփյուռքից ակնկալում է ավելի գործուն քայլեր, քանի որ նրանք եւս պետք է հասկանան, որ սա միայն արցախցիների հարցը չէ, այլ ամբողջ հայության։ Սփյուռքի ներգրավումը` ըստ նրա, կարող է լինել տարբեր ձեւերով, մասնավորապես՝ տեղեկատվական դաշտում կամ իրենց բնակության երկրներում ճնշում գործադրելով կառավարությունների վրա։ «Տարբեր միջոցներ պետք է օգտագործվեն, որովհետեւ ոչ միայն Արցախի եւ Ադրբեջանի հարաբերությունների հարցն է, այլեւ ընդհանուր հայկական աշխարհի, որը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի պահելաձեւը չի ընդունվելու քաղաքակիրթ երկրների կողմից»,- հավելեց նա։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը եւս կարեւորեց սփյուռքի ներգրավվածությունը՝ նշելով, որ մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որն ունի նման արժեքավոր ռեսուրս, հետեւաբար պետք է անպայման արդյունավետ օգտագործվի այդ հնարավորությունը։ Ստեփանյանը հավելեց, որ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներն իրենց կառավարություններից պետք է պահանջեն, որպեսզի համապատասխան գործողություններ ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտման հանցավոր քաղաքականությանը պատշաճ կերպով արձագանքելու համար։ «Ոչ միայն միջազգային ընդհանուր պատժամիջոցներ պետք է կիրառվեն, այլեւ տարբեր երկրներ պետք է վերանայեն իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Այստեղ էլ կարեւոր դերակատարություն ունի հայկական սփյուռքը։ Մենք սփյուռքում ունենք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք իրավապաշտպան եւ հումանիտար գործառույթներ են իրականացնում, ակնկալվում է նրանց աջակցությունը»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը նաեւ կարծում է, որ թեեւ միջազգային տարբեր կառույցներ արձագանքել են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակմանը, սակայն ժամանակն է, որ խոսքերից անցնեն կոնկրետ քայլերի: «Դա շատ կարեւոր է, այլապես ստեղծված իրավիճակում կանգնած ենք էթնիկ զտման առջեւ, մարդկանց կյանքերն ուղիղ վտանգի տակ են: Շրջափակումից մեկ ամիս անց կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ եւ հետեւողականորեն իրականացվող համակարգային խախտումների հետ, ինչը այլ լեզվով կամ միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ: Այո, սա հանցագործություն է, եւ փաստերն առավել քան խոսուն են: Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով իրականացնում է էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականություն»,- շեշտեց նա:
Ադրբեջանի կողմից խախտվում են մարդու հիմնարար գրեթե բոլոր իրավունքները՝ առաջին հերթին կյանքի, անվտանգ եւ ապահով միջավայրի, առողջապահությունից օգտվելու, ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական, մշակութային, ազատ տեղաշարժի եւ այլն։
Արցախի Հանրապետության ԱԳ նորանշանակ նախարար, նախկինում ՀՀ-ում ԱՀ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի խոսքով` միջազգային հանրության կողմից ունենք հասցեական արձագանք Ադրբեջանի կողմից շրջափակումը դադարեցնելու համար։ Մասնավորապես կոնկրետ հասցեական դիրքորոշումներ են հնչել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի եւ մի շարք այլ երկրների կողմից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններից: «Մեր հիմնական ուղերձը հետեւյալն է՝ Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ: Սա ամբողջ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհի խնդիրն է»,- շեշտեց նա։
Ղազարյանի համոզմամբ` ռուս խաղաղապահների ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին ավարտին հասցնել իրենց ծրագրերը՝ կապված Արցախը հայաթափելու հետ։ «Միեւնույն ժամանակ այս կոնկրետ իրավիճակում, հիմնական նպատակներից մեկը, որը հետապնդում էր ադրբեջանական կողմը, այն է, որ հայկական բնակչության կողմից դժգոհության ալիք բարձրանա ռուսական խաղաղապահների նկատմամբ։ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուսական խաղաղապահների գործունեությունը»,- ասաց ԱՀ ԱԳ նախարարը։ Հետեւաբար ստեղծված իրավիճակում ավելի է կարեւորվում ՌԴ խաղաղապահների դերը, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է, որ Արցախ պարենային մթերք, դեղորայք ներկրվի, իսկ ՌԴ խաղաղապահները պետք է ներգրավված լինեն, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրվեն Արցախի Հանրապետություն:
Ռուբեն Վարդանյանն էլ ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունն ավելի մեծ մանդատ կստանա, որպեսզի կարողանա ապահովել խաղաղությունը տարածաշրջանում։ «Քննադատելը հեշտ է, բայց մենք ներսից տեսնում են այն մեծ աշխատանքը, որն իրականացվում է խաղաղապահների կողմից, եւ ամեն կերպ համագործակցում ենք, որպեսզի դուրս գան ստեղծված իրավիճակից։ Քննադատելով միայն օգնում ենք Ադրբեջանին, որն անհամբեր սպասում է, թե երբ են ռուսական խաղաղապահ ուժերը հեռանալու Արցախից, սակայն նրանք պետք է մնան տասնյակ տարիներով եւ ապահովեն խաղաղությունը տարածաշրջանում»,- նշեց նա։
Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի տնտեսության վիճակը։ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախում կրճատվել են 1000-ից ավելի աշխատատեղեր, ժամանակավորապես փակվել են բիզնեսներ։ Առանց այդ էլ՝ 2020 թ. պատերազմից հետո էապես փոխվել էր Արցախի տնտեսության կառուցվածքը: Արցախի բյուջեի ներկա կառուցվածքն արդեն իսկ ուղղված էր ճգնաժամային խնդիրների կարգավորմանը, իսկ շրջափակումն ավելի լուրջ ֆինանսական, տնտեսական մարտահրավերների առաջ է կանգնեցրել: Նախատեսվում է որոշակի աջակցություն տնտեսության էականորեն տուժած ոլորտներին, նաեւ՝ տնտեսական կառուցվածքի բարեփոխման աշխատանքներ: