108 տարի առաջ Հայկական լեռնաշխարհն էր աշխարհի աչքի փուշը, 108 տարի հետո՝ Հայկական լեռնաշխարհից մնացած փոքրատարածք երկու հատվածները՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը։ Աշխարհի խաղը նույնն էր եւ է. եթե կա շահ, ապա պետք չեն հավելյալ խնդիրներ։ Իսկ հայերը միշտ խնդիր են եղել թյուրքերի ու թյուրքամերձ շրջանակների համար։ Հայոց ցեղասպանության դեպքերը վերլուծելիս չենք կարող չխոսել Բաղդադ-Բեռլին երկաթգծի, Թուրքիային աջակցած երկրների շարժառիթների, ստացած օգուտների մասին: «Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը տնտեսական շահեր է հետապնդում տվյալ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղ բնակվող ժողովուրդների անկախացմանը, պետականության ամրապնդմանն ուղղված գործընթացները: Դրանք հավելյալ ռիսկեր են ստեղծում գերտերության աշխարհատնտեսական շահի սպասարկման, դրա առաջխաղացման համար: Նույն կոնցեպտը կարելի է կիրառել նաեւ Հայոց ցեղասպանությունը վերլուծելիս»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նկատեց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
Եվ, այո, 108 տարի առաջ կատարվածը վերլուծելիս, ըստ Վ. Դավթյանի, անպայման պետք է դիտարկել Բաղդադ-Բեռլին երկաթուղային մեգա-նախագիծը, որի նպատակը խոշոր հաշվով Գերմանիայի գաղութականացման ռազմավարության իրականացումն էր. «Այդ՝ 2500 կմ երկարություն ունեցող երկաթուղու նախագիծը կոչված էր ապահովելու Գերմանիայի ելքը դեպի նավթային պաշարներով հարուստ Միջագետք՝ ներկայիս Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային, Սիրիայի արեւելյան տարածքներ, որոնք այն ժամանակ մտնում էին Օսմանական կայսրության կազմի մեջ: Այս լոգիստիկայում առանցքային նշանակություն ուներ Բասրայի նավահանգիստը՝ Շատ-ալ-Արաբ գետի ափին: Բայց նախագիծն Անգլիայի աշխարհաքաղաքական նկրտումների հետ հակասության մեջ էր մտնում, ինչի հետեւանքով 1913 թ. Պարսից ծոցի ու Քուվեյթի կարգավիճակի շուրջ ընթացող անգլո-գերմանա-ֆրանսիական բանակցությունների արդյունքում որոշվեց, որ Բեռլին-Բաղդադ միջանցքը կավարտվի հենց Բասրայում՝ առանց Պարսից ծոց դուրս գալու հնարավորության: Դրանով իսկ Անգլիան վերահաստատեց սեփական ազդեցությունը Թուրքիայում, ինչը մեծ հաշվով շարունակվում է առ այսօր»:
Մեր զրուցակիցը համապատկերում ընդգծում է. հենց այնպես չէ, որ Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը որպես Առաջին աշխարհամարտի առանցքային շարժառիթ են դիտարկում մի շարք արեւմտյան հետազոտողներ։ Մեծաթիվ աշխատուժ էր պահանջվում Թուրքիայի տարածքով երկաթուղու կառուցման համար։ 1914-ից թուրքական կառավարության որոշմամբ 16-60 տարեկան բոլոր հայ տղամարդիկ պարտադիր զինվորական աշխատանքի զորակոչվեցին։ Աշխատանքներն ավարտելուն պես նրանց սպանում էին… «Երկաթուղու կառուցումը 1940 թ. միայն ավարտվեց՝ արդեն աշխարհաքաղաքական այլ պայմաններում, բայց այն հայերիս հիշողության մեջ մնացել է Հայոց ցեղասպանության եւ հայերի տարհանման մեջ ունեցած դերով, նաև այդ երկաթուղով էին հայերին սիրիական անապատներ տանում»,-ասաց Վ. Դավթյանը։
Քաղաքագիտության դոկտորը շեշտում է՝ հայկական պահանջատիրությունը վաղեմության ժամկետ չունի, այն հայ ազգի դատն է ընդդեմ թյուրք տեսակի։ Եվ մենք հայկական ընդհանուր պահանջագրի փաթեթում չպետք է մոռանանք Ցեղասպանության տնտեսական նախադրյալների մասին։ Ու պահանջագիրը միայն հողային ու տարածքային չպետք է լինի, պետք է դրվի նաեւ նյութական ու ֆինանսական հատուցման խնդիր, ինչու ոչ՝ լեզվական, բնապահպանական, մշակութային. «Հայերի տնտեսական գործունեության ամբողջ արդյունքը ի՞նչ եղավ։ Այո, տրվեց քրդական ու թուրքական ցեղասպան ամբոխներին իբրեւ պարգեւավճար, դարձավ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի վճարամիջոց: Փաստ է՝ այսօր հոխորտացող Թուրքիայի տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսային հիմքով է կառուցված: Թուրքիան ու իր, ինչպես դուք եք հաճախ ձեր հոդվածներում նշում, կովկասյան փշրտուք Ադրբեջանը, որ անընդհատ բարբաջում ու մեզ ինչ-որ պահանջներ են ներկայացնում, դեռ հարց է՝ ով ում է պարտք»: Վահե Դավթյանը շեշտեց` հայկական պահանջատիրության դիրքերը պետք է ամրացնել։ Կան բոլոր հիմքերը՝ պատմական, իրավական տեսանկյունից, հայերի կրած նյութական ու ֆինանսական վնասների վերաբերյալ առկա են բազմաթիվ գնահատականներ ու մոտեցումներ: Միայն 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովում ներկայացված տվյալների համաձայն՝ արեւմտահայության կորուստները կազմում են մոտ 14.5 մլրդ ֆրանկ, արեւելահայությանը՝ մոտ 4.5 մլրդ ֆրանկ: Ընդհանուր առմամբ վեհաժողովի շրջանակներում ստեղծված փոխհատուցման հարցերով հատուկ հանձնաժողովը գնահատեց հայերի ֆինանսական կորուստները 19 մլրդ ֆրանկի չափով դեռ այն ժամանակ: Հասկանալի է, որ վերահաշվարկն այսօրվա գներով բոլորովին այլ թիվ է ցույց տալու։
Տեղեկացնենք, որ այս վեհաժողովի կազմում գործել է նաեւ հատուկ հանձնաժողով՝ փոխհատուցումների հարցով, որը զբաղվելու էր ոչ միայն պատերազմին անմիջական մասնակցած երկրների նյութական փոխհատուցումների խնդրով, այլեւ երրորդ երկրների ու ժողովուրդների, որոնք պատերազմին անմիջականորեն չէին մասնակցել, սակայն տուժել էին վերջինիս հետեւանքով։ 1919 թ. մարտի 7-ին վերոհիշյալ հանձնաժողովը ձեւավորեց Հատուկ հանձնախումբ, որը մեկ ամսում ամփոփեց տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող պատվիրակությունների ներկայացրած, ինչպես եւ այլ աղբյուրներից հայթայթած փաստաթղթերը եւ 1919 թ. ապրիլի 14-ին հրապարակեց իր նախնական զեկույցը: Ուշադրություն դարձնենք՝ զեկույցը նախնական էր եւ միայն այդ ժամանակ հայթայթած փաստաթղթերի հիմամբ։ Այդ 19 մլրդ ֆրանկը, կրկնենք, այն ժամանակ հաշվարկված գներով, չի ներառում հայ ժողովրդի 1920, 1921 եւ 1922 թթ. (համապատասխանաբար՝ Արեւելյան Հայաստան, Կիլիկիա, Զմյուռնիա եւն) ֆինանսական կորուստները:
Կան նաեւ այլ տվյալներ. հիշում ենք ամերիկյան NYLIC ապահովագրական ընկերության շահառուների ժառանգների՝ Թուրքիայի կողմից փոխհատուցման վերաբերյալ տարիներ շարունակ ընթացող դատավարությունը։ «Պահանջատիրության մասով հայկական կողմի աշխատանքը միշտ պետք է շարունակվի՝ ե՛ւ պետական, ե՛ւ լոբբիստական մակարդակներում, նաեւ՝ անհատական»,-ասաց Վ. Դավթյանը՝ պարզաբանելով, թե, այո, անհատական պահանջագրերը չափազանց կարեւոր են, բայց դա համակարգային մոտեցում է ենթադրում: Առանձին հաջողությունների օրինակներ արձանագրվել են. Ֆրանսիայում, օրինակ, ապահովագրական ընկերություններից մեկը պարտավորություն էր ստանձնել զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարել:
Հայերին ցեղասպանելով ու այդ ցեղասպանությանը նպաստելով՝ շահագրգիռ պետությունները հայերին ոչ միայն զրկեցին բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհի մեծ մասից։ Նպատակներից մեկն էլ հայ ժողովրդի նյութական սեփականության յուրացումն էր, որի մասին վերեւում խոսեցինք։ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո բռնագաղթած ու սպանված հայերի գույքի առգրավումը վերսկսվեց։ Լոզանի պայմանագրի ստորագրմանը նախորդող օրերին Թուրքիան ընդունեց «Լքված գույքի մասին» օրենք, որով թույլատրում էր հայերի ունեցվածքը բռնագրավել՝ անկախ նրանց ներկա չգտնվելու պատճառներից։ 1928 թ. լրացուցիչ օրենք ընդունվեց, ըստ որի՝ ով կորցրել էր քաղաքացիությունը, զրկվում էր վերադառնալու իրավունքից, եւ նրանց ունեցվածքը Թուրքիայի կառավարության կողմից առգրավվելու եւ հանձնվելու էր թուրք փախստականներին։ Թուրքիայի Հանրապետության տնտեսական հիմքերը դրվեցին մեզնից խլված միջոցներով։
«Հայկական պահանջատիրությունը պե՛տք է շարունակվի նոր ծավալներով։ Աշխարհաքաղաքական իրավիճակները փոխվել կարող են, եւ այն կարող է զենք դառնալ Թուրքիայի դեմ այլ պետությունների շահերի տեսանկյունից։ Ցեղասպանության լայնամասշտաբ ճանաչումից հետո միջազգային ատյանների օրակարգում հարցը բոլորովին այլ տոնայնությամբ կհնչի»,-շեշտեց Վահե Դավթյանը։ «Բայց դրա համար հարկ է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքը գործի այս ուղղությամբ» մեր դիտարկմանն ի պատասխան դոկտորը համառոտեց. «Այո, հարկ է»… Թեման քննարկելիս չենք կարող չխոսել հայերի կյանքի ապահովագրական հատուցումներից: Տեղեկացնենք, որ այս մասով հատուցումներ իրականացվել են։ Հայոց ցեղասպանությունից առաջ կամ դրա ընթացքում իրենց կյանքն ապահովագրած անձանց մահվան համար ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված հայցերն առավելապես հարուցվել են ԱՄՆ դատարանների միջոցով: 2000 թ. Կալիֆորնիայի խորհրդարանն ընդունեց համապատասխան իրավական ակտ, որով Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներն իրավունք ձեռք բերեցին մինչեւ 2010 թ. ավարտը դատական կարգով փոխհատուցում պահանջել այն ապահովագրական ընկերություններից, որոնք ապահովագրել են իրենց զոհված նախնիներին: Տվյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային դատարանում հարուցվեց հավաքական հայց «New York Life Insurance» ընկերության դեմ, որի շրջանակներում հայցվորները պահանջում էին փոխհատուցում տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով այդ ընկերությունում իրենց կյանքն ապահովագրած` Ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին: Կողմերը դատական կարգով կնքեցին հաշտության համաձայնություն, որով ընկերությունը պարտավորվեց 20 մլն դոլարի չափով փոխհատուցում տրամադրել հայցվորներին: 2002 թ. կրկին Կալիֆորնիայում հավաքական հայց ներկայացվեց Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության դեմ, որը «L’Union Vie», «Caisse Paternelle» եւ «La Confiance» ֆրանսիական ապահովագրական ընկերությունների իրավահաջորդն է, որոնք 1880-1930 թթ. ապահովագրական գործունեություն են իրականացրել Օսմանյան կայսրության տարածքում` ապահովագրելով, այդ թվում` Հայոց ցեղասպանության զոհ դարձած բազում հայերի կյանքերը: Դատարան ներկայացված ցուցակում առկա էր ավելի քան 7000 հայի անուն: 2006 թ. պահանջներ ներկայացրած զոհերի իրավահաջորդներն ստացան մոտ 17 մլն դոլարի փոխհատուցում (այս եւ ստորեւ ներկայացված տվյալները ժամանակին մեզ էր տրամադրել տնտեսագետ Կարեն Սարգսյանը,-Ա. Մ.):
2006 թ. փետրվարին կրկին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային իրավազորության ներքո հայց է ներկայացվել «Deutsche Bank»-ի դեմ` Հայոց ցեղասպանության զոհ դարձած անձանց բանկային հաշիվներում պահվող գումարները եւ այլ արժեքավոր իրերը չվերադարձնելու, ինչպես եւ Ցեղասպանության տարիներին Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցման ժամանակ հայերի հարկադիր աշխատանքը փոխհատուցելու պահանջով: Նման հայց է ներկայացվել նաեւ «Dresdener Bank» ընկերության դեմ: 2010 թ. դեկտեմբերին կրկին ԱՄՆ իրավազորության ներքո հավաքական հայց հարուցվեց Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի կենտրոնական բանկի եւ «Զիրաաթ» բանկի դեմ՝ 16 հայցվորի անունից Ինջիրլիք տարածաշրջանում Հայոց ցեղասպանության ընթացքում բռնագրավված հողատարածքների վերադարձման առնչությամբ: Նույն թվականի հուլիսին կրկին ԱՄՆ-ում կոլեկտիվ հայց է ներկայացվել մի շարք հայ փաստաբանների կողմից (Davoyan v. Turkey) Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի կենտրոնական բանկի եւ «Զիրաաթ» բանկի դեմ՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին բռնագրավված ողջ սեփականության համար, ներառյալ նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի առնչությամբ…
Իբրեւ ամփոփում կրկին շեշտենք՝ հայկական պահանջատիրությունը մեր բնական, պատմական եւ արդարացի իրավունքն է։ Հայկական լեռնաշխարհը մեր բնօրրանն է, մեր հայրենիքն է, եւ հայն է նրա տերը։