Հայկական լեռնաշխարհը հայերիս բնօրրանն է, սրբազան հայրենիքը։ Այլոց համար եղել է հարստությամբ լի գանձարան։ Այսօր էլ ոչինչ չի փոխվել։ Մեր հայրենիքից մեզ մնացած այս փոքրիկ հատվածը՝ Հայաստանն ու Արցախը մեզ համար սրբություն են, մեր մարմնի, մտքի ու հոգու ներդաշնակությանն անհրաժեշտ ի բնե տրված կենսատարածքը, այլոց համար՝ շահույթ։ Եվ այդ «այլոց» շարքում միայն մեր դարավոր թշնամին չէ, այլ նաեւ նրանք, ովքեր դարերի ընթացքում մեծ ախորժակով օգտվել են այդ շահույթից՝ նպաստելով մեր երկրի ու ազգի հսկայական կորուստներին։ Պատմության մի ուսուցիչ ունեինք, ասում էր՝ ուզո՞ւմ եք հակիրճ հասկանալ մեր հանդեպ տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի անտարբերության պատճառներից մեկը, ուսումնասիրեք մեր հանքերի պարունակությունը…
Հանքարդյունաբերության ոլորտից խոսելիս սովորաբար 18-րդ դարից ենք սկսում։ 21-րդ դարն է, ու կարող ենք ինքներս մեզ հարցնել. այս ամբողջ ընթացքում ո՞ր երկրներն են եղել մեր հանքերի շահառուները։ Պատասխանը շատ բան կբացատրի։ 18-րդ դարից ներքեւ չենք իջնում, չենք ասում, որ, օրինակ, պղինձ ձուլել ենք դեռ մեր թվարկությունից առաջ։ Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի դարաշրջանում (Ք. ա. 4-2-րդ դդ.) Մեծամորը մշակութային ծաղկուն կենտրոն է եղել։ Բավականին լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հնոցներն ու հալոցը, որոնք կառուցվել են ժայռերի մեջ։ Չենք խոսում, գուցե որովհետեւ սա ցավալի շրջան չէր, քանզի մենք էինք մեր ընդերքի հարստության իրական տերը։
Գանք մեր դարեր։ Ալավերդին «պղնձե քաղաք» են կոչում։ Շահառուները լավ գիտեին՝ ինչու, հոտոտել էին հայկական ընդերքից հանվող պղնձի «համը»։ Այստեղի պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքն ունեն շուրջ 250 տարվա պատմություն: 18-19-րդ դդ Ալավերդու պղնձաձուլարանում արտադրվել է տարեկան 60-200 տոննա պղինձ: 20-րդ. դարի սկզբին պղնձի արտադրության ծավալը եղել է տարեկան շուրջ 2.000 տոննա: Արտադրության ծավալներն իրենց գագաթնակետին են հասել 1980-ականներին, երբ տարեկան արտադրվել է մինչեւ 55 հազ. տոննա մաքուր պղինձ:
Ոսկի, մոլիբդեն, կապար, ցինկ. սրանց տեղն էլ հավանական շահառուները լավ գիտեն։ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը մեր տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին եւ մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարեւոր տեղ են զբաղեցնում: Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված են (2018 թ. տվյալներով) հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (մետաղական, ոչ մետաղական, ստորերկրյա քաղցրահամ եւ հանքային ջրերի), ինչպես նաեւ օգտակար հանածոների 580 հանքերեւակումներ (131 մետաղական եւ 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական։ ՀՀ ընդերքը հարուստ է հետեւյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաեւ, ուշադրություն, դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:
Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են պղնձամոլիբդենային, պղնձի, ոսկու եւ ոսկի-բազմամետաղային, մոլիբդենային, ալյումինահանքային, մագնեզիումասիլիկատային ապարների եւ քրոմիտի, երկաթահանքային հանքավայրեր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից, բացահայտված է հազվադեպ եւ ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ եւ այլն: Մեկ այլ փաստի եւս ուշադրություն դարձնենք. սրանք դեռ հաստատված պաշարներն են, եւ այս ամենը մեր հայրենիքի այս փոքրիկ հատվածում միայն։ Ուրանի պաշարներից կարող էինք չխոսել։ Խորհրդային Հայաստանն ամեն ինչ արեց, որ այդ մասին չխոսվի՝ «պաշարը քիչ է, հետեւաբար, արդյունահանումը՝ աննպատակահարմար» պատճառաբանությամբ, բայց հիմա բրիտանական հետաքրքրությունը (Սյունիքի մարզի հանդեպ) բոլորովին այլ բան է հուշում։
Մեր հանքարդյունաբերական պատմությունում ալմաստից կարծես չենք խոսում, բայց դեռ 1972-1976 թթ. գիտնականները հաստատել էին, որ Հայաստանի տարածքում ալմաստի հետքեր կան եւ տարբեր ապարներում գտնվել են ալմաստի 40-ից ավելի բյուրեղներ ու դրանց բեկորներ։ Նռնաքարի հանքավայրեր նույնպես ունենք (Մեղրի եւ Կապան)։ Վանակնը (լեռնաբյուրեղ), այս պահի տվյալներով, արդյունաբերական նշանակության չէ, բայց ունենք երեւակումներ (Վանաձոր, Հրազդան, Շիկահող, Ջրաշեն)։
Ունենք նաեւ ագատի խոշոր հանքավայրեր (դեռ 1966թ. տվյալով՝ Կապանում, Գորիսում, նաեւ՝ Տաշիրում (Կալինինո)։ Եթե խոսենք սաթից, ապա պիտի անցնենք Թարթառ գետի երկայնքով ԼՂՀ-ում։
Եթե խոսենք ոսկուց, ապա պիտի գանք հնագույն ժամանակներից ու տանք բազմաթիվ հանքատեղերի անուններ, իսկ, օրինակ՝ Սոթքի հանքավայրը հիշատակենք դեռ Ք. ա. 13-12-րդ դարերից։ 19-րդ դարում հայկական ոսկին հիշատակելիս գիտնականները խոսել են ոչ միայն հանքավայրերից, այլեւ հեռանկարային առանձնացրել են Աղստեւ, Արփա, Արաքս գետերի ալյուվիալ նստվածքները, Վանաձոր եւ Փամբակ գետերի գետային նստվածքները։ 1951 թ. խոսել են Մասրիկ եւ Թարթառ գետերի ջրբաժանում ոսկու արմատական հանքավայրից։ Ոսկու հանքավայրեր եւ երեւակումներ հայտնաբերվել են Ալավերդի-Կապան գոտում: 19-րդ դարի 30-ականներին ոսկի է հայտնաբերվել Ագարակի, Քաջարանի հանքավայրերում: Շարունակել կարող ենք, բայց եթե ավելի հակիրճ, ապա Հայաստանում ոսկի կա գրեթե ամենուրեք (պարզունակ բացատրությամբ). տարբեր հասակի գրանիտոիդային ֆորմացիաներում՝ (Աղվերան), Ալավերդու եւ Կապանի հանքավայրերում, բազմամետաղային հանքաքարերում, ինչպես ասացինք, գետային նստվածքներում եւն։
Հիմա եթե «այլոց» աչքերով նայենք, ապա հերիք չէ, որ Հայաստանը ոսկու հանքավայրեր ունի, դեռ ոսկի ունի նաեւ բազմամետաղային հանքաքարերում եւ գետային նստվածքներում նույնպես։ Եթե խոսենք պլատինից, ապա պիտի տանք Սեւանա լճի Շորժայի քրոմիտային հանքավայրի անունը (նաեւ՝ Ալավերդի, Կապան, Քաջարան)։ Ախթալա, Ալավերդի, Կապան. այստեղ նաեւ արծաթ կա։ Մեր երկրի հարստության մասնակի ու շատ համառոտ նկարագրված պատկերն արդեն պարզ է, չէ՞։ Դեռ չենք խոսում ոչ մետաղական, քաղցրահամ եւ հանքային ջրերի պաշարներից։ Ի դեպ, դեռ չենք խոսում նաեւ այն հանգամանքից, որ մեր պոչամբարներն էլ մի առանձին հարստություն են։
Ինչեւէ՝ հարստության ուղիղ գծով նկատվե՞ց Սյունիք-Արցախ հատվածը նաեւ։ Արդեն այս առումով կարող ենք բխեցնել Հայաստանի ու Արցախի մասով աշխարհաքաղաքական նկրտումների դրդապատճառներից մեկը։ Արցախի մեծ մասն այսօր օկուպացված է թյուրքական կողմից, հետեւաբար՝ խաղաքարտերը թյուրքական ձեռքում են, ու հարստության շահառուներն էլ այդ կողմ են թեքվում։ Չհաշված նույն թյուրքական կողմից բարբաջվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պարագան։
Հուսահատվե՞նք։ Իհարկե՝ ոչ։ Նժդեհն ասում է՝ «Հաղթում են ա՛յն ժողովուրդները, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված ախտին», եւ որ «հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի ժողովուրդներն են միայն հաղթում պատմության մեջ»։ Պայքարե՞նք։ Անշո՛ւշտ՝ այո՛։ Որովհետեւ՝ «Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել», եւ, ի վերջո, «Վաղը հաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը»: Իրավիճակից դուրս գալու ուղիներ կան, մենք պարտավոր ենք լինել ուժեղ, «քանի որ թույլերը բարեկամ չունեն աշխարհի վրա»:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ