Սեւանա լճի հետ կապված ցանկացած հարց կարեւոր է, բայց 44-օրյայից հետո խնդիրների լուծման առաջնահերթություններ պետք է դրվեն։ Սեւանի նշանակությունը ազգային է, ուստի ամեն լուծում պետք է ազգային շահին միտված լինի։ Նախկինում, օրինակ, մենք քննարկում էինք ափամերձ շինությունների հարցը, ցանցավանդակային տնտեսության խնդիրը եւն։ Այսօր էլ սրանք, անշուշտ, անչափ կարեւոր են, բայց արդյոք հետպատերազմյան շրջանում առաջնահերթությունները չեն փոխվե՞լ։ Գիտենք՝ Արցախյան երրորդ պատերազմից հետո սահմանը մոտեցել է, գետաբերանների անվտանգությունը վտանգված է այլեւս։ Արփայի ու Որոտանի խնդիրն էլ հայտնի է։ Հաշվի առնելով մեր հանդեպ թշնամու մոլագար ատելությունը՝ ընդհանրապես թունավորման դեպքերը բացառել չենք կարող։
Եթե ավելի պարզ, ապա իրավիճակը հետեւյալն է՝ Որոտանը մեզ համար ռեզերվ է։ Արփան գալիս-հավաքվում է Կեչուտի ջրամբարում, հետո նոր մտնում Սեւան։ Անշուշտ, լավ է, որ միանգամից չի գալիս, բայց թշնամու սեպտեմբերյան հարձակումից հետո հասկանալի պատճառներով Կեչուտի նկատմամբ ուշադրությունն ավելի խիստ պետք է պահենք։ Պետք է Կեչուտը մշտապես հսկվի՝ տարածքով, ջրի կենսաբանական ու քիմիական մշտադիտարկումով։ Ընդգծում ենք՝ մշտական դիտարկումով, ոչ թե տարեկան 1-2 անգամ։ 44-օրյայի մասին հենց այնպես չէ, որ խոսել էինք հիդրոահաբեկչության համապատկերում։ Չմոռանանք՝ պատերազմները նաեւ ռեսուրսների համար են մղվում։
Ու որպեսզի թյուրընկալում չլինի, թե Սեւանա լճի բոլոր խնդիրները պետք է դնենք մի կողմ եւ զբաղվենք միայն սնուցման հարցով, շեշտենք՝ լճի հետ կապված բոլոր խնդիրները (ջրի որակ, կենդանական աշխարհ, ափամերձ շինություններ, ավազանի տնտեսական գործունեություն եւն) պետք է քննարկվեն մեկ ամբողջական շղթայի մեջ։ Ջրի որակի խնդրի լուծումը հույժ կարեւոր է, որպեսզի լիճը քաղցրահամ ջրի պաշար մնա, ոչ թե դառնա զուտ ոռոգման համար շտեմարան կամ վերածվի զուտ ձկնաբուծարանի։ Այս ենթատեքստում չենք կարող չխոսել լճի համար լրջագույն խնդիր դարձած կապտականաչ ջրիմուռների մասին։ Դեռ տարիներ առաջ, երբ լճի «ծաղկումը» ամենտարյա խնդիր դարձավ, շատերն ասացին, թե՝ բան չկա, «ծաղկում է, մեռնում է, լիճը չի վտանգում» եւն։ Մինչդեռ մասնագիտական ամենատարբեր կայքերին հղված մեր հարցումներից պարզ դարձավ, որ այդ կապտականաչ ջրիմուռ ասվածն իրականում ջրիմուռներ էլ չեն, բակտերիաներ են: Լինում են տոքսիկ ու ոչ տոքսիկ: Այդ նույն ջրիմուռ ասվածը որոշ պայմաններում կարող է տոքսիկ նյութեր արտադրել, որոշ պայմաններում՝ ոչ: Ջրիմուռներ ենք ասում, որովհետեւ այդ բակտերիաները կպչում են իրար, կալոնաներ են առաջացնում, ջրիմուռի նման են, դրա համար ենք ասում ջրիմուռ: «Ծաղկումից» հետո դրանք իջնում են ջրի հատակը՝ ստեղծելով օրգանական նյութի ավելցուկ: Եվ այս ավելցուկը հաջորդ տարի, երբ գալիս են նորերը, այդ նորերի բազմացման համար է՛լ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում: Ասել կուզի՝ ինչքան ծաղկում ենք ունենում, հաջորդ տարի այդ ծաղկումն ավելի ծաղկուն է լինում։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի երեկ տարածած հաղորդագրությունն ուղղակիորեն հաստատում է մեր ասածը։ Ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներն առաջին անգամ ուսումնասիրել են ցիանոբակտերիալ ակինետների դերը Սեւանա լճի էկոհամակարգում: Գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գեւորգյանը բացատրել է, որ ֆիտոպլանկտոնի կարեւոր բաղադրիչներից են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները: Աշնանը ցիանոբակտերիաների զգալի քանակություն քայքայվում է հատակային նստվածքներում կուտակման ընթացքում: Որոշ թելային թալոմ ունեցող ձեւերի բնորոշ է ակինետների՝ սպորների ձեւավորումը: Դրանք սովորաբար տարբերվում են վեգետատիվ մյուս բջիջներից, ունեն առավել հաստ թաղանթ, պարունակում են պաշարանյութեր, ուստի համարվում են առավել տոլերանտ, ինչի արդյունքում պահպանվում են հիդրոէկոհամակարգի հատակում եւ առաջին իսկ բարենպաստ պայմանների դեպքում կարող են զարգանալ եւ անսեռ բազմացման ճանապարհով սկիզբ տալ ջրիմուռի նոր թալոմի ձեւավորման: «Առաջին անգամ ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սեւանա լճի էկոհամակարգում: Պարզվել է, որ հատակային նստվածքներում ձմեռող այս ցիանոբակտերիաները համապատասխան պայմաններում կարող են ջրային միջավայրում նորից համալրել ցիանոբակտերիալ կազմը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Մեծ Սեւանի հատակային նստվածքներում ակինետները նկատելիորեն շատ են Փոքր Սեւանի համեմատ: Լաբորատոր փորձերի արդյունքում պարզվել է, որ ակինետների զարգացումն արգելակվում է լույսի բացակայության եւ ճնշվում կենսածին նյութերի ցածր կոնցենտրացիաների պայմաններում: Լուսավորության դեպքում լճի 1 գ հատակային նստվածքում առկա ակինետներից կարող է զարգանալ մինչեւ 21000 ցիանոբակտերիալ բջիջ»,-նշել է կենսաբանական գիտությունների թեկնածուն։
Գիտական խումբն իրականացրել է նաեւ լճում Ֆիտոպլանկտոնի որակական անալիզ՝ հիմնված Փոքր եւ Մեծ Սեւանների 80 մ, 43 մ եւ 30 մ խորջրյա հատվածներում անցկացված հետազոտությունների վրա: Լճի ուսումնասիրված հատվածներում ֆիտոպլանկտոնային համակեցությունն օժտված է եղել տեսակային մեծ բազմազանությամբ: Այդ ցուցանիշով առավել աչքի են ընկել դիատոմային եւ կանաչ ջրիմուռները, որոնց հաջորդել են կապտականաչները կամ ցիանոբակտերիաները: Դիտվել է աղտոտված եւ ճահճացող ջրերին բնորոշ էվգլենային ջրիմուռների տեսակային բազմազանության աճ։
Մասնագիտական տվյալները հուշում են, որ անաբենա ցեղի կապտականաչ ջրիմուռներ ասվածը լճում առաջին անգամ նկատվել են դեռ նախորդ դարի 40-ականներին, բայց ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թ.։ Հետո տարբեր տարիներին կրկնվել են տարբեր ծավալներով։ 1976-1978 թթ. ամենաբուռն ծաղկումն է եղել. այդ տարիներին լճի մակարդակը շատ էին իջեցրել։ 2000-ականներին լճի մակարդակը մի քանի տարի շարունակ բարձրացավ, եւ այդ խնդիրը չունեցանք։ Հետո կրկին ծաղկում եղավ, որովհետեւ լճի մակարդակի իջեցում եղավ։ Մեծ ծավալով ծաղկում եղավ մեկ էլ 2018 թ. եւ շարունակվեց։ Թե ինչպես պետք է ազատվել այս ջրիմուռներից, «ՀՀ»-ն խոսել է դրա ձեւերից, հայ գիտնականների առաջարկած նորարարությունից։ Բայց հաջողության համար նախ պետք է ջրի մակարդակը բարձրանա։