2020 թ. ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից (ՊՆՎ) եւ վերաթողարկումից հետո լայնածավալ եւ մանրակրկիտ աշխատանքներ սկսվեցին՝ ուղղված ՀԱԷԿ-ի 2021 թ. վերազինմանը եւ վերանորոգման պլանավորմանը: 2021 թ. պլանավորված աշխատանքներն ուղղված էին ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող եւ Հայաստանի էներգետիկ ինքնավարությունն ապահովող օբյեկտի հուսալիության ապահովմանն ու անվտանգ գործունեությանը: Դեռ 2017 թ. ձեւավորված էին ՀԱԷԿ-ի մոտակա տարիների արտադրական պլանները։
Տարիներ առաջ, երբ դեռ քննարկվում էր Հայկական ատոմակայանի շահագործման երկարացման հարցը, եւ դրա hետ կապված ստուգումներ էին արվում, մեր ատոմային անվտանգության խորհրդի անդամները եւ նրանց թվում՝ արտերկրից տարբեր մասնագետներ նշում էին, որ մեր ռեակտորի տիպի ռեակտոր ունեցող ատոմակայանների շահագործման երկարացման հաջողված փորձեր կան: Եվ որպեսզի կարողանանք 2026-ից հետո էլ աշխատելու մասին մտածել, անհրաժեշտ էր ռեակտորի թրծում: Դրա համար էլ 2021 թ. ՊՆՎ-ն երկար տեւեց՝ 141 օր, եւ դա անհրաժեշտ էր ռեակտորի հետ կապված ստուգումների, միանգամից թրծման եւ կրկին ստուգումների համար: Ամբողջ գործընթացը միջազգային մասնագիտացված կառույցի՝ ԱԷՄԳ-ի թույլտվությամբ եղավ, եւ այդ ընթացքում ՀԱԷԿ-ը հաջողությամբ համագործակցել է միջազգային գործընկերների հետ (սա՝ ի գիտություն միջազգային հարթակներում Հայկական ատոմակայանի, իբր, վտանգավորության մասին թյուրքական բարբաջանքների, որոնք մեկ անգամ չէ, որ հերքել ենք)։ Համալիր ամբողջական գիտատար աշխատանքներից, ստուգումներից, փորձարկումներից հետո մասնագիտական հատվածը խնդիր չի տեսել այն բանի հետ կապված, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է կրկնակի երկարաձգվել, այսինքն՝ մինչեւ 2036 թ.։ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծն էին:
Կարիք չկա բացատրելու, թե սա մեր երկրի համար ինչ կենսական նշանակության հարց է: Հատկապես այս օրերին դժվար չէ հասկանալ թե՛ աշխարհաքաղաքական գործոնները եւ թե՛ մեր երկրի տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Հայաստանը էներգաբլոկի վերագործարկումից հետո այս տարիներին ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ է կուտակել։ Մենք պետք է շարունակենք ատոմային մեր դպրոցի զարգացումը, քանզի միջուկային էներգետիկան մեզ համար այլընտրանք չունի: Բացի ռազմավարական նշանակությունից՝ ատոմակայանի առկայությունն էներգահամակարգում թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները, չմեծացնել ներկրվող բնական գազից կախվածությունը, ինչպես նաեւ արտանետումների ծավալը։
Եվ, ահա, սկսում ենք ՀԱԷԿ-ի կրկնակի շահագործման գործընթացը։ Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց համապատասխան որոշումը՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով գործընթաց սկսելու մասին։ Որոշումը ներկայացնող ՏԿԵՆ-ը նշում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ.։ Կառավարության 2012 թ. ապրիլի 19-ի թիվ 461-Ն որոշման համաձայն իրականացվել է ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունքում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչեւ 2026 թ.։ Նշված ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման եւ վերազինման աշխատանքներ (շուրջ 189 մլն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկային եւ դրամաշնորհային միջոցներ, ՀՀ պետբյուջեից շուրջ 63.2 մլրդ դրամ)։ «Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաեւ մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները եւ նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը եւս 10 տարով՝ 2026-ից մինչեւ 2036 թ.»,- նշվում է որոշման հիմնավորումում։
Ու քանի որ այս կարգի հարցերից հետո հետեւում է պահանջվող ֆինանսական միջոցների հարցը, միանգամից կարեւոր մի հանգամանք շեշտենք. տնտեսական այս տեսակ հարցերը, մանավանդ երբ խոսքը Հայկական ատոմակայանի մասին է, չենք կարող դիտարկել զուտ տնտեսական պրիզմայով։
Տնտեսական հարցերը անպայման պետք է քննարկենք անվտանգության տիրույթում։ Եվ հարկ է, որ տնտեսական խնդիրները բավարարեն անվտանգության, պաշտպանական պահանջները։ Բացատրությունը շատ հստակ՝ եթե չենք մոռանում այն դիտարկել տարածաշրջանային ծավալումների եւ մեզ թշնամի երկրների հայատյաց նկրտումների համապատկերում։ Իսկ դրա համար պետք է մտածենք ոչ միայն գործող էներգաբլոկի կրկնակի շահագործման, այլեւ՝ նոր ատոմակայան ունենալու մասին։ Էներգետիկան զուտ բիզնես ոլորտ չէ, այն դիվանագիտություն է, քաղաքականություն է որոշում ու կողմնորոշումներ առաջադրում (ռուս-ուկրաինական ծավալումների պատկերն աչքներիս առաջ է), ուստի հարկ է, որ Հայաստանը շարունակի ամրապնդել իր դիրքերը։