«Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար: Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում»: Հակոբոս 1:19-20
Դուք երբեւէ ձեզ զգացե՞լ եք այնքան անօգնական, որ կորցնեք ինքնատիրապետումը եւ չկարողանաք պայքարել բարկության եւ դյուրագրգռության դեմ:
Աստվածաշունչն ասում է, որ զայրույթը չի կարող հանգեցնել արդար կյանքի: Դրա փոխարեն այն հաճախ բերում է հիասթափություն եւ ցավ:
Դուք երբեւէ ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին զայրույթի պահին ասե՞լ եք վիրավորական խոսքեր, որոնց համար հետո, երբ զայրույթը հանդարտվելէ, զղջացել եք: Աստվածաշնչում կա մի պատմություն Դավիթի եւ նրա եղբոր մասին, ով զայրույթի պահին հանդիմանել էր նրան. «Եւ նորա մեծ եղբայր Եղիաբը, երբոր լսեց նորա խօսելն այն մարդկանց հետ, Դաւիթի վերայ Եղիաբի բարկութիւնը բորբոքուեց եւ ասեց. Դու ինչո՞ւ իջար այստեղ, եւ այն մի քանի ոչխարները անապատում որի՞ յանձնեցիր. ես քո հպարտութիւնը եւ քո սրտի չարութիւնը գիտեմ. անտարակոյս դու իջել ես պատերազմը տեսնելու»: Ա Թագավորաց 17:28
Զայրույթի եւ դյուրագրգռության ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ եթե չկարողանանք դրանք սաստել մեր ներսում, ապա լուրջ խնդիրներ կունենանք մեր շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում: Եղիաբը շատ կոշտ բառեր ասաց զայրույթի պահին: Իսկ դուք ինչպե՞ս եք վարվում նման իրավիճակում: Ինչպե՞ս եք ներազդում շրջապատի վրա:
Սուրբ գիրքն ուսուցանում է, որ զայրույթը երբեք թույլ չի տալիս ունենալու այն կյանքը, որը հաճո է Աստծուն, եւ մտերմության՝ մարդկային հարաբերություններում, ինչը ցանկալի է մեզ համար: Փաստորեն, զայրույթը մեզ հեռացնում է այս նպատակներից:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ