ՊԵԿ-ը նախապատրաստվում է ՀՀ-ի՝ Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը 3-րդ երկրի եւ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Այս մասին կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, թե այլ պետական կառույցների հետ միասին իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար։
Փաստորեն, սկզբում մասնակի վերագործարկում, հետո, հավանաբար, ամբողջական՝ հաշվի առնելով մեր երկրի ներկայիս քաղաքականությունը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում «կարմիր» գիծ» է ընդունում Հայաստանի հանդեպ Բաքվի որոշումները եւ ամեն ինչով աջակցում Բաքվին։ Ու սա՝ այն պարագայում, երբ արհեստածին Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։
Ադրբեջանի նախագահ Ալիեւը քանի անգամ է դուրս տվել «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը. արդեն երեւի չենք հիշում։ Այնպես չէ, որ Ռուսաստանի առաջատար բուհերից մեկն ավարտածը եւ 1985 թ. պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստացածը չգիտի, որ պատմակեղծարարությամբ է զբաղվում։ Բայց նա տիրապետում է հնագույն արհեստներից մեկի գործիքներին՝ քաջ գիտակցելով, որ միջազգային հանրույթ կոչվածի համար ինքն արդեն բռնակալ չէ, այլ, օրինակ, Եվրոպայի «վստահելի գործընկերը», որովհետեւ նավթ ունի։ Ու քանի որ գիտի՝ իր դիմաց կանգնածներն էլ են հնագույն արհեստներից մեկի «խաղերին» տիրապետում, հանգիստ գործածում է «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը՝ հստակեցնելով, որ ինքը ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում։
Հիմա՝ այդ պետության հետ կամ դրա հովանավոր Թուրքիայի հետ խաղաղություն հնարավո՞ր է։ Տարրական տրամաբանությունը հուշում է բացասական պատասխան։
Բաքուն վերջին շրջանում մեր երկրի մասով մի եզրույթ էլ շրջանառեց, որին կարծես այնքան էլ ուշադրություն չդարձրեցինք։ Արհեստածին այդ պետությունը Հայաստանին մեղադրում է մոնոէթնիկ լինելու մեջ։ Մենք այստեղ չենք քննարկի այն հարցը, որ փոքրատարածք Հայաստանի համար բնական է, որ բնակչության գերակշիռ մասը հայեր պիտի լինեն, որ օրինաչափ է, որ հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհից մեզ մնացած այս փոքրիկ հատվածում նույնիսկ անհրաժեշտություն է մոնոէթնիկությունը, որ բնական ազգերի պարագայում, հատկապես եթե ոչ թե ցեղասպանություն, այլ ցեղասպանությունների շարք են տեսել, նորմալ է, որ հայրենիքի մի հատվածում միասին ապրեն, ընդամենը կհիշեցնենք, որ մեր երկրի Սահմանադրությամբ օրենսդիր իշխանությունում 4 ազգային փոքրամասնություններ մանդատ ունեն։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանին ցավեցրել մեր մոնոէթնիկությունը։ Որովհետեւ ինքն այդպես էլ չի հասկանո՞ւմ, թե թյուրքական որ ցեղախմբի փշրտուք է, որովհետեւ գիտի՞, որ իր տակի հողն իրենը չէ, որովհետեւ իրենը դարձնելո՞ւ համար էր լեզգիներին, թալիշներին, թաթերին… քշում առաջնագիծ՝ նրանցից ազատվելու համար… Ոչ, Ալիեւը հեռահար, նենգ նպատակներով է մոնոէթնիկության խոսույթը կիրառում՝ լավ հասկանալով, որ մոնոէթնիկությունը նաեւ հայկական դիմադրողականության գլխավոր ուժն է։
Ինչեւէ, կապ չունի՝ ով ինչ է ասում, քանի ստանդարտներից է օգտվում, քանի կեղծ եզրույթ առաջ քաշելով ու կեղտոտ օրակարգերով է փորձում իրացնել հայերի վերջնականապես թուլացած լինելու թեզը։ Մենք պետք է հստակ գիտակցենք մեր հնարավորություններն ու օգտագործենք մեր ներուժը՝ թույլ չտալով թշնամու կեղտոտ խաղերի իրացումը մեր հանրության շրջանում։
Այս տարվա մարտի 18-ին Ադրբեջանի նախագահն իր ելույթում առանց այլեւայլությունների հստակ շեշտադրեց. «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ 44-օրյայից հետո նա սա ապացուցում է ցայսօր՝ Արցախը հայաթափելուն միտված իր գործնական քայլերով եւ Հայաստանի տարածքները բռնազավթելով։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, որովհետեւ դիմացը դիմադրողականություն չի տեսնում։ Հենց տեսավ, ինքն է խաղաղություն ուզելու։ Իսկ առայժմ հնարավորինս շատ կշահի, քանի դեռ թույլ ենք տալիս։
Թույլ չտալու համար պետք է մտահոգվենք։ Պետությունը պետք է մտահոգվի, որ հանրության շրջանում ամրության քարոզչություն տանի, ոլորտներում նպատակային քաղաքականություն վարի, ուժերը մոբիլիզացնի, ծախսերի առաջնահերթությունը փոխի։ Պետությունը պետք է մտահոգվի, որ հանրությունը հասկանա, որ ինքն այլեւս այլ օրակարգով է ապրում եւ, այդպիսով, ընկալի մոբիլիզացիայի պատճառները։
Քանի դեռ այսպես չէ՝ Վերին Շորժան, Ներքին Շորժան, Ջերմուկի մատույցները, Շուռնուխը, Տեղը, Որոտանը, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների գյուղերը, Բերձորը Երեւանից շատ հեռու են թվալու։ Իսկ Բաքուն չի հրաժարվելու իր առավելապաշտական նկրտումներից եւ մշտապես փորձելու է մեզնից ստանալ առավելագույնը: Փաստ է՝ Ադրբեջանը մեր հանդեպ հիբրիդային պատերազմ է վարում, եւ դրա դեմն առնելու միակ ուղին հայկական զինված ուժերը գործի դնելն է։ Վերջապես, մտահոգվենք՝ գրողը տանի։ Նույնիսկ մեծ երկրները ամեն սանտիմետր հողի համար կռիվ են տալիս։ Մենք նույնիսկ միլիմետրը կորցնելու «շռայլությունը» մեզ թույլ տալու իրավունքը չունենք։