ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին եւ 28-ին Երեւանում՝ Խաչքարերի պուրակում, կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Այս հետաքրքիր միջոցառումը Երեւան էր բերել ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից ներկայացուցիչներ՝ կազմակերպություններ, անհատներ, որոնք հիմնականում զբաղվում են զբոսաշրջությամբ։ Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու այլ հետաքրքիր, կոլորիտային փորձառություններ։ Ներկա էին նաեւ մշակութային խմբեր, որոնք առավել տոնական էին դարձրել ցուցահանդեսը։
Կոտայքի մարզը ներկայացնող տաղավարում ծանոթացա Բյուրեղավան համայնքի տիկնիկագործ Ժենյա Սարգսյանի աշխատանքներին։ Պարային կատարումներով հանդես եկավ նաեւ նույն համայնքի մշակույթի տան «Ծիլք» ազգագրական երգ ու պարի համույթը։ Մշակույթի տան տնօրեն Միքայել Խաչատրյանը տեղեկացրեց՝ համույթը 2 տարվա պատմություն ունի, կազմավորվել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո եւ անվանումն ստացել է Արեւմտյան Հայաստանի Խարբերդի Վիլայեթի Մեծկերտի գավառի Մնձուր եւ Բոլոմերիկ գետերի միջեւ գտնվող Ծիլք գյուղաքաղաքի անունից։ Խմբում 60-ից ավելի սաներ կան, ովքեր մեծ սիրով են մասնակցում հանրապետական ու մարզային տարբեր միջոցառումների՝ ներկաներին հրամցնելով հայ ազգային մշակույթը։ Կոտայքի մարզի տաղավարում հանդիպեցի նախկին քաշաթաղցի Անուշ Հարությունյանին, ում ճանաչում եմ դեռ դպրոցական տարիքից։ Սովորում էր Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընտրեց պատմաբանի մասնագիտությունը։ Ամուսնացավ եւ բնակվում էր Միրիկ գյուղում, դասավանդում պատմական այդ գյուղի դպրոցում։ Ամուսինը նույն դպրոցի զինղեկն էր, մասնակցեց 2016 թ. ապրիլյան եւ 2020 թ. 44-օրյա պատերազմներին։ Վերջին պատերազմը եղավ կործանարար, թշնամուն մնաց նաեւ Քաշաթաղի շրջանը, որի Միրիկ գյուղում 2017 թ. հնագետների հետ հայտնաբերեցինք Աղահեճք-Քաշաթաղ գավառի ամենահզոր ամրոցը, որը գոյություն է ունեցել Ք. ա 1-ին հազարամյակից։ Ըստ հնագետ Գագիկ Սարգսյանի` այս ամրոցը, հնարավոր է, եղել է Աղահեճք գավառի վարչական կենտրոն-ամրոցը։ Հնավայրի պեղումների ժամանակ Անուշն իր սաների հետ ծանոթանում էր պեղումների աշխատանքին։ Սակայն շատ ծրագրեր մնացին անկատար։ Անուշենց ընտանիքը տեղափոխվեց Աբովյան քաղաք։ Եղբայրը՝ Մնացական Մարտինի Հարությունյանը, հերոսաբար նահատակվեց 44-օրյա պատերազմում։ Քաշաթաղյան կարոտով Անուշ Հարությունյանը 2023 թ. մարտին հիմնել է «Անուշ թրավել» զբոսաշրջային ընկերությունը։ Կազմակերպում է մշակութային տուրեր դպրոցական մեծաքանակ խմբերի եւ անհատների համար, ինչպես նաեւ՝ արշավներ, էքստրեմալ տուրիզմ եւ այլն։ Նպատակն է՝ հիմնած կառույցից օգտվող տեղացի, թե օտար զբոսաշրջիկները լավ ճանաչեն ու բացահայտեն Հայաստանի յուրաքանչյուր անկյունը։ Կարեւորում է, որ հայոց երկրի պատմությունը լավ իմանան, ճանաչեն հատկապես պատմական հուշարձանները, գեղատեսիլ բնությունը։ Շիրակի մարզի տաղավարում ծանոթացա հիմականում Գյումրիում գործող թանգարանների ծառայություններին, գործունեությանը։
Մհեր Մկրտչյանի թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը տեղեկացրեց, որ իրենց նպատակն է հյուրերին լավ ծանոթացնել Շիրակի մարզի պատմությանը, հուշարձաններին, մշակույթին, խոհանոցին, ավանդույթներին, այն ամենին, ինչը կհետաքրքրի զբոսաշրջիկին։ Կարեւորեց այն, որ Գյումրին կրկին աշխուժանում է՝ դառնալով զբոսաշրջային կենտրոն, եւ պետք է անել առավելը, որ առհասարակ Շիրակի մարզը, հատկապես Գյումրին, դառնա համահայկական ու օտարերկրյա զբոսաշրջիկների համար ցանկալի վայր։ Շիրակի մարզի տաղավարում ներկայացված էին բուկլետներ, այլ տեղեկատվական նյութեր, որոնք պատմում են մարզի պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։ Տաղավարի ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ Գյումրու Պատմության թանգարանի աշխատանքներին, գործունեությանը։ Մեր երկրի երկրորդ քաղաքում են գործում նաեւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանը, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը, որոնք մեծ կարեւորություն ունեն Գյումրու եւ առհասարակ մեր երկրի մշակութային կյանքում։ Սյունիքի մարզի տաղավարում զրուցեցի Շահանե Խաչատրյանի հետ, ով ծնվել է Մեղրիում, Երեւանում ստացել դասական վոկալիստի կրթություն, վերադարձել է ծննդավայր, 1820 թ. կառուցված պապական տունը դարձրել հյուրատուն` այն անվանելով «Խաչաց տուն»։ Ասաց՝ ներկայացնում են մեր երկրի հարավային մարզը՝ զբոսաշրջային ուղղությունները, մշակույթը, բրենդները։ Կարեւորեց հատկապես Մեղրու տարածքում պահպանված դարավոր հուշարձանները՝ 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ որմնանկարներով, Մեծ թաղի 17-րդ դարի գմբեթավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ամրոցային աշտարակները, քաղաքի հին թաղամասը, այլ հուշարձաններ, որոնց պետք է ճանաչի մեր ժողովուրդը, օտարները՝ նույնպես։ Ներկայացված էին նաեւ Մեղրու նռան ու խաղողի գինիներ, չրեր, պահածոյի գործարանի արտադրանքը՝ մուրաբաներ, տարբեր պահածոներ։ Այն հարցին՝ ինչ վիճակում է զբոսաշրջությունը Մեղրիում, Շ. Խաչատրյանն ասաց. «Մեղրի այցելություններն աստիճանաբար ավելանում են, Մեղրին ունի այն մեծ պոտենցիալը, որ տուրիստական առումով լինելու է խոսուն քաղաքներից մեկը եւ, կարծում եմ, մի քանի տարի հետո արագ տեմպով կծաղկի»։
Արարատի մարզի տաղավարի ներկայացուցիչ, Վեդի համայնքի զարգացման բաժնի աշխատակից Ռուզաննա Գաբրիելյանը նշեց՝ Արարատի մարզը, որպես զբոսաշրջային տարածք, հատկապես հայտնի է Խոր Վիրապ վանքով։ Սակայն մարզում կան այլ պատմամշակութային արժեք ունեցող վայրեր, ինչպիսին են Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրը, Տափի ամրոցը, Ազատի ջրամբարը, Հրեշտակների ձորը եւ այլն։ Տաղավարում ներկայացված էին նաեւ մարզի բերք ու բարիքը՝ «Վեդի Ալկո»-ի արտադրած խմիչքներ, Գոռավանի կաթի գործարանի պանիր՝ տարբեր տեսակի, գաթաներ, չրեր եւ այլն։ Ներկայացված էր նաեւ գինու հնձանի մանրակերտ։ Վայոց ձորի մարզը ներկայացրել էր գինիներ՝ հատկապես Արենիից, այծի պանիր, որը հայտնի է տարածաշրջանում, այլ բարիքներ։ Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Արամ Կոստանյանը նշեց՝ մարզը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնք 1450-ից ավելի են։ Անդրադարձավ Արենիի՝ Արփա գետի ձախակողմյան ափամերձ քարանձավ-համալիրի պատմությանը, որը հայտնի է նաեւ «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ. այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը, որը 5500 տարվա պատմություն ունի։ 2011 թ. հունվարին այստեղ հայտնաբերվեց նաեւ աշխարհի առաջին գինեգործարանը, որը մոտ 6000 տարեկան է, ինչպես նաեւ Ք. ա. 3900 թ. վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, այլ հնագիտական կարեւոր նյութեր։ Հավելեց՝ Վայոց ձորով հետաքրքրվողները շատ են, որն ուրախալի է։ Ինչ վերաբերում է կազմակերպված ցուցահանդեսին, այն իր նպատակներին ծառայում է։
Երեւանում գործող «Սկայբոլ»-ի ներկայացուցիչ Անին տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը կազմակերպում է օդապարիկներով թռիչքներ, որոնք ունեն հիշվող ու աննկարագրելի էմոցիաներ։ Թռիչքներին կարող են մասնակցել նաեւ երեխաները մեծահասակների հետ։ «HIKEArmenia» Հայաստանում էկոտուրիզմի զարգացման եւ աջակցության հիմնադրամը գործում է 2017-ից։ Ներկայացուցիչ Թամարա Վարդանյանն ասաց՝ իրենք աջակցում են էկոտուրիզմի զարգացմանը, այս առումով առաջնահերթ է՝ Հայաստանի ողջ տարածքում զբոսաշրջային արահետների կառուցում, վերանորոգում, նշաններ են տեղադրում։ Նաեւ տեղեկություններ են տրամադրում նրանց, ովքեր ուզում են արշավ կազմակերպել Հայաստանում։ Ժամանակին գործել են նաեւ Արցախում, եւ հավատում է՝ շարունակելու են։ «Armenian Speleo Club: Black Bat»-ի ղեկավար Արտավազդ Ջանոյանը տեղեկացրեց՝ ներկայացնում են Հայաստանում քարանձավների մասին։ Անդրադարձավ հատկապես Վայոց ձորի քարանձավներին, որոնք շատ են։ Այստեղ է նաեւ Մագիլի քարանձավը, որը հայտնաբերվել է որսորդ Մագելան Առաքելյանի կողմից 1980 թ։ Գտնվում է Նորավանք տանող ճանապարհի 2-րդ կիլոմետրին։ Այն Հայաստանում առաջին քարանձավն է, որ վերջերս բացվեց էքսկուրսիաների համար եւ ամեն օր ընդունում է զբոսաշրջիկների։ Ըստ կազմակերպիչների՝ այդ 2 օրերում ցուցահանդեսին մասնակցել են 150 ներկայացուցիչ՝ տարբեր մարզերից, ներկայացրել 500 մարզային արտադրանք, եղել է 10000-ից ավելի այցելու։