«Մահ հայերին», «Փառք Սումգայիթի հերոսներին». այս կարգախոսներն էին բարձրացրել 1990 թ. հունվարին Բաքվի փողոցներում ցույց իրականացնողները, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Սումգայիթում ցեղասպանություն գործած իրենց հանցագործ ազգակիցներին։
Հունվարի 13-ին սկսված եւ մեկ շաբաթ շարունակվող Բաքվի հայերի կոտորածը հաջորդել էր Սումգայիթում 1988 թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած հայերի սպանդին եւ տեղահանությանը։ Ադրբեջանի իշխանությունները հասկացել էին, որ պատասխանատվություն չեն կրելու Սումգայիթի ցեղասպանության համար եւ արդյունքում սկսեցին ակնհայտ հակահայկական քաղաքականություն իրականացնել։ 1988 թ. ապրիլ-մայիսից սկսած` Բաքվի հայերին հալածում եւ վիրավորում էին հանրային վայրերում, զանգվածաբար հեռացնում աշխատանքից, սպառնում էին, հարձակվում բնակարանների վրա, ահաբեկում եւ սպանում։ Այդ ամենի հետեւանքով Բաքվի ավելի քան 250 հազարանոց համայնքը հայտնվել էր իրական դժոխքում, եւ փրկության միակ ճանապարհը քաղաքից հեռանալն էր։ Արդեն 1988-89 թթ. հայկական համայնքի հիմնական մասը լքել էր Բաքուն՝ քաղաք, որն ընդամենը մեկ դար առաջ զարգանում էր հայ բնակչության շնորհիվ։ 1990 թ. հունվարին Բաքվում մնացել էր ընդամենը 30-35 հազար հայ, որոնք հիմնականում ծեր, հիվանդ եւ հաշմանդամ մարդիկ էին, նրանց խնամողներն ու բարեկամները, ինչպես նաեւ խառնամուսնությունների անդամներ, հիմնականում՝ կանայք։ Հենց նրանք էլ հայտնվեցին այդ դաժան իրադարձությունների կիզակետում, որը դարձավ Բաքվի հայկական համայնքի վերացման եւ ցեղասպանության գագաթնակետը։
Ներկայումս հավաքված փաստագրական նյութը բավարար է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի կատարած հանցագործություններն ապացուցելու համար, սակայն համապատասխան քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվում։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր հանրության գիտակցության մեջ հստակ ձեւակերպված պահանջ չկա Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ, ավելին՝ բացակայում է նաեւ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծման կարեւորության ընկալումը։
Ի դեպ, կովկասյան թաթարների կողմից Բաքվում հայերի առաջին զանգվածային ջարդերն իրականացվել են 1905 թ., այնուհետեւ 1918-ին։ Սա ապացուցում է, որ կովկասյան թաթարները նույնն են բոլոր ժամանակներում, քաղաքակրթությունն ու մարդկայնությունը խորթ են նրանց էությանը։ Այդպիսով` պատմությունը հուշում է, որ որեւէ ժամանակաշրջանում հայը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով: Հայատյացությունը «Ադրբեջան» արհեստական պետության ողնաշարն է, նրա շաղախը, ինքնության ձեւավորված հիմքը։ Հայատյացությամբ են դաստիարակվում սերունդները, ծնունդ տալիս ռամիլսաֆարովների մի ամբողջ բանակի։ Մանկապարտեզներից սկսած` ձեւավորում են հայի նկատմամբ ատելության հողի վրա խեղված սերունդներ։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է հակահայկական քաղաքականությունը, ինչը հստակ ցույց է տալիս, որ այդ քաղաքական միավորի վերջնանպատակը, բարեբախտաբար, չի իրականացել՝ Հայաստանն ու հայը կան։ Այդ երկրի նախագահը տարեսկզբյան ասուլիսում, ինչպես միշտ, բաց տեքստով հայտարարեց իր նպատակների եւ ծրագրերի մասին։ Բոլոր ելույթներում, հարցազրույցներում Ալիեւի հիմնական ասելիքը հանգում է հետեւյալին. «Տարածաշրջանը չափազանց փոքր է հայի եւ թուրքի համար համատեղ գոյակցության համար»։ Կհասկանա՞նք այս պարզ ճշմարտությունը, թե՞ կշարունակենք ինքնախաբեությունը, կորոշի մեր սերունդների ապագան։
Ինչպես բազմիցս նշել ենք, եւ այդ մասին բարձրաձայնում են մի շարք մասնագետներ, Արցախի հիմնահարցը որակապես այլ հարթության մեջ կդիտակվեր, եթե Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ Մարաղայի դեպքերը որակվեին որպես ցեղասպանություն՝ դրանից բխող քայլերով։ Ադրբեջան հանցագործ պետության եւ նրա ծնած հանցագործ հասարակության կերպարի ներկայացումը նոր որակ կհաղորդեր հիմնախնդրի էության ընկալմանն ու հնարավորություն չէր տա ադրբեջանական կողմին շահարկելու այսպես կոչված «տարածքային ամբողջականության վերականգնման» խաղաքարտը։ Ցեղասպան պետության հետ պարզապես անիմաստ կլիներ խոսել փոխզիջման կամ «խաղաղ համագոյակցության» հեռանկարի մասին։ Միգուցե չլիներ նաեւ Արցախյան երկրորդ պատերազմը, եթե հանցագործը դատապարտվեր եւ պատասխանատվության ենթարկվեր։ Ինչպես ընդունված է ասել, պատմությունը «եթե»-ներ չի սիրում, սակայն «եթե»-ները կարող են հուշել հետագա քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը։
Այսօրվա իրողությունն ինչպես մեր պարտությունն է, այնպես էլ առաջադեմ մարդկության, միջազգային հանրություն կոչված անդեմ միավորի, երբ տնտեսական եւ քաղաքական շահերը ստորադասվում են համամարդկային արժեքներին։ Դրանց ստորադասումն էր, որ մարդկությանը երկու անգամ կանգնեցրեց կործանման եզրին, երբ համաշխարհային պատերազմները սպառնալիք դարձան մարդկային տեսակի համար։ Սերունդներն այդպես էլ դասեր չքաղեցին։ Բոլորիս թվում է, թե անցյալի դեպքերը մեզ հետ գրեթե առնչություն չունեն, որ դրանք անցյալի ստվերներ են, մինչդեռ յուրաքանչյուր քայլ՝ ինչպես արված, այնպես էլ՝ չարված, ունենում է իր հետեւանքները։