59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գեւորգի Դեւրիկյանը:
Վարդան Դեւրիկյանը ծնվել է 1964 թ. մայիսի 18-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում: 1971-1981 թթ. սովորել է Երեւանի Ալ. Շիրվանզադեի անվ. թիվ 21 դպրոցում: 1981-86 թթ. սովորել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում: 1986-88 թթ. ասպիրանտ է եղել նույն ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում: 1989 թ. հունվարին աշխատանքի է ընդունվել Մաշտոցի անվան Մատենադարանում (Հին ձեռագրերի ինստիտուտ): 1996 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ղեւոնդ Ալիշանը եւ հայ հին գրականությունը» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Մասնագիտացումն էր հայ միջնադարյան գրականությունը եւ, հատկապես, հայ միջնադարյան բանաստեղծությունը: Զբաղվում էր նաեւ հայ միջնադարյան գրականության միջազգային կապերով: Գրականության ինստիտուտում նախաձեռնել էր «5-18-րդ դարերի հայկական աղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարը, ուր ներկայացվում են հայ միջնադարյան գրականության մեջ եվրոպական տարբեր երկրների մասին հայտնված տեղեկությունները եւ նկարագրությունները: Պատմամշակութային առումով նման աշխատանքը պատկերում է Եվրոպայի ու եվրոպական տարբեր երկրների կերպարի (իմիջի) հայկական հավաքական ընկալումը:
Հեղինակ է ավելի քան 30 գրքի եւ 50-ից ավելի հոդվածների, որոնք տպագրվել են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ ռումիներեն: 2013 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ միջնադարյան գանձերը եւ «Գանձարան» ժողովածուն» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1993-2008 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 1993-1999 թթ. որպես «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր, իսկ 2002-2009 թթ.՝ խմբագիր, 1997-2009 թթ. եղել է նաեւ Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ:
2009-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ նախ որպես ավագ գիտաշխատող հայ հին գրականության բաժնում, ապա՝ այդ բաժնի վարիչ, 2009 թ. դեկտեմբերի 24-ից՝ որպես ինստիտուտի փոխտնօրեն գիտական գծով: 2015 թ. մայիսի 4-ին ընտրվել էր ինստիտուտի տնօրեն:
«ՀՀ» օրաթերթի խմբագրակազմը սգում է անվանի գիտնական-գրականագետի անժամանակ մահը եւ իր խոր ցավակցությունը հայտնում հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին: