Երբ երկիրը լավ վիճակում չէ, տվյալ երկրի գիտակից քաղաքացին, որ ոլորտն էլ ներկայացնելիս լինի, եւ կապ չունի՝ որ ափերում ապրելիս, իրեն լավ զգալ չի կարող։ Հոգեբանական վիճակն ավելի զգայուն է դառնում, երբ այդ քաղաքացին ազգի՛ ներկայացուցիչ է, ու հայրենի երկիրը զուտ տարածք չէ, այլ՝ իր բնօրրանն ու հայրենիքը։ 44-օրյա պատերազմից հետո հայն իրեն սեփական ջրից դուրս նետված է զգում՝ կապ չունի՝ Արցախում է ապրում, Հայաստանում, թե արտերկրում։ Որովհետեւ նաեւ հստակ գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է թե՛ տարածքային կորուստների (Արցախի որոշ բարձունքներ (հիշենք պատերազմից հետո ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակվող՝ Արցախի քարտեզի պատկերի փոփոխությունը) եւ ՀՀ-ի մեր դիրքերում ադրբեջանական զորքի ցայսօր տեղակայվածությունը) եւ թե՛ տեղեկատվական ու հոգեբանական գրոհների մակարդակներում։ Ի դեպ, ցավոք, այդ գրոհները ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին հարթակներում են։
Ընկերներիցս մեկը, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբենք քաղաքում մի փոքրիկ բիզնես ունի, եւ իր հաճախորդները հիմնականում հայեր ու «չայնիզներ» (չինացիներ) են, պատմում է, որ հատկապես պատերազմից հետո չէր ուզում նույնիսկ խանութը բացել։ Հարցնում եմ՝ ի՞նքն ինչ խնդիր ունի, կողքները թուրք էլ չկա։ Ասում է. «Իմ «չայնիզները» հայերեն են խոսում, Հայաստանի ու Արցախի մասին գիտեն, պատմել եմ՝ ինչպես ենք հաղթել սովի ու շրջափակման պայմաններում, 44-օրյան որ սկսվեց, գիտեին, որ հիմնադրամին փող եմ ուղարկում, խանութիցս կրկնակի գնումներ էին անում, որ ավելի շատ փող ուղարկեմ, ասում էին՝ սեփական հողի համար կռիվն օրհնանք է։ Պատերազմից հետո հարցնում էին՝ բա ինչի էդպես եղավ։ Ոչ կարողանում էի գոռալ-խոսել, ոչ լացել…»։
Մոսկվայում ծանոթներ ու բարեկամներ ունեցողները գրեթե նույն պատմությունները կպատմեն, թե հատկապես պատերազմից հետո այս քաղաքում ինչ է եղել, երբ որեւէ օբյեկտում հանդիպել են հայն ու թուրքը։ Նույնը՝ եվրոպական քաղաքներում։ Վալենսիայում ապրող բարեկամուհիս ասում է, որ իրենց թաղամասում 3 թուրքի ապրելու մասին իմացել են պատերազմից հետո միայն։ Դրանք հանկարծ աքլորացել էին ու թաղամասի հայերի հետեւից վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում։
Ասել, թե Հայաստանում ու Արցախում ապրող հայերս հոգեբանական գրոհների չենք ենթարկվում, ճիշտ չէ, նախ, ի վերջո, տեղեկատվական ու հոգեբանական պատերազմները ընդգրկուն սահմաններ ունեն, եւ հետո՝ Արցախի ու Հայաստանի այսօրվա վիճակը լրիվ բավարար է այդ պատերազմներից դուրս չգալու համար։ Տեղեկատվական ու հոգեբանական գրոհները բոլոր ոլորտներում են՝ կրթականից ու մարզականից սկսած մինչեւ տնտեսական ու քաղաքական։ Երբ հունվարի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման օրը, դպրոցներում ասում են, թե «թուրք մայրերն էլ չպետք է լացեն», սա ոչ այլ ինչ է, քան հային ուղղված հոգեբանական գրոհ։ Երբ խանութները լցված են թուրքական արտադրանքով, սա եւ տնտեսական, եւ հոգեբանական գրոհ է։ Երբ երկիրդ ներխուժել է թշնամին ու տեղակայվել սահմաններիցդ ներս, ու դու այդ թշնամուն դուրս շպրտելու փոխարեն կոչ ես անում հեռանալ, սա արդեն գրոհ է բոլոր առումներով։ Երբ գիտես, որ թշնամիդ դպրոցից սկսած հայատյացություն է քարոզում, հասկանում ես, որ քո սերունդն էլ է ենթարկվելու գրոհների՝ հենց թշնամու սերնդի կողմից։
Ինչպես տանուլ չտալ այս գրոհներում, անհատի լուծելիք խնդիր չէ։ Այնպես չէ, որ անհատը իր որակական ու կամային հատկանիշների շնորհիվ դա անել չի կարող։ Վերջերս MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանի մենամարտն էր ամերիկացի Մայք Բրաունի հետ։ Մարտին սպասում էինք ոչ այն պատճառով, որ Մայքի ընկերուհին թուրք էր, այլ որովհետեւ Մայքը, հավանաբար, թուրք ընկերուհուց ոգեւորվելով՝ մարտից առաջ պարբերաբար հակահայկական տեսանյութեր էր տարածում՝ նշելով, որ հայերը 3 մլն են, քիչ են, փոքր են (երկու մատները միմյանց մոտեցնելով ցուցադրում էր «փոքրը»)՝ հաղթելու համար։ Էդգար Սողոմոնյանը ոչ միայն հաղթեց, այլեւ իր հաղթանակը նվիրեց Արցախին եւ Հայաստանին՝ ծածանելով Արցախի դրոշը։
Սա՝ անհատական եւ մարզաքաղաքական մակարդակում։ Բայց ընդհանրական տեղեկատվական ու հոգեբանական գրոհներին դիմակայալու համար արդեն պետության ջանքն է հարկավոր՝ նպատակային ծրագրերով ու ռազմավարություններով՝ կրթագիտական, տնտեսական ու ռազմաքաղաքական ոլորտներում։ Որովհետեւ տեխնոլոգիական այս դարի պատերազմները միայն տաք չեն, եւ պակաս ավերիչ չեն տեղեկատվական ու հոգեբանական պատերազմների հետեւանքները։ Այստեղ տանուլ տալու իրավունք չունենք, որովհետեւ հաղթանակը նախ հոգիների մեջ ենք կռում։ Իսկ առջեւում դեռ պատերազմներ են։