Այսօր հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն հայրենիքի խաղաղության և ապահովության համար, նաև տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից եկեղեցականների պարգևաբաշխություն։
Մայր Աթոռի տեղեկավտվական համակարգից հայտնում են, որ սրբազան արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության սպասավորները, թեմերից ժամանած քահանա հայրեր, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ փոխնախարար Արման Սարգսյանի:
Ողջույնի խոսք է ասել Մայր Աթոռի լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Հանրապետական մաղթանքից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից խորան են բարձրացվել Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնցից Պարգև արքեպիսկոպոսի պարգևատրման կոնդակն ընթերցեց Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից «Ս. Ղևոնդ Երեց» նորահաստատ շքանշանով պարգևատրվել են Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Ռումինիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, Արցախի թեմից Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը, Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը Տ. Անդրեաս քահանա Թավադյանը և Տ. Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, Ս․ Գեղարդավանքից Տ. Արիս աբեղա Տոնոյանը, գնդերեցներ Հրաչյա սարկավագ Ղազարյանը, Գոռ սարկավագ Գյուրջյանը, Հովհաննես սարկավագ Անդրյանը, Արտաշես սարկավագ Ներսիսյանը, Մանավազդ սարկավագ Մկրտչյանը, Վահե սարկավագ Մկրտչյանը, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը, Կարո սարկավագ Ղարիբյանը և Հրայր սարկավագ Լալայանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական բարձր տնօրինությամբ վերջերս հաստատված «Ս. Ղևոնդ Երեց» շքանշանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններից է, որը հայրապետական սրբատառ կոնդակով շնորհվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում դրսևորած նվիրյալ ծառայության և գովարժան վաստակի:
Այս առիթով Հայրապետական օրհնության գրեր շնորհվեցին նաև Մայր Աթոռում, թեմերում և ՀՀ ՊՆ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում սպասավորող 38 եկեղեցականների:
Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության խոսքն է ուղղել ներկաներին։
«Սիրելիներ, համախմբվել ենք Սուրբ Գայանե նվիրական վանքում՝ գնահատանքի և պարգևի արժանացնելու արցախյան 44-օրյա պատերազմում մեր զինվորներին աղոթքով զորացրած, արիագործության քաջալերած և Աստծո խոսքով մխիթարած հոգևորականներին։
Ցավով ենք վերհիշում Ադրբեջանի կողմից սանձազերծված աղետալի պատերազմի արհավիրքները։ Թշնամու գերակշիռ ուժերի դեմ անձնուրաց պայքար մղեցին մեր հայրենյաց պաշտպանները։ Քաջարի մեր զավակներից շատեր իրենց կյանքն ընծայեցին ազգին ու հայրենիքին՝ անմահանալով հերոսական սխրանքներով։
Այսօր էլ մեր սրտերում և հոգիներում մշտահունչ աղոթք է մեր զոհվածների անմար հիշատակի, անհայտ կորածների ու գերիների վերադարձի և վիրավորների ապաքինման համար։ Մեր Սուրբ Եկեղեցին ևս ահավոր այդ պատերազմում ունեցավ և՛ զոհված, և՛ անհայտ կորած, և՛ վիրավոր եկեղեցականներ։
Սիրելի հոգևոր սպասավորներ, հայոց բանակի արիասիրտ գնդերեցներ, դուք, որ անմիջական մասնակցություն եք ունեցել պատերազմում, զինվորներին քաջալերանքի ձեր խոսքն ուղղելով, նրանց մարտական ոգին ամուր պահելով, հայրենյայց պաշտպանության պայքարում սատար կանգնելով, ջուր ու հաց հասցնելով, ռազմի դաշտում շատերին մկրտելով ու Սուրբ Հաղորդություն տալով, այսօր ներկա եք այստեղ՝ արժանանալու բարձր գնահատանքի ձեր գովելի ծառայության համար։ Գիտենք՝ պատերազմի ողբերգական տեսարանները տակավին ուղեկից են ձեզ, և ձեր սրտերում են նահատակ մեր երիտասարդ զինվորների կորստի ցավն ու կսկիծը։
Ձեր հավատքի ու հույսի մեջ, գոհություն Աստծո, դուք զորություն եք գտել վերապրելու դժվարին այդ օրերը և ներկայիս շարունակում եք ձեր սպասավորությունը՝ հավատարմությամբ Տիրոջն ու մեր ժողովրդին։ Ձեր հոգուց բխող այդ հույսն ու հավատը, սիրելիներ, տարածյալ պահեք մեր ժողովրդի մեջ, որպեսզի պատերազմի ծանր կորուստներից հետո ազգովի ուժ գտնենք նորից ոտքի կանգնելու, հայրենական կյանքը նորոգելու և շենացնելու, Հայաստան և Արցախ մեր երկիրը վեր հանելու և ծաղկեցնելու, մեր պետականությունն ամուր ու անվտանգ պահպանելու։
Հայրական սիրով վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով ձեզ՝ հորդորում ենք, որ նույն խրոխտ ոգով արդյունավորեք ձեր ծառայությունը Զինված ուժերում՝ հայրենյաց պաշտպաններին հոգևոր սնունդ մատուցելու, քաջալերելու և մարտական ոգին միշտ բարձր պահելու առաքելության մեջ։ Դուք պիտի հարատևորեն լինեք ոգին ու ներշնչանքը մեր ժողովրդի, հայոց բանակի, մեր հաղթանակների, մեր երկրի խաղաղության ու անվտանգության պաշտպանության։