«Մեծ Թուրքիայի տեսլականը» հանգիստ չի տալիս նախագահ Էրդողանին։ Սակայն ծավալապաշտական ձգտումներն արտաքին քաղաքականության մեջ այն օրակարգային հարցերից են, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը մրցակցում են ոչ թե հակառակ մոտեցումներով, այլ նրանով, թե որ մեկն ավելի հեռուն կգնա։ Էրդողանի մոտեցումները հայտնի են, մինչ օրս իրականացրած գործողությունները լավագույն կերպով ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ են զարգանալու դրանք, եթե Էրդողանը վերընտրվի։
Նրան որեւէ կերպ չի զիջում նաեւ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն. նախօրեին լրատվամիջոցների եւ հասարակական գործիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Բաքվի եւ Ստամբուլի միջեւ տարբերություն չկա. ուստի այն բարեկամությունն ու միասնությունը, որ ունեն Ադրբեջանի հետ, այլ կերպ չի կարելի պատկերացնել»։ Նա վստահություն է հայտնել, որ թուրքական ոչ մի քաղաքական կուսակցություն Ադրբեջանի նկատմամբ այլ հայացքներ չունի։ Չի մոռացել նաեւ խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Մեր հիմնական նպատակն է Կենտրոնական Ասիան կապել Եվրոպայի հետ, ընդլայնել «թուրքական նախագիծը» եւ ստեղծել տնտեսական ենթակառուցվածք, որը կամրապնդի թյուրքական պետությունների հետ հարաբերությունները»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, որ նախագահ դառնալու պարագայում, պետականավանդույթներին համապատասխան առաջին այցը կատարելու է Կիպրոսի բռնազավթված հյուսիսային շրջաններ, այսպես կոչված ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն», իսկ երկրորդը՝ Ադրբեջան։ Վերոնշյալ հայտարարությունները վկայում են, որ անկախ երկրի ղեկավարի անձից, Թուրքիան ունի հստակ պետական շահ, որը որեւէ կերպ չի համընկնում հայկական շահի հետ, ավելին՝ մեկը մյուսին բացառում է։
Վերադառնալով Էրդողանին եւ նրա օրոք տարվող արտաքին քաղաքականությանը, նշենք, որ մայիսի 24-ին Անկարայում անցկացվեց «Մեծ Թուրքիայի տեսլականը» պանելային քննարկում, որը հաստատեց այդ երկրի չափազանց մեծ նկրտումներն ու ծրագրերը ոչ միայն այս տարածաշրջանի, այլեւ ավելի գլոբալ գործընթացների ուղղությամբ։ Պանելային քննարկումը վերաբերում էր 2021 թ. նոյեմբերի 12-ին Ստամբուլում գումարված Թուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովում ընդունված «Թյուրքական աշխարհի տեսլականը 2040» հայեցակարգին, որը «թուրքական դար» նպատակի իրականացմանն է միտված։ Նշենք, որ այդ նպատակի համաձայն, 21-րդ դարը ցանկանում են վերածել «թուրքական դարաշրջանի»։ Ելույթ ունենալով պանելային քննարկման ժամանակ, Էրդողանը նշել է. «Թուրքիան ներկա է ամենուր, կան թուրք քաղաքացիներ եւ հայրենակիցներ։ Մենք օգնության ենք հասել մեր բոլոր ընկերներին՝ Բալկաններից մինչեւ Կովկաս՝ վերականգնելով եւ զարգացնելով կապերը Թուրքիայի հետ ընդհանուր պատմություն, լեզու, կրոն եւ մշակույթ ունեցող երկրների հետ»։ «Թուրք քաղաքացիներ եւ հայրենակիցներ» ձեւակերպումն ընդգծում է պետության սահմաններով չբավարարվելու մասին, այլ կերպ ասած, որտեղ թուրք է ապրում, այնտեղ փորձ է արվելու թելադրել թուրքական պետության շահը։ Դրանով Էրդողանը ցանկանում է թուրքական սփյուռքը դարձնել արտաքին ազդեցության գործիքի։ «Թյուրքական աշխարհի տեսլականը 2040» հայեցակարգը նաեւ հստակ սահմանում է, որ բոլոր թյուրքական սփյուռքները՝ թուրքական, ղազախական, ուզբեկական, ղրղզական եւ այլն, պետք է կառուցվածքային առումով միավորվեն՝ դառնալով մեկ ամբողջություն, որը կվերահսկվի մեկ կենտրոնից՝ Թուրքիայից։
Ցավալի զուգահեռներ անցկացնենք մեր իրականության հետ. անկախության տարիներից սկսած (այժմ այդ միտումներն ահագնացել եւ վտանգավոր չափերի են հասել) կարելի է հանդիպել հայ մարդկանց, որոնք պատրաստ են հրաժարվել իրենց պատմական հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից, այսօր արդեն Արցախից ամբողջությամբ, վաղը՝ գուցե նաեւ Սյունիքից եւ ցանկացած այլ մարզից։ Հազար ու մի անհեթեթ «փաստ» կգտնեն նման մոտեցումն արդարացնելու նպատակով, մինչդեռ առկա են բոլոր պատմական, իրավական հիմքերը հայրենիքին տեր կանգնելու համար։ Սակայն Թուրքիան եւ Ադրբեջանը հետեւողական են Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու մտադրության մեջ։ Այդ մասին նրանք պարբերաբար հայտարարում են։ Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիա նահանգի Քեփեզ քաղաքում ելույթի ժամանակ հայտարարել էր, թե «Թուրքի ուղին անցնում է Շուշիով, Ջաբրայիլով (Ջրական.- խմբ.) եւ Զանգեզուրով՝ հին թյուրքական հայրենիքով, ուր թափվել է նահատակների արյունը»։ Առողջ բանականությունը հուշում է, որ հայկական կողմից որեւէ արձագանք կհնչի։ Բայց ոչ, մենք շարունակում ենք լռել՝ լռել ճշմարտության, արդարության եւ խղճի ոչնչացման մասին։