«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը: Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով, Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ»: Եփեսացիս 6:1-3
Աստվածաշնչում շատ է խոսվում տարեց ծնողների եւ այլ հարազատների նկատմամբ հոգածության ու հոգատարության մասին, հատկապես նրանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն եւ ի վիճակի չեն դա անելու ինքնուրույն:
Վաղ քրիստոնեական եկեղեցին հանդես էր գալիս որպես սոցիալական ծառայություն այլ քրիստոնյաների համար: Նրանք խնամում էին աղքատներին, հիվանդներին, այրիներին ու որբերին, ովքեր ուրիշ որեւէ մեկը չունեին, որ խնամեր իրենց:
Քրիստոնյաները, ում ընտանիքի անդամները նման խնամքի կարիք ունեին, պետք է ապահովվեին անհրաժեշտ պարագաներով: Ցավոք, տարեց ծնողների խնամքն այլեւս պարտականություն ու պարտավորվածություն չէ, ինչը մեզնից յուրաքանչյուրը պարտավոր վերցնել իր վրա:
Տարեցներին շատերը դիտարկում են որպես ծանր բեռ, ոչ թե օրհնության աղբյուր: Շատ հաճախ, երբ մեր ծնողներն ունենում են խնամքի կարիք, մոռանում ենք այն զոհողությունները, որոնց նրանք գնացել են հանուն մեզ: Փոխանակ նրանց վերցնենք մեզ մոտ, տանենք մեր տուն՝ խնամելու, ուղարկում ենք ծերանոց, հաճախ՝ նրանց կամքին հակառակ: Մենք կարող ենք չգնահատել նրանց իմաստնությունը, որ ձեռք են բերել իրենց կյանքի երկար տարիների ընթացքում եւ չլսել նրանց խորհուրդները՝ համարելով դրանք հնացած:
Երբ մենք պատվում եւ հոգում ենք մեր ծնողների մասին, դրանով իսկ ծառայում ենք Աստծուն: «Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են: Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի»: Ա Տիմոթեոս 5:3-4
Ոչ բոլոր տարեց մարդիկ ունեն զավակների տանը բնակվելու կարիք. նրանք կարող են գերադասել իրենց տարեկիցների միջավայրը կամ գլուխ հանել ինքնուրույն: Ինչ էլ որ լինի, մենք պարտականություններ ունենք մեր ծնողների առաջ:
Եթե նրանք ունեն ֆինանսական աջակցության կարիք, ապա պետք է օգնենք նրանց, եթե ունեն առողջական խնդիրներ, ապա պարտավոր ենք ապահովել բուժօգնություն, եթե ունեն բնակության խնդիր, ապա պետք է նրանց տրամադրենք մեր տունը: Եթե նրանք ունեն իրենց տան խնամքի կարիք, ապա պետք է ձեռք մեկնենք, եւ եթե նույնիսկ նրանք բնակվում են ծերանոցում, ապա պետք է վստահանանք, որ նրանց համար ստեղծված են խնամքի բոլոր բավարար պայմանները: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ աշխարհի հոգսերը մթագնեն այն ամենը, ինչ կապված է Աստծուն ծառայելու հետ. մասնավորապես՝ մարդկանց ծառայելու միջոցով, հատկապես՝ ձեր ընտանիքի անդամներին:
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ