ԱՄՆ-ն պետքարտուղարության միջոցով շարունակում է ուշադիր հետեւել հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում արձանագրվող գործընթացներին եւ օպերատիվ կերպով արձագանքել յուրաքանչյուր տեղաշարժին: Այս առումով բացառություն չէին կարող լինել բռնազավթված Թալիշ գյուղում Բաքվի բռնապետի ունեցած ռազմատենչ ելույթը եւ հնչեցրած պատերազմի սպառնալիքները: Այդ իրադարձությունից մեկ օր անց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր նախաձեռնությամբ զանգահարեց Ադրբեջանի նախագահին: Հեռախոսազրույցի մասին պետդեպարտամենտի տարածած պաշտոնական հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ քննարկման հիմնական թեման եղել էին Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները:
Բլինքենը շեշտել էր, որ հայ-ադրբեջանական չկարգավորված խնդիրները չունեն ռազմական լուծումներ, եւ ակնկալել էր ԱՄՆ-Ադրբեջան համագործակցության շարունակություն խաղաղ գործընթացների հարցում: ԱՄՆ պետքարտուղարի օպերատիվ արձագանքի պատճառ էր դարձել նաեւ մինչ այդ հայ-ադրբեջանական սահմանին եւ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի էսկալացիայի բարձր հավանականության մասին ասուլիսում ՀՀ վարչապետի արձանագրումը: Այդ ամենի համատեքստում ԱՄՆ պետքարտուղարը չէր կարող չանդրադառնալ նաեւ Լաչինի միջանցքի՝ արդեն երրորդ ամիսը փակ լինելու խնդրին:
Վաշինգտոնի տարածած հաղորդագրության ենթատեքստից ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ին մտահոգել էին ոչ միայն Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, այլեւ սոցիալական ցանցերում տարածված եւ ԱՄՆ-ի տիրապետած տեղեկություններն ադրբեջանական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ: Հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ Բաքվի առաջնորդը հերթական կեղծիքն է մատուցել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ սկսած, իբր, Արցախում հայկական ստորաբաժանումներ լինելու մասին ապատեղեկատվությունից եւ վերջացրած մարտի 5-ին ադրբեջանցի երկու դիվերսանտի ոչնչացման մեջ Արցախի պաշտպանության բանակին մեղադրելը:
Ալիեւը կատարելագործել է պաշտոնական մակարդակով տարածվող ապատեղեկատվությունը՝ պնդելով, թե ՀՀ զինված ուժերն օգտվում են այն փաստից, որ այստեղ են ԵՄ դիտորդները, եւ Հայաստանը, իբր, «սահմանային միտումնավոր լարման քաղաքականություն է վարում»:
Բաքվի ղեկավարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունն ընթերցած յուրաքանչյուր ոք նման ցածրորակ ապատեղեկատվությունը իրավիճակի վերաբերյալ բարձր իրազեկվածություն ունեցող ԱՄՆ պետքարտուղարին մատուցելն առնվազն վիրավորական քայլ կարող է որակել: Ալիեւի մատուցածի մեջ չկա որեւէ տրամաբանական շղթա եւ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը լարի սահմանային իրավիճակը, թե ինչպե՞ս կարող է Արցախի ՊԲ-ն մեղավոր լինել արցախցի ոստիկաններին գնդակահարած դիվերսիոն խմբի անդամների ոչնչացման մեջ, կամ ի՞նչ մեխանիզմով կարող են ՀՀ զինծառայողները գտնվել Արցախում, երբ Բաքուն մերժում է միջազգային փաստահավաք առաքելության՝ Արցախ ուղարկելու միջոցով այդ հարցը պարզելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
Հեռախոսազրույցի վերաբերյալ նույն՝ ադրբեջանական հաղորդագրության տեքստում էլ պաշտոնական Բաքուն գաղտնազերծել է իր հեղինակած կեղծիքների իրական նպատակը՝ առաջնորդի բերանով հայտարարելով, թե Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման անհրաժեշտություն կա: Այս հայտարարությամբ Բաքուն, ըստ էության, փորձում է վերջնականապես չեղարկել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջին կետը՝ միջանցքով անվտանգ եւ անխոչընդոտ տեղաշարժի դրույթը, որն առանց այն էլ արդեն 3 ամսից ավելի չի գործում: Այլ կերպ ասած՝ ադրբեջանական կողմը փորձում է չեղարկել տարածաշրջանում հրադադարն ապահովող միակ եռակողմ փաստաթուղթը՝ իր բոլոր հնարավոր աղետալի հետեւանքներով, երբ չկա այլընտրանքային կարգավորում: Այդ փաստը միանշանակ մտահոգելու էր տարածաշրջանում միջնորդական առաքելություն ունեցող պետությանը: Նման իրավիճակում Բաքվի ղեկավարին սթափեցնող պարբերական հեռախոսազանգերն օրինաչափ են ու պահանջված, այլապես կիմաստազրկվի Վաշինգտոնի միջնորդական առաքելությունն ընդհանրապես, ինչը քաջ գիտակցում են պետդեպարտամենտում: